Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանը մաքուր ջուր կունենա

Ապրիլ 13,2010 00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումն ու կոյուղու համակարգի վերանորոգումը: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Ասկերանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանը այս առթիվ նկատել է, որ այսօր Ասկերանում խմելու ջուրը բնակչին հասնում է հին ու ժանգոտ խողովակներով եւ մեծ կորուստներով: Դրան գումարվում է կոյուղու վատթար վիճակը: Այս պայմաններում վարակիչ հիվանդություններն անխուսափելի են: Ասկերանում ամուսնություններ շատ քիչ են լինում, ինչը, ըստ պաշտոնյայի, բնակարանային սուղ պայմանների հետեւանք է:
Ըստ նոր սկսվող ծրագրի, Բադարա գետի երկայնքով կկառուցվի 50 մ երկարությամբ պատնեշ՝ ափի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով եւ ջրի մաքրման համար նախատեսված պարզարան: Կնորոգվեն 2 ջրամբարները (ընդհանուր 1000 խմ տարողությամբ) եւ 1305 մետր կոյուղագիծը: Ասկերանի շրջանում բնակվում է  շուրջ 17 600 մարդ, 2100-ը՝ Ասկերան քաղաքում:
Բացի սրանից, ավարտին են մոտենում Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվող Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի, Ճարտարի դպրոցի ու Գորիսի սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Առաջիկա ամիսներին կմեկնարկեն Շուշիի Մուրացանի անվան դպրոցի հիմնանորոգման, Տավուշի մարզի Այգեհովիտ եւ Վազաշեն գյուղերի ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել