Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաեւ Սյունիքում

Ապրիլ 13,2010 00:00

Ինչպես հայտնի է, ապրիլի 12-19-ը «Հայաստանի գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ողջ Հայաստանում եւ Արցախում անցկացնում է գրադարանային շաբաթ՝ «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսով: Երեկ ազգային գրադարանային շաբաթի մեկնարկը տրվեց նաեւ Սյունիքի մարզում: «Հայացք գյուղի գրադարանին» խորագրով ակցիայի նպատակը՝ ուշադրություն դարձնել եւ հնարավորինս աջակցել գյուղերի գրադարաններին: Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանը նշում է, որ այսօր գյուղական գրադարանները գտնվում են շատ անմխիթար վիճակում, բացի այդ, շատ համայնքապետեր քամուն են տալիս եղած եւ մինչ օրս պահպանված  գրքային ֆոնդը, ինչը մտահոգության մեծ տեղիք է տալիս:
Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանն էլ ասաց, որ համայնքների ղեկավարներին անպայման կհորդորեն ուշադրության կենտրոնում պահել եւ հետամուտ լինել գյուղական գրադարանների խնդիրների լուծմանը:
Ազգային գրադարանային շաբաթի մեկնարկի մասնակիցները հիշեցին, որ ժամանակին կային գրադարանավարներ, ովքեր գրքերը պարկերի մեջ հավաքած՝ շրջում էին քաղաքով եւ առաջարկում բնակիչներին ընթերցել: Այսօր նման պատկերի հաստատ ականատես չես լինի: Լեռնաձոր գյուղի դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը այնքան էլ համաձայն չէ այն կարծրացած տեսակետին, որ ընթերցանությունը նվազել է, ամեն տեղ գրքի անհրաժեշտությունը կա: Ըստ նրա, գիրք ընթերցողներ միշտ էլ եղել են ու կլինեն, ուղղակի գրադարանավարները պետք է ավելի շատ խթանեն, իրենց աշխատանքով նպաստեն ընթերցանության մեծացմանը՝ համագործակցելով դպրոցների եւ այլ ուսումնական հաստատությունների հետ:
Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում կանցկացվի «Մայրենի լեզվի օր» եւ կհայտարարվի դպրոցականների ստեղծագործական շարադրությունների մրցույթ՝ «Հայրենիքը լեզուն է, նա է միացնում անցյալը, ներկան եւ ապագան» թեմայով: Շաբաթվա մեկ օրը կնվիրվի տեսական-գործնական խորհրդատվությունների կազմակերպմանը՝ գյուղական գրադարանների գրադարանավարների համար: Կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ Հայրենական պատերազմի վետերանների հետ: Կանցկացվի «կլոր սեղան»՝ «Գյուղական գրադարանների հիմնախնդիրները» թեմայով: Կկազմակերպվեն շրջայցեր գյուղական գրադարաններ: Ակցիայի շրջանակներում ապրիլի 18-ը հայտարարված է մեկմեկու գիրք նվիրելու օր: Նախատեսվում են նաեւ այլ միջոցառումներ: Գրադարանային շաբաթին հաջորդելու է մանկապատանեկան գրքի շաբաթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել