Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՆՏԱՌԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Ապրիլ 13,2010 00:00

Խրախճանքները, սակայն, կշարունակվեն

\"\"\"\"
\"\"

Ավելի քան մեկ տարի առաջ՝ 2009թ. հունվարի 11-ին «Խրախճանք ժանտախտի պահին» հրապարակմամբ տեղեկացրինք, որ Էջմիածնի հարավ-արեւմտյան մասում տարածված Ներսիսյան անտառի տակ գերեզմանոց կա: Այստեղ են թաղված 1915 թվականի Եղեռնից մազապուրծ եւ Էջմիածնում տիֆից ու խոլերայից մահացած գաղթականները: Ահազանգել էինք, որ այսօր անտառը զբաղեցնում է ընդամենը 8,5 հա տարածք, որի մի մասն էլ վերածվել է զվարճանքի եւ հանգստի գոտու, ծառեր են հատվում ու խոլերայի տարածման վտանգ կա: 2009թ. ապրիլի 17-ին հրապարակեցինք Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը: Եկեղեցին բան չէր ասում գերեզմանների վրա ժամանցի գոտի կառուցելու մասին, բայց նկատում էր, որ մասնագիտական ուսումնասիրությունները պարզել են. «1915 թվականին խոլերայից եւ տիֆից մահացած ու Ներսիսյան անտառում թաղված անձանց դիակների մնացորդները եւ ենթադրյալ գերեզմանատեղերը չեն կարող վտանգ ներկայացնել Էջմիածին քաղաքի բնակչության մեջ խոլերա, տիֆ եւ այլ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման տեսակետից»:
Այս հրապարակումներից մեկ տարի անց՝ 2010թ. ապրիլի 11-ին Ներսիսյան անտառում ծառատունկ էր կազմակերպվել: Երկիր մոլորակի միջազգային օրվա կապակցությամբ այստեղ 50 ծառ տնկվեց: Մայր աթոռի հովանու ներքո ծրագիրն իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «կլոր սեղանը» եւ «Հայաստան Ծառատունկ» բարեգործական հիմնադրամները:
Ներսիսյան անտառը Էջմիածնի միակ սաղարթախիտ վայրն է: Երբեմնի 100 հեկտար անտառից այսօր 8,5 հեկտարն է ըստ նշանակության ծառայում: Անտառը հիմնել է Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը եւ, հենց սկզբից այնտեղ 30 000 ծառ տնկել: Տարբեր ժամանակաշրջաններում, սակայն, անտառը տարբեր փորձությունների է ենթարկվել եւ մասամբ, երբեմն էլ ամբողջությամբ ոչնչացվել:
Առաջին մասսայական ծառահատումը տեղի է ունեցել 1915-16 թվականներին, երբ Եղեռնից փրկված՝ Էջմիածնում հանգրվանել էին Վանից ու Ալաշկերտից գաղթածները: Ներսիսյան անտառում, վրանների տակ ապրելով, հենց հայրենազրկված հայերն էլ կտրում էին ծառերը՝ տաքանալու եւ կերակուր պատրաստելու համար: Այդ տարիներին Հայոց կաթողիկոս էր Գեւորգ Տփղիսեցին: Տեսնելով մասսայական ծառահատումները՝ վանականները խնդրում են կաթողիկոսին՝ կանխելու գաղթականների «կազմակերպած» ծառերի սպանդը: Հայոց հայրապետը մերժում է վանականներին, ասելով՝ ես օրհնում եմ ներսեսափայլ խարույկները, որոնք ջերմացնում են բնահան եղած մեր հայրենակիցների մարմինները, պետք չէ խնայել այն անտառը, որը ժողովուրդ է փրկում:
Հենց այդ տարիներին էլ Ներսիսյան անտառը ոչ պաշտոնապես գերեզմանոց է դառնում գաղթականների համար: Տիֆից, խոլերայից ու ժանտախտից մահացածներն առանց դագաղների թաղվում են անտառի՝ արդեն ծառազուրկ հատվածներում:
Իսկ ավելի ուշ, խորհրդային իշխանությունները նույն այդ վայրում թթենիներ են տնկում՝ շերամագործությունը Հայաստանում զարգացնելու նպատակով: Թթի ծառերն էլ կացնի զոհ են դառնում 90-ականներին՝ այս անգամ ցրտից փրկելով Էջմիածնի բնակչության մի մասին:
Ճիշտ այդ տարիներին էր, որ անտառի ամայացած տարածքները մաս-մաս վաճառվեցին անհատներին: Իսկ վերջինները, առանց խորամուխ լինելու անտառի տխուր պատմության եւ կենսագրության մեջ, ոչ մի տեղ չգրանցված գերեզմանոցը վերածեցին հանգստի եւ զվարճանքի գոտու:
Հետագայում, երբ եկեղեցին վերականգնեց իր իրավունքներն այդ տարածքների նկատմամբ, սեփականատերերից ետ գնեց վանքապատկան հողերը: Անտառի 100 հեկտարից, սակայն, եկեղեցուն վերադարձվեց 8,5 հեկտարը: Տնկվեցին նոր ծառեր, անտառը մասամբ վերականգնվեց: Իսկ մի փոքրիկ հատվածում Մայր աթոռը մանկական խաղահրապարակ կառուցեց:
Սակավածառ Էջմիածնում ինչո՞ւ ծառատունկի վայր ընտրվեց հենց Ներսիսյան անտառը, որտեղ քիչ թե շատ զով ու կանաչապատ է: Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի պարզաբանմամբ՝ Ներսիսյան անտառը իրենց համար նվիրական տարածք է, որովհետեւ հիմնել է Ներսես Աշտարակեցին. «90-ականներին այն ամբողջովին ոչնչացվեց, բայց, փառք Աստծո՝ վերստին վերակենդանություն է ստացել: Եվ քանի որ դեռ կան ազատ տարածքներ, պետք է համալրվեն ծառերով: Անտառը պետք է լիարժեք լինի»:
Վեհափառ հայրապետը ծառատունկի վայրի ընտրության երկրորդ պատճառ էլ նշեց: Ասաց՝ այստեղ մանկական խաղահրապարակ են կառուցել, եւ կարեւոր է, որ երեխաներն իրենց հանգիստն անցկացնեն թթվածնառատ միջավայրում. «Դա նրանց մեջ կհզորացնի սերը դեպի բնությունը: Վստահ եմ՝ նրանք էլ կզինվեն հայրենի երկիրն իր բնությամբ պահել-պահպանելու նախանձախնդրությամբ»:
Զգուշորեն շրջանցելով անտառի տարածքում թաղվածների թեման, վեհափառը, այնուամենայնիվ, փարատեց «Առավոտի» այդ հետաքրքրությունը: Հարցին, թե՝ մեղք չէ՞ դիակների վրա խրախճանք կազմակերպելը, Նորին սրբությունն ասաց. «Այստեղ դիակներ չկան: Դիակները անտառի ետնամասում են: Դրանում համոզվել ենք, երբ «Առավոտի» հրապարակումներից մեկով հետաքրքրված՝ դատախազությունն ու այլ մասնագետներ ուսումնասիրել են տարածքը: Մեկ տասնյակից ավելի 1,5-2 մետր խորությամբ հորեր են փորել եւ որեւէ գերեզման չեն հայտնաբերել: Այդ մասին տեղեկացրել են գրավոր եզրակացությամբ»: Վեհափառն ասաց նաեւ, որ գաղթականներին, ըստ ամենայնի՝ հուղարկավորել են ոչ թե անհատապես, այլ՝ հավաքական գերեզմանոցում:
Որ դիակները անտառի տարածքում են թաղված՝ եկեղեցին չի հերքում: Միայն պնդում է, որ դրանք այն հատվածում չեն, որտեղ իրենք խաղահրապարակ են կառուցել եւ դեռ շարունակելու են նոր ատրակցիոններով համալրել:
Ներսիսյան անտառում անդագաղ թաղված գաղթականների թեման այնքան է հետաքրքրել Մուշեղ աբեղա Բաբայանին, որ երիտասարդ հոգեւորականը նույնիսկ հանգամանորեն ուսումնասիրել եւ դիպլոմային աշխատանք է գրել: Աբեղան բացահայտել է, որ գաղթականները թաղված են Ներսիսյան անտառի հարավ-արեւմտյան հատվածում, որտեղ հիմա գիտական կենտրոններից մեկի փորձարարական հողատարածքներն են: Իսկ «Առավոտի» աղբյուրը տեղեկացնում է, որ ներկայում այդ տարածքում ցորենի փորձարարական արտեր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել