ՆԱՄԱԿ ՎՐԱՑ «ԹԱԳԱՎՈՐԻՆ»
Վրաստանի հայ համայնքը դիմել է երկրի նախագահին եւ խորհրդարանին՝ կոչ անելով քննարկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նամակներ են ուղարկվել երկրի ղեկավարին, խորհրդարանի նախագահին եւ խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաեւ օրենսդիր մարմնի հայազգի պատգամավորներին: Վերջիններին հայկական կազմակերպությունները կոչ են անում մինչեւ ապրիլի 24-ը խորհրդարանական նիստում հանդես գալ հայտարարությամբ եւ Վրաստանի խորհրդարանին կոչ անել հարգել 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔ ՈՒ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիսի Նոր Վանքի տափ թաղամասի 15-րդ շենքի թիվ 4 բնակարանում: Տեղի էր ունեցել գազի արտահոսք, ինչի հետեւանքով Ֆրիդա Մինասյանին պատկանող բնակարանում վարձով բնակվող 25-ամյա Ս. Բաղդասարյանը եւ Շ. Սարգսյանը գազից թունավորումով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:
ՎԱՐՈՐԴԸ՝ ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ
ԱԻՆ փրկարար ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցում՝ Կարմիր կամրջին հարակից տարածքում կայանած ավտոմեքենայում: Այրվել են Ռուբիկ Աբրահամյանին պատկանող «Զիլ-130» մակնիշի 02 ՏՕ 966 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի խցիկը, շարժիչի հատվածը եւ երկու անվադող:
Հրդեհի հետեւանքով Ռ. Աբրահամյանը դեմքի եւ ձեռքի այրվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ
ՀՀ ոստիկանության փոխանցմամբ, Գրիբոյեդովի փողոցում գտնվող «Տիգրան Մեծ» ՍՊԸ-ում բռնվել է Ֆրանսիայի քաղաքացի Կոիտա Ի.-ն: Նա Հայաստան էր եկել ապրիլի 7-ին, իր հետ բերելով ԱՄՆ դոլարի չափով կտրված մեծաքանակ թղթեր, նաեւ՝ քիմիական փոշի եւ հեղուկ նյութ: Նպատակը եղել է այն, որ թղթերը քիմիական մշակման ենթարկելուց հետո նա պետք է «ստանար» դոլար եւ հեռանար ՀՀ-ից: Գործի վարույթը գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:
ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ
ՉՀԱՍՑՐԻՆ ՓԱԽՉԵԼ
Ապրիլի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ԱՆ Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի կալանավորները՝ Անդրանիկ Մովսիսյանը, Կարեն Մանուկյանը եւ Կառլեն Հայրապետյանը քանդել են ջեռուցման մարտկոցի ետնամասում գտնվող բետոնե պատը՝ փորձելով դիմել փախուստի: Նրանք գտնվում էին 2-րդ հարկի 2-րդ հիվանդախցում: