Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՐԴԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԵՎ ՏԱՐՎԵԼ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ

Ապրիլ 13,2010 00:00

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ կալանավորվել է Վահան Եղիազարյանը:
Նա ապրիլի 5-ին, ժ. 21.00-ի սահմաններում, Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «Հրապարակ» թերթի լրագրող Գայանե Բաբայանին, որը մահացել է: Փաստի առթիվ հաջորդ օրը ոստիկանության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Ապրիլի 9-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով հիմնավորվել է ավտովարորդ Վահան Եղիազարյանի կողմից «Ճանապարհային երթեւեկության կանոնների» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերի խախտման հետեւանքով վրաերթ կատարելու հանգամանքը: Նույն օրը Վահան Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասով: Վահան Եղիազարյանը, ըստ ՀՀ ոստիկանության, իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել ինքնախոստովանական ցուցմունքներ: Միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Վահան Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու մասին եւ նույն օրը դատարանը բավարարել է միջնորդությունն ու Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վ. Եղիազարյանը տեղափոխվել է եւ ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել