2006թ. սեպտեմբերի 6-ին, ժ.09.15-ի սահմաններում, Երեւանի Բայրոնի փողոցում հեռակառավարման սարքի միջոցով պայթեցվեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի ավտոմեքենան, ինչի հետեւանքով նա տեղում մահացավ, իսկ վարորդը՝ Անդրանիկ Չարչյանն ու Հովասափյանի որդին՝ Գրիգորը ստացան մարմնական վնասվածքներ:
ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Այն գտնվում էր ՀԿԳ քննիչ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հեկտոր Սարդարյանի վարույթում, նրա հսկողության տակ:
Հովասափյանի սպանությունից 7 օր հետո ձերբակալվեցին հարկայինի օպերատիվ-հետախուզական վարչության բաժնի պետ Արմեն Վիրաբյանն ու նրա եղբայրը՝ «Սեմուր Ընդ Կո» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Վիրաբյանը:
Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը:
Սակայն նախաքննության ընթացքում Վիրաբյանների նկատմամբ Հովասափյանի սպանության մասնակցության մասով ապացույցներ ձեռք չբերվեցին, ուստի 2006թ. դեկտեմբերի 5-ին Գուրգեն Վիրաբյանի նկատմամբ ընտրված կալանքը փոխվեց, 2007թ. փետրվարի 14-ի որոշմամբ էլ՝ Արմեն Վիրաբյանի կալանքը:
Հիշեցնենք, որ «Առավոտում» եւ այլ լրատվամիջոցներում տեղեկացվեց, որ այս գործով ձերբակալվել է մարզիկ Հայկ Իսրայելյանը: Վերջինիս մեղադրանք առաջադրվեց, որ նա է Հովասափյանի մեքենայի տակ տեղադրել հեռակառավարման սարքը: Նախաքննական մարմինը, որը Վիրաբյաններից վերցրել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, չկարողացավ ձեռք բերել գեթ մի ապացույց, որով հիմա էլ կհիմնավորվեր Հայկի եւ Վիրաբյանների կապը:
Սակայն լրատվամիջոցները հետագայում չտեղեկացվեցին այն մասին, որ քրեական գործի մասը ՀԿԳ քննիչ Հ. Սարդարյանն իր որոշմամբ կարճել է, հետեւաբար, դադարեցվել է Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների նկատմամբ քրեական հետապնդումը: Շրջանառվեց անգամ այն վարկածը, թե Վիրաբյաններից Գուրգենն ազատ է արձակվել առողջության հետ կապված խնդիրների պատճառով, այն դեպքում, երբ նրա նկատմամբ ոչ մի ապացույց չկար:
Սա այն դեպքում, երբ Գուրգենն անընդհատ պնդում էր, թե ինքը Հովասափյանին ծանոթ չի եղել եւ որ եղբայրն էլ եղել է Շահեն Հովասափյանի վստահելիներից մեկը: