Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցն ընդդեմ դատախազության:
Անցած տարվա օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար իրավապաշտպան կազմակերպություն էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը:
Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը: Երբ ինքը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժին՝ ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները, ստացել է հետեւյալ պատասխան-գրությունը. «Ձեր բնակարանում խուզարկություն չի կատարվել»:
Իրավապաշտպան կազմակերպությունը դիմում էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ստանալու բնակարանի խուզարկության թույլտվության դատարանի որոշման պատճենը: Պարզվել է՝ բնակարանի խուզարկության թույլտվության մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում չի կայացրել:
Քննիչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչն էլ մակագրվել է Լոռու մարզի դատախազություն: Լոռու մարզի դատախազությունն օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, սակայն, չի կայացրել եւ դրա պատճենը չի ներկայացրել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած իրավապաշտպան կազմակերպությանը:
Փոխարենը Լոռու մարզի դատախազը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի քննչական բաժնի քննիչի գործողությունների վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպության՝ դատախազություն ներկայացրած հաղորդմանը գրությամբ պատասխանել էր, որ քննիչ Վահե Դոլմազյանը վանաձորցի Շուշանիկ Սարգսյանի բնակարանի խուզարկման ժամանակ անօրինականություններ թույլ չի տվել, որ հանցակազմ քննիչի գործողություններում չկա:
Մինչեւ դատի սկսվելը, այնպես էլ դատարանում մարզի դատախազության դիրքորոշումն այն էր, որ խուզարկությունն օրինական է կատարվել: Հետեւաբար դատախազը իրավապաշտպան կազմակերպության հաղորդման վերաբերյալ որոշում չպետք է կայացներ:
Դատախազ Վահագն Ստեփանյանը բացատրեց, որ դատախազությունը չունի քննչական ապարատ, հետեւաբար իրենք իրավունք չունեն նման որոշում կայացնելու, դրա իրավունքն ունի հատուկ քննչական ծառայությունը: Մյուս կողմից՝ հաղորդումը քննարկվել է, նոր է պատասխան տրվել: Մարզի դատախազը գտել է, որ հանցագործության հատկանիշներ չկան: Եթե չկան հատկանիշներ, ապա ըստ ենթակայության ուղարկելու ոչ իմաստ կա, ոչ էլ իրավունք:
Իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը, սակայն, վկայակոչելով օրենսդրությունը, դատարանում եւս հայտարարեց, որ դատախազը բոլոր դեպքերում պարտավոր էր որոշում կայացնել:
Իրավաբանը դատախազության նման գործելակերպը որակում է որպես անգործություն:
Թեեւ դատախազությունը քննիչներ չունի, իրավապաշտպանները կարծում են, որ, համաձայն օրենսդրության, դատախազությունը, որպես վերահսկող մարմին, պետք է որոշում կայացներ՝ կամ քրեական գործ հարուցելու, կամ այն մերժելու, կամ էլ այն ըստ ենթակայության հանձնելու մասին: Դատախազը, սակայն, այս երեք տարբերակներից որեւէ մեկը չի կիրառել:
Իրավաբան Հայկուհի Հարությունյանն էլ այն կարծիքն է հայտնում, որ եթե դատախազությունն ընդուներ, որ քննիչը ապօրինաբար է խուզարկություն կատարել, ապա դա կնշանակեր, որ այդ կերպ դատախազությունն ինքն էլ ընդունում է, որ իրավապահ համակարգի աշխատողները զբաղված են մարդու իրավունքների խախտումներով:
Դատավոր Մարինե Մելքոնյանը գտավ, որ Լոռու մարզի դատախազությունը պետք է որոշում կայացնի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդման վերաբերյալ:
Լոռու մարզի դատախազը դատարանի ընդունած որոշումը կարող է բողոքարկել վերադաս դատական ատյան:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն անցած տարի իրավապահ մարմինների կողմից թույլ տված անօրինականությունների վերաբերյալ 25 բողոք է ստացել: Դատական ատյանների միջոցով դրանցից 3-ի վերաբերյալ կայացվել է որոշում հօգուտ իրավապաշտպան կազմակերպության՝ այդ կերպ արձանագրելով իրավապահ մարմինների կողմից թույլ տված սխալները: