Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները՝ գազի գնի դեմ

Ապրիլ 13,2010 00:00

Երեկ միկրոավտոբուսային որոշ երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել եւ վաղ առավոտից մինչեւ կեսօր չեն սպասարկել ուղեւորներին: Պատճառը գազի գնի թանկացումն է: Ապրիլի 1-ից գազի գինը Հայաստանում բարձրացել է՝ 1 խմ գազի դիմաց 180 դրամից դառնալով 200 դրամ: Հետեւաբար, գազալցակայանները նույնպես որոշել են թարմացնել իրենց գնացուցակները՝ 200 դրամից դարձնելով 220 դրամ, ինչն էլ հարուցել էր որոշ վարորդների դժգոհությունը: Գազալցակայաններում «Ա1+»-ին ասել են, որ գազը թանկացրել են, քանի որ «ՀայՌուսգազարդը» նույնպես այն բարձր գնով է վաճառում: Վերջին երկու օրերի ընթացքում գազի գինը թանկացել է եւս 20 դրամով:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը գործադուլի մասին տեղյակ է: Վարչության պետ Արման Միրիջանյանի պարզաբանմամբ՝ իրոք, գազի գնի հետ կապված մի քանի երթուղիներ որոշ ժամանակով կանգնել են, սակայն հետո գազալցակայանները նորից գինն իջեցրել են, եւ վարորդները նորից անցել են իրենց աշխատանքին: Ա. Միրիջանյանը բացառել է, որ գազի սակագնի թանկացման պատճառով ավելանա նաեւ երթուղային տաքսիների ուղեվարձը: Նշենք, որ եթե նույնիսկ ուղեվարձը չթանկանա, տարօրինակ է, որ երթուղայինների վարորդները, երբ իշխանության այս կամ այն որոշման, սակագների բարձրացման, տուգանքի կամ նման այլ խնդիրների դեմ որեւէ բողոք են ունենում՝ որոշում են չաշխատել ու շատ ուղեւորների փաստի առաջ կանգնեցնել: Երեկվա գործադուլի արդյունքում տուժել էին Էրեբունի եւ Նոր Նորք համայնքների ուղեւորները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել