Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը ծաղկեցնում են

Ապրիլ 13,2010 00:00

«Մայրաքաղաքի Խորենացու, Զաքյան փողոցներում, Իսակովի եւ Մյասնիկյան պողոտաներում ծերացած, արդեն փտող, վթարային ծառեր կան, որոնք վտանգ են ներկայացնում անցորդների եւ երթեւեկող մեքենաների համար»,- այսպիսի եզրակացության է եկել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը, որը պետք է կանոնակարգի եւ հիմնավորի մայրաքաղաքում ցանկացած սանիտարական ծառահատման կամ էտման աշխատանքներ: Միայն հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա իրավունք ունեն Երեւանի ծառերը հատել կամ էտել: Այդ հանձնաժողովի կազմում են գիտաշխատողներ, բնապահպաններ ու հ/կ-ների ներկայացուցիչներ: Ինչպես նշեց մայրաքաղաքի գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանը՝ «Հին, փտած ու ծերացած ծառերը հանձնաժողովի եզրակացության հիման վրա ներկայումս փոխարինում ենք նոր տնկիներով, որոնք ե՛ւ ավելի երկարակյաց են, ե՛ւ ավելի համապատասխան՝ ֆունկցիոնալ կանաչապատման առումով»:
Անցյալ տարի մայրաքաղաքի գլխավոր փողոցների սիզամարգերն ու հարակից շենքերի պատշգամբները, կամուրջներն ու որոշ վերգետնյա անցումներ քաղաքապետարանը զարդարել էր ծաղիկներով:
Այս տարի քաղաքապետարանը մտադիր է ծաղկապատման տարածքներն ընդլայնել, քանի որ վերջերս ժամանակակից տեխնիկական միջոցներով, ջեռուցման անհատական համակարգով ապահոված սեփական ջերմատուն է կառուցել: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության տեղեկատվության համաձայն, այս տարվանից սկսած, մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքներն ու ծառատունկերը կիրականացվեն բացառապես Երեւանի համաքաղաքային տնկարանում եւ ջերմատանն աճեցված տնկանյութերով: Ջերմատան աշխատակից Արմենակ Պետրոսյանի խոսքերով՝ շուրջ 3000 քմ տարածք զբաղեցնող այս ջերմատանն ավելի քան 500 000 ծաղիկ են աճեցնում: Այստեղ խնամվող Հոլանդիայից ներկրված բարձրորակ ծաղկասածիլները տեղական սերմացանքսի հետ մայիսին կտեղափոխվեն սիզամարգեր: Երեւանն այս տարի կզարդարվի ավելի քան 1.5 մլն ծաղիկներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել