Այս համոզմանն է 80-ամյա տիկին Փայրունը
Փայրուն տատիկը օրը 2 անգամ մաքրում է շուկայի տարածքն ու ամեն անգամ զարմանում, որ աղբամանի մոտ կանգնած՝ աղբը փողոց են նետում:
Արդեն քանի տարի ամեն առավոտ, երբ 3-րդ մասի շուկայում դեռ չի սկսվել առեւտրականների աշխատանքային օրը, թափառական շներով շրջապատված, մի մեծ ավել ձեռքին՝ շուկայի տարածքը մաքրում է 80-ամյա մի կին: Ու թեեւ նա ամբողջովին կռացած է ու դժվարությամբ է տեսնում, միշտ արկղերով է շրջում: Օրվա ընթացքում շուկայի հատվածում այնքան աղբ է կուտակվում, որ տարածքը մեկ անգամ ավլելով հնարավոր չէ աղբից ազատել, ուստի տիկին Փայրունը մի անգամ էլ երեկոյան է գործի անցնում: Օրը երկու անգամ ավլելու համար այդ ծեր կինը 500 դրամ է վաստակում: Այն օրերին էլ, որ տարածքի խանութների տերերից որեւէ մեկն իր տարածքը մաքրել է տալիս, նրա օրվա եկամուտը կազմում է 1000 դրամ:
Անգամ աշխատելու պարագայում տիկին Փայրունը տարիներով գազի երես չի տեսնում, բնակարանում ջուր էլ չկա, կինն ամեն անգամ ջուրը կրում է, բայց, ինչպես ինքն է ասում, ոչ աշխատելուց է նեղվում, ոչ էլ կենցաղային խնդիրներից:
«Ես Կամոյի մանկատանն եմ մեծացել, մեզ ամառները միշտ սար ու հանդ էին տանում ձմեռվա պաշարը հավաքելու: Ես սովոր եմ աշխատելուն, 9 տարեկանից իմացել եմ, որ ես եմ իմ գլխի տերը: 17 տարեկանում էլ կանգնել եմ հաստոցի առաջ: Ու աշխատանքը ինձ միշտ ավելի գեղեցկացրել է, մի բաժնի վարիչ ունեինք, ասում էր՝ Փայրուն, ինձ քո էդ աչքերով մի նայիր, դե ես էլ մանուշակագույն աչքեր ունեմ: Նաեւ պարի եմ գնացել, երբեմն բեմում ելույթ եմ ունեցել: Հիմա, իհարկե, շատ եմ կռացել, ձմեռները գազ չունեի, ցրտից եղավ, էնքան կուչ եկա՝ մինչեւ կռացած մնացի»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Փայրունը: Նրա խոսքերով, մի 50 տարի էլ աշխատել է «Նաիրիտ» գործարանում՝ որպես ապարատավար. «Երբեք ոչ մի թերացում կամ ռեժիմի խախտում չեմ ունեցել: Պարտաճանաչ աշխատանքի համար մի շարք մեդալներ եմ ստացել, որոնց տեղը հիմա չգիտեմ էլ: «Նաիրիտից» հիմա էլ կարող ես ուզել իմ բնութագիրը: Այն ժամանակ բոլորս աշխատում էինք «իՈ ՐՏՊՌվց, ջՈ րսՈՉց» նշանաբանով, որի համար պատրաստ էինք շատ զոհողությունների, հիմա այդ նշանաբանը ոչ ոքի պետք չէ, բայց ես չեմ ափսոսում»: Տիկին Փայրունին այսօր մտահոգում է այն, որ մարդիկ շա՜տ անտարբեր են դարձել եւ ոչ մի ոգեւորություն չունեն աշխատանքի եւ հայրենիքի մասին խոսելիս:
Չնայած նրա անխնամ տեսքին, Փայրուն տատիկին սիրում են շուկայի բոլոր առեւտրականները, մաքրասեր է ու տարիքի համեմատ շատ աշխույժ, բոլորին հարցուփորձ է անում, հետաքրքրվում նրանց առողջությամբ:
Տիկին Փայրունին անհանգստացնում է նաեւ այն, որ «հայերը մաքրություն չեն սիրում, բայց երազում են Եվրոպա դառնալ»: Ըստ նրա. «Մի ընկերուհի ունեի, հաճախ էր ճանապարհորդում: Ամեն անգամ հիացած էր վերադառնում Շվեյցարիայից, առաջինը, ինչ ասում էր, թե փողոցներն այնքան մաքուր են, որ ընկածը վերցնես՝ կարող ես չմաքրել: Իսկ մեզ մոտ ամեն անցնող-դարձողը ձեռքի եղածը գետնին՝ աղբամանի կողքն է գցում, գնում: Տղամարդկանց մեծ մասն էլ աղբը մեքենայից դուրս է շպրտում: Մտածում են, պառավ է, էլի, թող մաքրի: Բայց, եթե ուզում ես իմանալ՝ Եվրոպա դառնալը հենց փողոցներում մաքրությունից ու իրար հանդեպ վերաբերմունքը փոխելուց պիտի սկսել, ոչ թե եվրոպացիների սխալները կրկնելուց»: