Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՐՍՏԱՑԵԼ ԵՆ

Ապրիլ 13,2010 00:00

Որոշ մանրամասներ՝ տուգանված, բայց իրենց «մեղքը չընդունող» դեղ ներկրողների պատմությունից

Դեղերի շուկայում գործող մի քանի ընկերություններ, որոնք սեպտեմբերից կտրուկ թանկացրին ներկրված դեղերի գները եւ սրտի, ճնշման, գրիպի, շաքարախտի դեղերով ապրող մեր թոշակառուների հաշվին հարստացան, մինչ օրս չեն ցանկանում վճարել այն տուգանքը, որը նրանց ստացած շահույթների համեմատությամբ պարզապես գրոշներ են: Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր սկսել դեղ ներկրող «Վագա ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Նատալի ֆարմ», «Առգո ֆարմ», «Էսկուլապ», «Ամիկուս» եւ «Արֆարմացիա» ընկերությունների դեմ եւ պարզելով, որ այդ ընկերությունները հակամրցակցային համաձայնության են եկել ու 10-30%-ով անհիմն թանկացրել դեղերը, այդ ընկերություններին տուգանել էր հասույթի 2%-ի չափով: Տուգանքի չափը տարբեր ընկերությունների համար կազմում է 21-113 մլն դրամ: Չնայած այդ տուգանքներն առանձնապես չէին հովացնելու տուժած սպառողների վառված սրտերը, բայց այնպես ստացվեց, որ դեղ ներկրողները չցանկացան նույնիսկ այդ փոքր գումարներն էլ վճարել ու սուսուփուս շարունակել շուկայում իրենց գործունեությունը: Դեղ ներկրողները չեն ընդունում, որ հանձնաժողովի որոշումը ճիշտ է, ուստի բողոք են ներկայացրել վարչական դատարան, որտեղ պետք է ապացուցեն, որ հակամրցակցային համաձայնության չեն եկել, որ դեղերն իրենք իրենց են թանկացել, կամ գուցե՝ էժանացել են, պարզապես մարդիկ են, չգիտես ինչու, դրանց համար 10-30%-ով ավելի բարձր գին վճարել:
Ինչպես հայտնի է, դեղերի շուկայում գործող որոշ գործարարներ մեր իշխանության ներկայացուցիչների հետ սերտ բարեկամական հարաբերություններ ունեն: Օգտագործելով այդ հանգամանքը՝ դեղ ներկրողները վստահ են, որ իրենց կհաջողվի դատը շահել եւ ապացուցել, որ, այսպես ասած՝ «մածունը սեւ» է, կամ որ «1+1 հավասար չէ 2-ի»: Ինչ էլ որոշի դատարանը՝ այնուամենայնիվ, այս պատմության մեջ մի քանի հետաքրքիր փաստեր կան, որոնք, ի թիվս այլ ապացույցների, եւս մեկ անգամ վկայում են, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանք իսկապես խոշոր շահույթներ են ստացել ու որոշել հարստանալ ոչ միայն շարքային սպառողների, այլեւ՝ պետբյուջեի հաշվին:
Բանն այն է, որ հանձնաժողովը, երբ տուգանեց ընկերություններին, կատարած ուսումնասիրությունների տեղեկատվությունը, սահմանված կարգի համաձայն, ուղարկեց Պետեկամուտների կոմիտե, որպեսզի հարկայինն էլ իր մասով ստուգի, թե դեղ ներկրողները սպառման ծավալների, ստացած շահույթների մասին արդյո՞ք հարկայինին ճիշտ տեղեկատվություն են ներկայացրել եւ նորմալ հարկ վճարե՞լ են, թե՝ ոչ: Դեղորայքի շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ «Առավոտին» ՊԵԿ-ից տրամադրած տեղեկատվության համաձայն, «Հանձնաժողովի ստուգումների արդյունքում արձանագրված նյութերն օգտագործվել են տնտեսվարող սուբյեկտների մոտ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների եւ այլ հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ, որոնց արդյունքում բյուջեի լրացուցիչ գանձման ենթակա գումար է առաջադրվել 21մլն  803 հազար դրամ»: Այսինքն, Պետեկամուտների կոմիտեն էլ իր կողմից է ճշտումներ արել ու պարզել, որ դեղ ներկրողները մոտ 22 մլն դրամ պակաս են վճարել պետբյուջե: Մեկը կարող է սխալվել, բայց երկու տարբեր գերատեսչություններ չէին կարող սխալվել ու միաբերան պնդել, որ «Վագա ֆարմը», «Ալֆա ֆարմը», «Նատալի ֆարմը» եւ մյուս ընկերությունները խախտել են օրենքը: Ի վերջո, պնդելու խնդիր էլ չկա: Մարդիկ մտնում են դեղատուն ու տեսնում են դեղերի գները, դա թաքցնելու բան չէ: Գոյություն ունեն ակնհայտ փաստեր, որոնք անկախ տարբեր մարմինների որոշումներից, հասարակության համար այնքան անբեկանելի ու այնքան պարզ են, որ նույնիսկ ծիծաղելի է այդ փաստերը հերքելը: Մի օր «Տերաֆլյուն» արժե 250 դրամ, հաջորդ օրը՝ 400, եթե շատ բողոքեք՝ կդառնա 600: Արդյունքում՝ տարեկան 9-10 մլրդ դրամի հասույթ ունեցող «Նատալի ֆարմը» եւ մյուս «ֆարմերը» ո՛չ  տուգանքը կվճարեն, ո՛չ էլ գոնե ներողություն կխնդրեն դեղերով ապրող այն թոշակառուներից, որոնք օրերով քաղցած են մնացել, ինչ է թե՝ ոմանք որոշել են ավելի շատ գումար աշխատել:
Դեղերի այս պատմությունից հետո եւս մեկ անգամ համոզվեցինք, որ եթե կյանքն աստիճան է, ապա որոշ ապրանքների գները Հայաստանում վերելակ են, որոնք աշխատում են ոմանց տրամադրության ու ցանկության էներգիայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել