Այսօր բոլորս լեհեր ենք եւ ցավում ենք այն ողբերգության համար, որի հետեւանքով Լեհաստանը զրկվեց իր քաղաքական, ռազմական էլիտայի մի զգալի մասից՝ նախագահ Լեխ Կաչինսկու գլխավորությամբ: 1999 թ. հոկտեմբերի 27 տեսած հայ ժողովրդին հարկ չկա բացատրելու տեղի ունեցածի ողբերգականությունը:
Կատինը՝ Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի մերձակայքում գտնվող վայրը, դարձել է ջրբաժան ժողովրդավարական աշխարհին ինտեգրված Լեհաստանի եւ տոտալիտարիզմի վերածնունդ ապրող Ռուսաստանի միջեւ:
Կատինը միայն պատմություն չէ, նաեւ հայացք է այսօրվան:
Այս վայրում բոլշեւիկյան տոտալիտարիզմի զոհ է դարձել մոտ 20000 լեհ զինվորական: Սրանից 70 տարի առաջ:
70 տարի հետո Լեհաստանը, որ այլեւս քաղաքակիրթ աշխարհի մաս է, «ժամանակակից» Ռուսաստանի համարժեք արձագանքն է ակնկալում: Ռուսները՝ կիսատ-պռատ ձեւակերպումներով, քողարկում են իրենց իրական գնահատականը՝ փաստաբանի դեր կատարելով անգամ Ստալինի համար, որի դաժանությունը ազգային կամ կրոնական սահմաններ չէր ճանաչում:
Նախագահ Կաչինսկին երեկ շտապում էր հենց Կատին՝ տոտալիտարիզմի զոհ դարձած իր հայրենակիցների, իր բանակի սպաների ու զինվորների հիշատակը հարգելու: Հենց Կատինում էլ նա կնքեց իր ողբերգական մահկանացուն՝ իր զինվորների կողքին, արժանապատիվ գերագույն գլխավոր հրամանատարի, իր զինվորին մենակ չթողնողի, նրան չլքողի հպարտությամբ:
Ես միստիկ չեմ, ոչ էլ քաղաքական ենթատեքստ եմ փնտրում տեղի ունեցածում: Ուղղակի գիտեմ, որ Կատինը, 2010-ի Կատինը դարձավ ավելի խորը անջրպետ այսօրվա Լեհաստանի եւ անցյալը ներկա դարձրած Ռուսաստանի միջեւ:
Անցյալ հարյուրամյակում եւ այսօր Ռուսաստանում գլխատվում է Լեհաստանի էլիտան: Սա ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ օրինաչափություն: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ Ռուսաստանի էսօրվա ու էրեկվա ղեկավարները բարոյական պարտք ունեն լեհերի առաջ:
Այսօր Կաչինսկին՝ անկախ իր կառավարման որակներից ու արդյունքներից, դարձել է Ազատության խորհրդանիշ, հակասովետականության, հակաբոլշեւիզմի, հակատոտալիտարիզմի սիմվոլ, արժեք, որ միավորում է բոլոր մարդկանց, ազատ մարդկանց…
…Այսօր բոլորս լեհեր ենք եւ աղոթում ենք Կատինի էրեկվա ու էսօրվա անմեղ զոհերի հիշատակի համար:
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ