Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրենք մինչեւ 2012-ը

Ապրիլ 13,2010 00:00

Ըստ քաղաքապետարանի՝ երկու տարվա ընթացքում կավարտվի բակերի եւ երկրորդական փողոցների լուսավորության եւ ասֆալտապատման ծրագիրը:

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 15 հարց: Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ ավագանին պետք է չափորոշիչներ մշակի 10 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելու կարգը սահմանելու համար: Բացի այդ, ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական վարչությունից, Երեւանի բյուջեի պահուստային ֆոնդից 40 մլն դրամ հատկացվեց բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Գույքահարկի արտոնություն տրվեց Մեծ հայրենականի մասնակիցներին, արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին ու առաջին կարգի հաշմանդամներին: ԲՀԿ–ն պնդում էր, որ պետք է գույքահարկից ազատել նաեւ երկրորդ խմբի հաշմանդամներին ու աֆղանական պատերազմի վետերաններին: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ առաջարկն ընդունելի է: Ավագանու որոշմամբ մայրաքաղաքում հուշատախտակներ կտեղադրվեն մշակույթի, արվեստի ու սպորտի բնագավառում մեծ ներդրում ու նշանակալի ավանդ ունեցող 7 անվանի գործիչների հիշատակին:
Նիստը շարունակվեց հարց ու պատասխանի ձեւաչափով: Ավագանու անդամներն առաջին անգամ հարցեր ուղղեցին Երեւանի քաղաքապետին եւ մյուս պաշտոնյաներին: Նաիրա Նահապետյանի հարցը վերաբերում էր մայրաքաղաքի արտաքին լուսավորությանը: 2009-ին Երեւանում ավելացել է 9216 լուսատու, 2012-ին բակային տարածքներն ու երկրորդական փողոցները գիշերային լուսավորությամբ ապահովելու եւ ասֆալտապատելու ծրագիրն ամբողջությամբ կավարտվի: Լուսավորության ցանցի ընդլայնմամբ պայմանավորված՝ ավելացել է էլեկտրաէներգիայի ծախսը: Քաղաքապետը նշեց, որ ծրագիր է մշակվում, որպեսզի Երեւանն ունենա սեփական էլեկտրականություն արտադրող կայան: Իսկ մինչ այդ խնայողության նպատակով կեսգիշերից հետո փողոցներում կվառվի յուրաքանչյուր երրորդ լապտերը, դա կապահովի բավարար լուսավորություն: Քննարկվում է նաեւ գործածվող լուսատուները նվազ էներգատար լապտերներով փոխարինելու հնարավորությունը:
Երեւանի գլխավոր ճարտարապետը, ի պատասխան ԲՀԿ ներկայացուցիչ Պողոս Փլաֆչյանի հարցի, նշեց, որ գլխավոր հատակագծով նախատեսված է Մամիկոնյանց եւ Էմին փողոցների միացումը՝ նպատակը դեպի Դավիթաշեն ուղղությամբ Կոմիտասի պողոտայի բեռնաթափումն է: Նոր ճանապարհի շինարարությունը կիրականացվի Ասիական բանկից ակնկալվող վարկային միջոցներով: Իսկ Բաղրամյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում կառուցվելու է հետիոտնային անցում՝ ստորգետնյա, թե վերգետնյա՝ դեռ քննարկվում է:
Առեւտրային փոքր կրպակների ու ավտոտնակների գործունեության ժամկետները երկարացվել են մինչեւ 2015 թվականը: Ըստ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի՝ փոքր տաղավարների մի մասը ժամանակի ընթացքում պետք է վերանա, քանի որ դրանք փակում են մայթերը, փողոցների տեսանելիությունը, կառուցված են քաղաքաշինական առումով ոչ ճիշտ: Առայժմ հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը՝ առեւտրի փոքր կրպակները դեռ կգործեն:
«Շենգավիթի Գեղասահքի դպրոցը չի փակվել: Այն անպայման գործելու է եւ ունենալու է ինչպես ժամանակակից սահադաշտ, այնպես էլ անհրաժեշտ հարմարություններն ու պարագաները»,- պատասխանելով հերթական հարցին՝ ասաց քաղաքապետը: Դպրոցի կապիտալ վերանորոգման համար գումարները Երեւանի բյուջեից արդեն հատկացվել են: Հարցեր եղան նաեւ շինթույլտվությունների եւ նախագծային փաստաթղթերի հաստատման, անշարժ գույքի օրինականացման, կրթական հաստատությունների վերանորոգման, Էրեբունի ամրոցի վերակառուցման եւ այլնի հետ կապված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել