Չնայած որոշակի դրական տեղաշարժերին՝ հողագործի անդուլ չարչարանքը համարժեք չի փոխհատուցվում
Արարատի մարզի շուրջ 3000 բնակիչ ունեցող Նորաբաց գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, մշակում խաղող, հացահատիկ, պտուղներ: Տեղաբնակ գյուղացիների պատմելով՝ չնայած իրենց համայնքի տարածքում հողերը բերրի են, սակայն մինչ այժմ ջրի սակավության պատճառով այստեղ ջրասեր բույսեր, մասնավորապես՝ բանջարեղեն, իրենք չեն կարողացել մշակել, եւ հողերի մեծ մասն անմշակ է մնացել: «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի (ՀՄՀ) ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի շրջանակում Նորաբացի 550մ ներտնտեսային ջրանցքի վերականգնումն արդեն ավարտված է: Նորաբացի համայնքապետ Գալուստ Գալստյանը հուսով է, որ չնայած այսօր գյուղացին իր բերքը ինքնարժեքով հազիվ է կարողանում սպառել, բայց ոռոգման ջուր ունենալուց հետո գյուղում գոնե կսկսեն հողերը մշակել. «Խաղողը ծախում ենք 70-80 դրամով, իսկ մեզ վրա նստում է 100-120 դրամ: Եթե աշնանն իր ստացած գումարով գյուղացին կարողանա հողի, ջրի, վարելու, թունաքիմիկատի, պարարտանյութի գումարը տա, նաեւ ապրանքը վերամշակող գործարան հասցնելուց հետո աշնանը կարողանա ալյուրի ու մի քանի անհրաժեշտ հարցերը լուծի, ուրեմն ընտանիքի տղամարդը լավ տղա է»:
Ոռոգման ջրի հարցը չնայած արդեն լուծված է, բայց նորոգված ջրանցքի մոտ հավաքված մի խումբ կանայք դժգոհ էին իրենց ապրած կյանքից, որովհետեւ բերքից ստացած գումարով չեն կարողանում նույնիսկ հողի, ջրի հարկերը վճարել: «Դժգոհությանը չափ ու սահման չկա, էնքան որ՝ հողերն անտեր չենք թողնում: Ամեն ինչը շատ թանկ է: 40 հազար մենակ ջրի ու հողի հարկ եմ տալիս, ստացած եկամուտը՝ հեչ, պարարտանյութն ու թույներն էլ եթե վերցնում ես, զրոյի վրա կանգնում ես: Մի պարկ սելիտրան էս րոպեին Մասիսում դրած է 14-17 հազար դրամ, պարսկականը 8 հազար է, բայց լավը չի: Գյուղատնտեսական ոչ մի տեխնիկա գյուղում չկա, մի հատ մասնավոր է, էն էլ գներն էնքան թանկ են, ռիսկ չես անում դիմես: Դրա համար շատերն էս արի ցորեն էլ չեն ցանել»,- ասում էին հավաքվածները: «Լավ է, որ ոռոգման ջրագիծ կա, բայց շատ թանկ է, խորանարդ մետրը 11 դրամ են դարձրել: Ի՞նչ գին պիտի ունենա մեր ստացած ապրանքը, որ մի բան մնա: Գյուղացուն օգուտ չկա՝ ո՛չ մրգից, ո՛չ խաղողից, խաղող հանձնեցինք՝ բայց ի՞նչ գնով՝ 80 դրամով: Եթե հաշվենք թունաքիմիկատը, մեխանիզացիան, օրական մի 100 դրամ էլ չի մնում եկամուտ: Աշխատում ենք վերավաճառող առեւտրականների համար»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 58-ամյա Սելիմբեկ Սիմոնյանը: Նորաբացում գրեթե բոլոր գյուղացիները ջերմոց ունեն, բայց, նրանց խոսքով՝ այս գործով զբաղվելն էլ շահավետ չէ, քանի որ հնարավորություն չունեն դրանք տաքացնել, հետեւաբար ուշ են բերք ստանում, հետո էլ դրսից իրանականն ու թուրքականը ներմուծում են, տեղականի գինն էլ նվազում է: «Միայն ցելոֆանով փակում ենք, գազով լինում է, բայց մեր եկամուտն ինչ է, որ դրա համար գազ վառենք: Հիմա գազն ափսոսում ենք, որ վառենք՝ տաքանանք, ուր մնաց ջերմոցում վառենք»,- ասաց Ս. Սիմոնյանը: Նա, ինչպես Նորաբացի շատ բնակիչներ, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկից» վարկ է վերցրել ու հիմա չգիտի՝ ինչպես փակել: Գյուղացիները զարմանում են՝ ի՞նչ կապ ունի դոլարը գյուղացու հետ, մի կողմից՝ արգելում են դոլարով առեւտուր անել, մյուս կողմից՝ միայն դոլարով են պայմանագիրը կնքում: Ս. Սիմոնյանն ասաց, որ $5000-ի վարկը վերցրել է այն ժամանակ, երբ կուրսը 300 էր. «Հիմա դարձել է 400, այսինքն՝ մի 3-4 հազար ավելի պետք է վճարեմ, իմ օգուտը ո՞րն է: Խաբեցին գյուղացուն, բերեցին դոլարով տվեցին, հետո էլ դոլարը բարձրացրին, որ շահույթ ստանան»: «Առավոտի» հետ զրույցում Նորաբացի գյուղապետ Գ. Գալստյանը այս խնդրի մասին ասաց. «Սխալ է, որ այդ վարկերը դոլարով են տալիս, գյուղացին դոլարի հետ կապ չունեցող մարդ է, լավ կլիներ, որ տային դրամով, որպեսզի մարդը, որ քրտնել, աշխատել է, դատարկ չնստի՝ ինչ է թե՝ դոլարի կուրսը բարձրացավ»:
Նորաբացում մարդիկ պետությունից ոչ մի ակնկալիք չունեն. «Հույսը միայն մեր ու դրսում ապրող մեր բարեկամների վրա է: Ի՞նչ ակնկալիք ունենանք, ի՞նչ է՝ էնտեղ նստածները չգիտե՞ն, որ գյուղացին էսօր մեռած է: Մեր գյուղում չեք գտնի մեկին, որ խանութներում ու բանկերում պարտք չունենա»: 63-ամյա Եղիշ Աղավերյանն էլ բողոքում էր թունաքիմիկատների որակից: Այս խնդրին «Առավոտը» անդրադարձել է, նրան փոխանցեցինք Արարատի մարզպետարանի ներկայացուցչի խորհուրդը, որ անորակ էժանը գնելու փոխարեն որակյալ թանկը գնեն: Ի պատասխան՝ Ե. Աղավերյանն ասաց. «Անորակն էլ են թանկ վաճառում: Հիմի գյուղացին ի՞նչ իմանա, թույնը պրոբելու բան չէ, որ փորձես, տեսնես՝ համո՞վ է, թե՞ չէ: Ինչ տալիս են, բերում, սրսկում ես, բայց օգուտ չկա»:
Չնայած Նորաբացից մայրաքաղաք հասնելը ընդամենը մի քանի րոպեի ճանապարհ է, բայց դրա համար մեծ ջանքեր են պահանջվում, գյուղացիներն իրենց ապրանքը մեծ դժվարությամբ են հասցնում մայրաքաղաք. «Մեր գյուղամեջի ճանապարհով երեւի ոտքով էլ չկարողանաս գնալ, ուր մնաց՝ տրանսպորտը գնա»,- նշեց Նորաբացի բնակիչ Ս. Սիմոնյանը, հետո էլ, երանությամբ հիշելով խորհրդային տարիները, ավելացրեց, թե մի թերթ էլ չեն կարողանում գնել. «Սովետի ժամանակ ունեինք փոստ, փոստատար, թերթ էինք գրվում: Հիմա այդպիսի բան չկա: Ամեն ինչին հետ ենք վարժվել»: Իսկ Նորաբացը օրեցօր դատարկվում է: Ս. Սիմոնյանի որդին, հարսն ու թոռնիկն էլ արդեն մեկ տարի է՝ Ֆրանսիայում են, նրա փոխանցմամբ՝ մեծամասնությունը Ռուսաստան է գնում, որովհետեւ Եվրոպա գնալու հնարավորություն չունի: «Գյուղը դատարկվել է, երիտասարդության մի 30-40%-ն էլ չկա: Ամուսնություն տարեկան երեւի 4-5 կամ ամենաշատը մի 10-ը լինի: Նախկինում գրեթե ամեն շաբաթ-կիրակի հարսանիք էր լինում»,- հիշում է մեր զրուցակիցը:
Հարություն Կիրակոսյանը ամեն օր 4 ուսանող է ճանապարհում մայրաքաղաք. «Քաղաքին այսքան մոտ ենք, բայց չեն կարողանում ժամանակին դասի հասնել, ավտոբուսի հարցն է շատ դժվար, հնամաշ ավտոբուս է՝ փոշոտ ու կեղտոտ, երբեմն էլ տեղ չի լինում նստելու»: Գյուղապետն էլ նշեց. «Եթե կախարդական փայտիկ լիներ, կուզեի, որ մեր պետությունը գյուղի ճանապարհների հարցը լուծեր: Մենք քաղաքին «կպած» ենք, բայց այս ճանապարհների պատճառով մարդը չի կարողանում իր բերքը տանի քաղաք՝ վաճառի:»
«ՀՄՀ-Հայաստանի» գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը փոխանցեց, որ մինչեւ հաջորդ սեպտեմբեր 106 համայնքում պետք է ներտնտեսային ջրանցքների վերականգնման նմանատիպ աշխատանքներ կատարվեն: