Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հարցն այս անգամ կշրջանցվի

Ապրիլ 13,2010 00:00

ԱՄՆ-ում Հայկական կրթական բարեսիրական միության ատենապետ Համբիկ Սարաֆյանը  երեկ «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ Ղարաբաղի հարցը չի քննարկվի:

– Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը ԱՄՆ չժամանելու հնարավորություն եւ հետեւաբար նաեւ Թուրքիայի վարչապետի հետ չհանդիպելու որեւէ հնարավորություն ունե՞ր:
– Չեմ կարծում, թե որեւէ երկրի նախագահ Օբամայից հրավեր ստանալով՝  կարող էր այն մերժել կամ մերժելու պատճառաբանություն ունենալ: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն միակ երկրի առաջին դեմքն է, որ չի գալու այս հանդիպմանը այն պատճառաբանությամբ, որ արաբական երկրները կարող են բարձրացնել նրա՝ միջուկային զենքի տիրապետելու հարցը, ինչը Իսրայելը բացարձակապես չի ընդունում կամ խուսափում է դրա մասին խոսելուց: Այսինքն՝ նա հիմնավոր պատճառ ունի: Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող էր որեւէ նման պատճառաբանություն գտնել Վաշինգտոն չգալու համար: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի համար այս հանդիպումն ավելի կարեւոր է, քան Օբամայի համար, որովհետեւ Սարգսյանը, արդեն տեսնում եք, այս հրավերը եւ Օբամայի հետ հանդիպման փաստը օգտագործելու է նաեւ իր շահերի համար՝ հայ ժողովրդին ներկայացնելու, թե իր լեգիտիմությունը հարցեր չի հարուցում, եւ ինքը համաշխարհային մակարդակով ընդունելություն ունի:
– Հայաստանում, հատկապես ընդդիմադիր շրջանակներում կանխատեսում են, որ երեք երկրների նախագահների առանձին հանդիպումների քննարկման առարկա կդառնա նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, առավել եւս, որ թուրքական կողմը նաեւ դրանով է պայմանավորում հայ-թուրքական հարաբերությունների ճակատագիրը:
– Ես դա բացառում եմ միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն այդ առնչությամբ արդեն հայտնի է. Միացյալ Նահանգների տեսանկյունից հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն,  եւ գործընթացն առաջ պետք է շարժվի՝ առանց նախապայմանների: ԱՄՆ-ն հայտարարել է, որ այդ հարցերը փոխկապակցված չեն, եւ ԼՂ հարցի քննարկումը կարգավորման նախապայման չի եղել եւ չի կարող լինել: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համատեքստում որեւէ այլ հարակից հարցի քննարկում կամ ընդգրկում բացառվում է: Սա պաշտոնական դիրքորոշում է, եւ չեմ կարծում, թե նախագահ Օբաման քայլ է անելու կամ նման խոսակցության թեմա է բացելու, մանավանդ որ, ըստ ամենայնի, Սարգսյան-Օբամա հանդիպումը երկար չի կարող տեւել, եւ եռակողմ բանակցությունների մասին էլ տեղեկություններ չկան: Սա լինելու է ոտքի վրա, կարճ հանդիպում: Խոսվելու է արձանագրությունների վավերացման վերաբերյալ:
– Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ԱՄՆ-ն կփորձի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, մանավանդ՝ հայտնի է, որ Թուրքիան է ձգձգում արձանագրությունների վավերացումը, մինչդեռ Հայաստանը բազմիցս հայտարարել է առանց նախապայմանների դրանք վավերացնելու իր պատրաստակամության մասին:
– Իհարկե: Որ կողմը որ գործընթացը դանդաղեցնում է կամ խուսափում է գործընթացն ավարտին հասցնելուց, նրա վրա էլ ճնշում է բանեցվելու՝ զուտ ամերիկյան շահերից ելնելով:
– Բայց դա որքանո՞վ արդյունավետ կլինի: Թուրքիան հիմա հայ-թուրքական հարաբերություններն էլի կօգտագործի, իսկ ապրիլի 24-ը «անցկացնելուց» հետո արձանագրությունների վավերացման հարցը կրկին կսառեցնի եւ կպայմանավորի ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ:
– Դրա  հավանականությունը, իհարկե, կա: Բայց պետք է մի կարեւոր բան հիշել, որի մասին, կարծես, արդեն չի խոսվում. այն, ինչ պետք էր Թուրքիային, նա ստացավ անցյալ տարի՝ եւ ոչ թե արձանագրությունների ստորագրմամբ, այլ դեռեւս «ճանապարհային քարտեզը» ներկայացվելուց հետո: Այսինքն՝  Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու արձանագրությունների հետ կապված այս ողջ պատմությունը Թուրքիայի համար պարզապես ավելորդ նվեր էին, որովհետեւ ճանապարհային քարտեզի ասպարեզ գալով արդեն ամբողջ գործընթացը փոխվեց: Չեմ բացառում, որ ապրիլից հետո էլ Թուրքիան եւս մեկ տարի փորձի ժամանակ շահել մինչեւ հաջորդ ապրիլ կամ, ինչու չէ, նաեւ սպասել, երբ իր շահերից ելնելով՝ նպատակահարմար կլինի արձանագրությունները վավերացնել, որովհետեւ, եթե նայենք դրանց բովանդակությանը, ապա դրանք ավելի շատ Թուրքիայի համար են նպաստավոր, քան մեր: Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների հանգամանքն օգտագործել եւ դա կթել՝ մինչեւ վերջին  կաթիլը, իսկ թե ո՞րն է լինելու վերջին այդ կաթիլը՝ ժամանակը ցույց կտա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել