Ասաց Սերժ Սարգսյանը՝ Էրդողանի հետ հանդիպումից հետո
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնեց Վաշինգտոն՝ մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով համաժողովին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նախագահն արդեն հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, Երեւանի ժամանակով ուշ երեկոյան պետք է ավարտվեր Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին, որից հետո Վաշինգտոնի մայր տաճարում հանդես է եկել ելույթով: Ստորեւ ներկայացնում ենք ելույթի տեքստը, ըստ news.am-ի:
«Այսօր մենք միասին մեր հարգանքի տուրքը մատուցեցինք նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին՝ մարդու եւ ԱՄՆ առաջնորդի, ում մեր ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես հայ ժողովրդի իսկական բարեկամի: Նախագահ Վիլսոնը մեծ գործիչ էր, գործիչ, ում իր հայրենիքից հազարավոր մղոններ հեռու բնակվող հինավուրց ժողովուրդը գրեթե հարյուր տարի անց էլ շարունակում է մեծարել ու փոխանցել այդ մեծարանքը սերնդեսերունդ: Վիլսոնը հայերիս համար ոչ միայն կորուսյալ հայրենիքի իղձը կենարար հողով ամրացրեց, այլեւ աշխարհին պատվիրան թողեց այն մասին, որ մեծերը կարող են եւ պարտավոր են թույլ չտալ փոքր ժողովրդի տառապանքների կրկնություն: «Դուք մտածե՞լ եք Հայաստանի տառապանքների մասին: Դուք oժանդակեցիք հայերին այն բանից հետո, երբ նրանք տառապանքներ կրեցին: Այժմ զորակցե՛ք, որ նրանք այլեւս երբեք չտառապեն». նախագահ Վիլսոնի՝ 1919թ. փետրվարի 26-ի բոստոնյան ելույթի այս բառերը հնչում են մինչ օրս, ինչն իրականում նա հղում էր ողջ մարդկությանը: «Զորակցե՛ք, որ այլեւս հայերը երբեք չտառապեն»՝ այս խոսքով ԱՄՆ 28-րդ նախագահը դեռ 90 տարի առաջ փաստացիորեն ձեւակերպում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղասպանությունների եւ ապագա բոլոր տառապանքների կանխարգելումը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Նախագահի շիրիմի առջեւ եւ զեկուցում, որ Հայոց ցեղասպանությունից իննսունհինգ տարի հետո էլ աշխարհի շատ երկրներ, կազմակերպություններ եւ քաղաքական գործիչներ, այդ թվում եւ իր հայրենիքում, շարունակում են գործել վիլսոնյան պատգամի տրամաբանությամբ: Հայ ժողովուրդը հիշում եւ հիշելու է բոլորին՝ անուն առ անուն:
Ամերիկահայությունը, հատկապես վերջին տասնամյակներում, դարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործի ամենաեռանդուն ու ամենահետեւողական օղակներից մեկը եւ, համոզված եմ, այսուհետ ե՛ւս ջանալու է բազմապատկված ճիգերով: Ոչ ոք չի կարող կասեցնել անխուսափելին:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին ոմանք մտավախություն ունեին, թե դրանով կդանդաղեցվեն կամ ժամանակավորապես կսառեցվեն Ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մտավախություններն անհիմն են եւ անհիմն կլինեն այնքան ժամանակ, քանի մենք բոլորս պատրաստ ենք առավել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի:
Անցած ամիսներին մենք ձեզ հետ միասին վկան եղանք Թուրքիայի դատապարտված փորձերին՝ պառակտելու հայրենիքն ու Սփյուռքը, իրավիճակը ներկայացնելու այնպես, թե իբր գոյություն ունի երկու տարբեր կարծիք Հայաստանում եւ Սփյուռքում: Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատրանքները: Չկա Հայաստանի հայության եւ Սփյուռքի հայության կարծիքների տարբերություն. կա միասնական հայ ժողովուրդ, եւ նա տեր է իր արդար դատին:
Այո’, մենք պատրաստ ենք եւ ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարեւանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ: Այս առավոտ ես հանդիպեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա։ Մենք չենք պատրաստվում որեւէ ձեւաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձեւացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետեւ մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու նաեւ այս քննությունը:
Դուք, որպես արտերկրում ապրող, բայց հայության ցավերով ու շահերով տոգորված հավաքականություն, անխորտակելի ուժ եք. դուք Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարեւոր բաղկացուցիչն եք: Սա գիտակցում են թե’ մեր բարեկամները, թե’ մյուսները: Դուք ձեր կեցվածքով ու վճռականությամբ ապացուցում եք, որ սխալ են եղել բոլոր այն հաշվարկները, ըստ որոնց՝ հայությանը կարելի է փոշիացնել ու ոչնչացնել՝ ցրելով աշխարհով մեկ: Յուրաքանչյուր հայ, որ մայրցամաքում էլ լինի, պետք է դառնա այն կաթիլը, որը քար է ծակում։ Մենք հենց այդ ճանապարհին ենք: Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել: Եվ մենք բարգավաճելու ենք, մենք ծակելու ենք անտարբերության, ցինիզմի ու երկերեսանիության քարը։ Դրա համար մենք ունենք բավականաչափ համբերություն, հավատ եւ նպատակասլացություն:
Թույլ տվեք խոսքս ավարտել երախտագիտության բառերով՝ ուղղված մի երկրի ու մի ժողովրդի, որ ծնել է դեսպան Մորգենթաուի եւ նախագահ Վիլսոնի պես գործիչներ: Հայությունն ուժեղ է եւ կարողանում է ինքնարտահայտվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դա, անշուշտ, ձեր արժանիքն է, բայց ձեր արժանիքը լինելուց զատ, ամերիկյան ազատության արժանիքն է: Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզոր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատարությունն ունի հայ ժողովրդի կյանքում: Աստված պահի Ամերիկան, Աստված պահի Հայաստանը եւ փառք հայ ժողովրդին»: