Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ԳՈՐԾԻ՞Ն

Ապրիլ 13,2010 00:00

Երեկ «Հայացք» ակումբում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը ներկայացրել է վաշինգտոնյան հանդիպումների իր անհատական գնահատականը, ըստ որի՝ ակնկալիք չունի Սերժ Սարգսյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումից եւ չի կարծում, թե կստորագրվի որեւէ փաստաթուղթ հայ-թուրքական կամ Ղարաբաղի հարցերի կապակցությամբ: Սրանով հանդերձ՝ Արարատ Զուրաբյանը նաեւ կարծում է, որ Հայաստանի վրա ճնշումներ կլինեն, հատկապես Ղարաբաղի հարցում, հատկապես տարածքների վերադարձի առումով: Բայց բանախոսի համոզմամբ, Սերժ Սարգսյանն ամեն ինչ կանի խուսանավելու եւ ոչինչ չստորագրելու համար, քանի որ. «Սերժ Սարգսյանը լուծել է իր առաջ դրած խնդիրը՝ փորձել զերծ մնալ մարտի 1-ի, կեղծված ընտրությունների, քաղբանտարկյալների, մամուլի ազատության հետ կապված խնդիրների կապակցությամբ միջազգային ճնշումներից եւ իրեն հիմա ավելի ազատ զգալով՝ կփորձի դուրս գալ գործընթացից»: Զուրաբյանի կարծիքով, Վաշինգտոնի նախաձեռնությունն ԱՄՆ-ի համար դեմքը փրկելու միջոց է, որպեսզի Օբաման ապրիլի 24-ին ունենա ցեղասպանություն բառը չարտասանելու հիմնավորում: Նա նաեւ համարում է, որ ճիշտ չի լինի, եթե Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից՝ «նպատակահարմար չէ»: Ըստ նրա, նպատակահարմարը հայ-թուրքական արձանագրություններն առաջինը վավերացնելն է: Նաեւ, ըստ բանախոսի, տրամաբանական չի լինի, որ եթե այսքան ժամանակ գործընթացը Հայաստանի իշխանությունը համարել է դրական, հանկարծ ինքն էլ հենց որոշում է դուրս գալ, հետ շրջել գործընթացը:
Հարցին՝ եթե իշխանությունը առաջինը վավերացնի արձանագրությունները, ապա ընդդիմությունն այս անգամ էլ նրան չէ՞ր քննադատի հենց դրա համար, Զուրաբյանը պատասխանել է, որ եթե քաղաքական ուժը համոզված է իր արածի ճշմարտացիությանը, ապա որոշ դեպքերում չպետք է նայի, թե ինչ է ասում ընդդիմությունը, այլ պետք է հետեւի իր քաղաքական ուղեգծին: Իսկ ընդդիմությունն էլ, ըստ Արարատ Զուրաբյանի, բոլոր դեպքերում պետք է քննադատի, եթե ունի մտահոգություններ եւ տեսնում է, որ գործընթացները գնում են, իր կարծիքով, ոչ ճիշտ հունով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել