ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի գնահատմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու տարիները կարելի է հաջողված տարիներ համարել. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ սկսեց իր պաշտոնավարումը բավականին ծանր եւ լարված ներքաղաքական պայմաններում: Մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո հասարակությունը երկփեղկված էր, տիրում էր փոխադարձ անվստահության, անհանդուրժողականության, ատելության մթնոլորտ: Չէին լռում կոչերը՝ գունավոր կամ երգուպարի հեղափոխությունը շարունակելու մասին: Նման իրավիճակում Սերժ Սարգսյանը ստանձնեց երկրի ղեկավարի պարտականությունները: Առաջին քայլը, որ իրականացրեց Սերժ Սարգսյանը, ներքաղաքական կայունությանը ուղղված քայլն էր: Երկխոսություն ստեղծելուն ուղղված երեք կարեւոր քայլ ես ուզում եմ նշել: Առաջինը՝ միջկուսակցական թեմատիկ քննարկումների ինստիտուտի ստեղծումն էր: Բոլոր կուսակցությունների հետ՝ ընդդիմադիր թե իշխանական, պետության արտաքին եւ ներքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությունն էր: Դա խիստ կարեւոր էր, նոր քայլ էր եւ, անկասկած, տվեց իր դրական արդյունքները: Երկրորդ կարեւոր քայլն այն էր, ստեղծվեց Հանրային խորհուրդը՝ որպես հասարակության հետ մշտական երկխոսության մարմին: Եվ երրորդ՝ ամենակարեւոր հանգամանքը մարտիմեկյան լարվածությունը լիցքաթափելու համար համաներումն էր եւ ներումների գործընթացը: Կարեւոր եմ համարում նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլերը, այդ թվում՝ հակաճգնաժամային ծրագիրը, որը ոմանք քննադատում են, սակայն, կարծում եմ, վարկեր տալիս են վստահելի երկրներին, այն կառավարություններին, որոնք հուսալի գործընկեր են եւ արդեն ապացուցել են, որ կարող են լինել հուսալի գործընկեր»: Ըստ Սամվել Նիկոյանի, Երեւանի ավագանու ընտրությունները եւս կարելի է դրական քայլ համարել: Արտաքին քաղաքականությունը գնահատելով «ակտիվ եւ կառուցողական»՝ պարոն Նիկոյանը հարկ համարեց շեշտել, որ այդ քաղաքականությունը մեր երկիրը դուրս բերեց այն անկլավային կարգավիճակից, որի մեջ մեզ ցանկանում էին տեսնել մեր հարեւան պետությունները: Եթե նշենք, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը այցելել է մոտ 50 երկիր, ապա դա արդեն խոսուն փաստ է. «Այսօր արդեն ակնհայտ է, որ մեր երկիրը դարձել է հուսալի գործընկեր եւ տարածաշրջանում կարեւոր դերակատարներից մեկը»: