Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջն անփոփոխ է՝ հեռացնել իշխանություններին

Ապրիլ 13,2010 00:00

Կիրակի օրը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության 8-րդ համագումարը: Դրան, ինչպես ավելի վաղ «Առավոտի» հետ զրույցում ասել էր կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, հրավիրվել էին Կոնգրեսին անդամակցող բոլոր ուժերը, ընդդիմադիր «Ժառանգություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչները, մտավորականներ: Իշխանությունները ներկայացնող որեւէ կուսակցություն կամ անհատ համագումարին հրավիրված չի եղել։ Ինչպես Պ. Մակեյանն էր ասել, համագումարի կազմկոմիտեն քննարկել էր ԼՂ-ից ներկայացուցիչներ հրավիրելու հարցը, բայց այդ առաջարկը մերժվել էր:
Այդուհանդերձ, համագումարում, բացի սպասված հյուրերից, նաեւ անակնկալներ էին եղել: Համագումարն արժանացել էր արդեն երկար ժամանակ ակտիվ քաղաքականության «երկնակամարում» չերեւացող Աշոտ Մանուչարյանի ուշադրությանը: Կուսակցության համագումարին անակնկալ կերպով այցելած Մանուչարյանը նաեւ ելույթով է հանդես եկել՝ հայտարարելով, թե՝ չի կասկածում, որ Հայաստանին անհրաժեշտ է իշխանափոխություն: «Բայց ինձ հետաքրքրում է՝ ի՞նչը պետք է փոխել երկրում, ո՞ւմ պետք է փոխել: Ոչ մի Ռոբերտ Քոչարյան չէր համարձակվի անօրինական հրահանգներ տալ, եթե վստահ չլիներ, որ հետո դրան բացատրություններ են գտնվելու»,- հայտարարել է Մանուչարյանը՝ հավելելով, որ այսօր մեր երկրում միայն մեկ սրբություն կա՝ փողը, եւ բոլորը փորձում են օգտվել այդ իշխանությունից, իսկ ժողովուրդը արդարության կարիք ունի:
Հրավիրվածներից ելույթ են ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, կուսակցությունների ղեկավարներ ու նաեւ մտավորականներ: Բացի ՀՀ առաջին նախագահի ապաքաղաքական ելույթից, մյուս բոլոր ելույթները, ըստ էության, հանգել են երկրում գործող իշխանություններին հեռացնելու եւ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու հրամայականին, որը առանցքային խնդիր է նաեւ «Ժողովրդավարական հայրենիքի» համագումարի ընդունած բանաձեւում:
«2008թ. նախագահական ընտրությունների հերթական ցինիկ կեղծմանն ի պատասխան՝ համաժողովրդական ընդվզումն ու հասարակության քաղաքացիական կեցվածքը հանգեցնելու էին ավազակապետական բուրգի փլուզմանը: Արդյունքում իշխանափոխությունն անխուսափելի էր, եթե ապօրինաբար չմեկուսացնեին քաղաքական լիդերներին ու շարժման ակտիվիստներին, որոնցից 14 քաղբանտարկյալների շարունակում են պահել զնդաններում, եւ վերջապես, եթե չիրագործվեր մարտի 1-ի սպանդը»,- ասված է համագումարի ընդունած բանաձեւում, որտեղ մարտիմեկյան իրադարձությունները որակվել են որպես «փաստացի իրականացված պետական հեղաշրջում»: Համարելով, որ գործող իշխանություններն այդ ամենը «հատուցում են Ցեղասպանության ուրացումով ու Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների գնալու, մասնավորապես՝ ազատագրված տարածքները վերադարձնելու պատրաստակամությամբ», կուսակցությունը  այս ամենը կանխելու եւ իրավիճակից դուրս գալու ելքը համարում է «հասարակության համախմբումն ու օր առաջ գործող ռեժիմից ազատվելու վճռականությունը, արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանությունների ձեւավորումն ու սահմանադրական կարգի վերականգնումը»:
Ի դեպ, համագումարում կուսակցությունը նախագահի պաշտոնում միաձայն վերընտրել է Պետրոս Մակեյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել