Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

3 ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ ՄԵՐ ԱԽՏԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆ Է

Ապրիլ 13,2010 00:00

\"\"Ասում է «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իր
տեսակետները կմանրամասնի կուսակցության՝ մայիսի 8-ի համագումարում:

– Կլոր սեղանի ձեւաչափով քաղաքական կենտրոն ձեւավորելու վերաբերյալ «Ժառանգության» կոչը՝ ուղղված կոալիցիային, ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին, սկիզբ առավ ԱՄՆ-ում անցկացված Հայաստանի քաղաքականության ֆորումի 2-րդ համաժողովում մարտի 1-ին Ձեր ելույթից, երբ հայտարարեցիք. «Իրավիճակն այժմ հրամայաբար պահանջում է հաջորդ նախընտրական փուլից առաջ՝ առաջիկա 2 տարիների ընթացքում, սկսել ազգային մեծ երկխոսություն»: Ինչ-որ բա՞ն էր փոխվելու, եթե տարաբեւեռ այդ ուժերը նստեին մի սեղանի շուրջ։
– Իմ ելույթով քաղաքացիական կոչ հղեցի թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ մեծ երկխոսության հրամայականի ընդգծմամբ, այն մտահոգությամբ, որ հասել ենք արդի Հայաստանի քաղաքական այդ եզրագծին, որտեղ թե՛ ներքին, թե՛ արտաքին իրավիճակներն արդեն հատում են համազգային տագնապի եզրագիծը: Եվ իհարկե՝ ցանկացած բազմախոսություն՝ հատկապես անհատապաշտ հայերի մոտ, ինքնին պարունակում է մեթոդաբանական, մեխանիկական, կազմակերպչական ներքին խութեր: Առավել եւս, որ Հայաստանի հասարակական եւ հատկապես ներքաղաքական դաշտը չի առաջնորդվում ժամանակակից ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքական մշակույթով: Բոլորը բարձրաձայնում են քաղաքական նոր մշակույթի մասին, բայց 20 տարի է, որ փաստել ենք մեր իսկ հավաքական հետագծով, որ լավ խոսում ենք, ճառում, բայց երբ խնդիրը հասնում է իրագործման՝ կաղում ենք, եւ փայլում յուրաքանչյուրն իր հատվածապաշտությամբ ու ինքնակարեւորմամբ:
Այդ ելույթից բխեց «Ժառանգության» առաջարկը՝ որպես առաջին քայլ, մի սեղանի շուրջ, առանց նախնական օրակարգի հրավիրել քաղաքական 6 ուժերի: Եվ փորձել հանրային օրակարգի ձեւավորման այդ աննախադեպ հավաքի միջոցով սահմանել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հիմնական վտանգները եւ խնդիրները, որոնք պետք է մաս կազմեն մեր օրակարգին: Բոլորս գիտենք, թե ինչ կա այսօր մեր օրակարգում՝ հանրային ներքին անվստահություն, բեւեռվածություն, անարդարություն եւ անիրավություն, քաղաքական մենախոսությունների շարք, տարանջատում քաղաքացու եւ պետության միջեւ, մինչդեռ սերտաճում է մեծ բիզնեսը եւ իշխանությունը: Սրանք նորություններ չեն, բայց արդեն զուգակցվում են արցախյան ճակատում եւ տարածաշրջանային նոր իրականության լույսի տակ՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մարտահրավերներով: Եվ ահա այս համազգային վտանգների փունջը բերում էր այդ գիտակցության, որ արտահերթ պետք է ոչ միայն բովանդակություն տալ մեր քաղաքականությանը, այլեւ երկխոսության, համախոսության ընթացակարգին:
– ՀԱԿ համակարգողը «Ժառանգության» կոչի կապակցությամբ, թե այս կլոր սեղանը կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել պատերազմի վերսկսման դեպքում «միասնության ապահովման եւ համախմբված ուժերով հակառակորդին դիմակայելու համար»՝ ասել էր, թե այդ առաջարկի նկատմամբ ՀԱԿ-ի վերաբերմունքը կարելի է համարել իրենց հայտարարության հետեւյալ մասը. «Կոչ ենք անում հասարակությանը մի կողմ նետել իշխանական քարոզչամեքենայի կեղծ ռազմական հիստերիայի հնարքները, քաղաքական ուժերին՝ չդառնալ այդ քարոզչության կամա թե ակամա գործիքը»: ՀՀ նախագահն էլ Տավուշում հայտարարեց, թե չի տեսնում մոտալուտ պատերազմի վտանգ: Ենթադրվում է, թե «Ժառանգությունը» դարձել է ռազմական հիստերիայի քարոզչության գործի՞ք:
– Չեմ ուզում մեկնաբանել ո՛չ մեկի, ո՛չ մյուսի արտահայտությունները, քանի որ որոշակի հարցերում, նաեւ Արցախյան հիմնահարցում հիմնավոր է այդ տեսակետը, որ երկուսի միջեւ բովանդակային ավելի նմանություններ կան, քան կարող են լինել տարբերություններ:
Իհարկե, պետք չէ պատերազմի ավելորդ ահազանգ կատարել: Բայց միաժամանակ արձանագրենք, որ ներքաղաքական հասարակական իրավիճակը, որտեղ այդ 2 ուժերն իրենց ներկայությունն ունեն, ինչպես նաեւ արտաքին քաղաքական զարգացումները, որտեղ նույնպես նմանություններ են թույլ տալիս այդ երկու ուժերը՝ բերում է եզրակացության, թե պետք է գիտակցել, որ խաղաղությունը կարող է չլինել տեւական իրականություն: Եվ իհարկե, պիտի պատրաստ լինենք ցանկացած դիպաշարի մեկնարկի:
Այդ երկու ուժերի ղեկավարներին եւ իրենց մեկնիչներին պետք է ասեմ, որ նաեւ կա ինքնակարեւորման վրա խարսխված ու «պարտիզանական-կուսակցական» մամուլի մեջ արտահայտություն գտած ինքնագոհ արտահայտություն, թե հարցերը եթե պետք է լուծվեն սեղանի շուրջ, ապա այդտեղ պետք է լինի 2 մասնակից կամ առավելագույնը՝ 3-ը:
– Հավելեմ, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ էր հարց տվել. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, ասենք՝ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը համախմբվեն «Ժառանգության» շուրջ»:
– Այդ հանգամանքը նաեւ հատվածական փոքրամտություն է, քանի որ այստեղ «Ժառանգության» շուրջ հավաքվելու խնդիր չէ: Եվ «Ժառանգությունն», իմ կարծիքով, շատ ուրախ կլիներ, եթե ինքը չլիներ սրա առաջարկողը: Անգամ այն առաջարկը, որ չլինի նախնական օրակարգ՝ ցույց է տալիս, թե այս գործընթացը, նախաձեռնությունը պետք է դառնա բոլորի սեփականությունը:
Ինձ համար առանցքային է այն հավատամքը, որ մենք պետք է այլեւս պատրանք չտածենք, թե մեր հանրային, ազգային, քաղաքացիական խնդիրների հանգուցալուծումը կարելի է իրականացնել 2-3 նախագահների քննարկման միջոցով: Կարծում եմ, որ նախագահական եռանկյունին մեր ախտերի, սխալների, հիմնախնդիրների ոչ թե լուծման բանալին է, այլ բուն աղբյուրը եւ արմատը: Իհարկե, իրենք իրենց տեսակետը պիտի արտահայտեն, քաղաքական դաշտում ունենան ներկայություն: Բայց բոլոր այն քայլերը, որոնցով փորձում են գոռոզ եղանակով ներկայացնել Հայաստանի քաղաքական դաշտը եւ հասարակությանը համոզել, թե սա 2-3 նախագահների գործ է՝ ուղղակի հարված են մեր երկրի ինքնիշխանությանը, քաղաքացիների արժանապատվությանը: Եվ ոչ միայն այդ նախագահները, այլեւ իրենց մոլեռանդ հավատացյալներն այդ թյուր կարծիքն են իրացնում, թե առանց նրանց չեն լուծվի մեր երկրի խնդիրները: Ես համոզված եմ, թե պետք է այդ գիտակցման պահը գա, եւ իրենք ընդունեն, որ այդ նախագահական եռանկյունին կամա թե ակամա պատանդ է պահում մեր ողջ ժողովրդին ու ապագա սերունդներին: Թող ո՛չ մեկը՝ ՀՀԿ կկոչվի, թե ՀԱԿ-ի կողմնակից, կամ նրանք, ովքեր հեռվից հայցում են երկրորդ նախագահի ակտիվացումը քաղաքական կյանքում, չապրեցնեն մեր ժողովրդին այդ ինքնապատրանքով, թե կլոր սեղանը եւ խնդրի լուծումները միայն այդ եռանկյունում են:
– ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը «Ժառանգությանը» հակընդդեմ կոչ էր արել՝ որպես այդ նախաձեռնության «առաջին քայլ թող փորձեն նախ իրենց կուսակցությունն ամբողջացնեն: Եթե կարող են, ուրեմն՝ վստահություն կներշնչի»: Ի դեպ, դեռ անցած տարվա հոկտեմբերին պահանջել էիք 2010-ի առաջին եռամսյակում հրավիրել «Ժառանգության» արտահերթ համագումար, որտեղ պիտի նաեւ լուծվեին ներկուսակցական խնդիրները: Առաջին եռամսյակն ավարտվեց, եւ այդ համագումարն այդպես էլ չկայացավ:
– Հարգում եմ Արամ Մանուկյանին, իր անցած ճանապարհը եւ քաղաքացիական եռանդը: Վերջին շրջանում գուցե հուզականությունից կամ անբավարար տեղեկացվածությունից ելնելով՝ ինքը կատարում է որոշակի նախապաշարված շեղումներ: Բայց ընդունում եմ իր կոչը, թեեւ կարծում եմ՝ այս դեպքում անկեղծ եւ բարեկամի կոչ չէ: Երբ քաղաքական դաշտում եւ ընդդիմադիր հատվածում լինում են դժվար պահեր՝ գոնե իմ կողմից միշտ լինում են սրտացավ, միաձուլման ու հաղթահարման կոչեր:
Կարծում եմ, որ մայիսի 8-ին, երբ տեղի ունենա «Ժառանգության» արտահերթ համագումարը՝ ես առիթ կունենամ առավել հանգամանալից, ավելի ինքնաքննադատաբար եւ, ինչու չէ՝ նաեւ քննադատաբար ներկայացնել Հայաստանի արտաքին ու ներքին հիմնախնդիրները, դրանց լուծման եղանակները, եւ թե ինչպես «Ժառանգությունը»՝ իր գործընկերների հետ մեկտեղ, մաս է կազմելու ապագա իշխանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել