Հրանուշ Խառատյանը՝ Տիգրան Սարգսյանի «լոզունգային» հայտարարությունների մասին
«Հուսով եմ, որ երբ վարչապետը հայտարարություններ է անում, նպատակը իմիջ ձեւավորելը չէ, այլ ծրագրերի, գաղափարախոսության եւ ցանկությունների դրսեւորումն է: Գուցե ինքը լավ չի հաշվարկում իրականությունը, այդ հայտարարությունների իրականացման առկա եւ հնարավոր սպառնալիքները, ու դրանց, ես կասեի, առավել մեծ մասն իրականություն չի դառնում: Արդյունքում, այո, ստացվում է, որ դրանք PR էին, ծառայում էին հակոտնյային, ու վարչապետն ավելի խոցելի է դառնում»,- արձագանքելով «Առավոտի» դիտարկմանը՝ արդյո՞ք վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու եւ պետության կողմից վերահսկելի դարձնելու հայտարարությունները հերթական PR-ն էին, թե՞ վերջին շրջանում նրա գործունեությանն ուղղված քննադատության պատասխանը, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Տիկին Խառատյանն, ընդհանուր առմամբ, դրական է համարում, որ վարչապետը համաձայնել է հանրային քննադատության հետ, որ խոշոր բիզնեսը լուրջ վերահսկողության չի ենթարկվում, բայց վարչապետի խոսքում տիկին Խառատյանը նաեւ կիսախոստովանություն է նկատել, որն ավելի կարեւոր է համարում. «Ճգնաժամի տարիների հարկային բեռն ընկավ ավելի շատ մանր եւ միջին բիզնեսի վրա: Իր ասածի մեջ մի փոքր «թե»-ականություն կար, բայց սա գալիս է ասելու, որ մեր երկրի ընդհանուր զարգացումների մասին հանրային քննարկումներն ավելի օբյեկտիվ են, եւ շատ զարմանալի է, որ կառավարությունն այդ մասին միայն այսօր է խոսում»:
Ըստ մեր զրուցակցի, լավ է, որ կառավարության քննարկման առարկան է դա, բայց՝ «Վատ է, որ սայլը տեղից դեռ չի շարժվում՝ վկայելով կառավարության անզորությունն այս դեպքերի ընթացքի վրա ազդելու կամ իրենց պրագմատիկ հաշվարկի դժվարությունները: Ես չեմ ուզում ասել ցանկության պակասը, վստահ եմ, որ ցանկություն կա: Ստացվում է, որ ամեն անգամ մենք պիտի համոզվենք, որ մեր երկրի կառավարությունն անզոր է մեր երկրի տնտեսական գործընթացների վրա ազդել, որը կառավարության կոչումն է: Եթե կառավարությունն իր ֆունկցիան չի կատարում, այստեղից շատ ծանր հարցեր են բխում. այն բոլոր աշխատավարձերը, որոնք բնակչության հաշվից գնում են այդ մարդկանց պահելուն, խնամելուն, սպասարկելուն, նրանց համար անալիտիկ կենտրոններ ունենալուն եւ այլն, դատարկ պղպջակի նման դուրս են գալիս: Սա լավ չի ոչ կառավարության, ոչ ժողովրդի, ոչ էլ, առավել եւս, պետության համար»:
Տիկին Խառատյանն առավել անկեղծանալով՝ նաեւ հիշեց մի միջադեպ այն շրջանից, երբ Տիգրան Սարգսյանը դեռ վարչապետ չէր, սակայն բուռն քննարկվում էր նրա թեկնածությունը. «Ես առիթ ունեցա խոսել այն մասին, որ մեր համախառն ներքին արդյունքի դրական աճը բոլորովին չի վկայում հասարակության բոլոր խավերի ընդհանուր զարգացման եւ տնտեսական հնարավորությունների մասին: Վարչապետության թեկնածու Տիգրան Սարգսյանը, ում խորապես հարգում եմ, ինձ համար շատ զարմանալի հակադարձեց, թե նման բան չի կարող լինել, ինչպե՞ս կարող է ՀՆԱ-ն ցույց չտալ երկրի ընդհանուր վիճակը, այդ թվում նաեւ՝ սոցիալական բեւեռացվածությունը: Տվյալ պահին կարծեցի, թե այդ հակադարձումը PR ոլորտից է, բայց դա էլ էր հակոտնյակին ծառայում»: Մեջբերելով համաշխարհային փորձը՝ մեր զրուցակիցը նկատում է, որ մեզ մոտ ՀՆԱ-ի ցուցանիշը միակ բանն է, որով միջինացված դատողություններ է արվում սոցիալական բեւեռների մասին, այն պարագայում, երբ խոշոր բիզնեսի վրա նույնիսկ որեւէ հետազոտություն չի տարածվում:
Տիկին Խառատյանն իշխանական տարբեր թեւերի կողմից «կոմպանիա» է նկատել վարչապետ-անձի դեմ, որն, ըստ նրա, կարող է միտված լինել Տիգրան Սարգսյանին հնազանդեցնելուն որոշ հարցերում, կամ կա վարչապետի՝ իրենց համար առավել ընդունելի տարբերակ: Այս առումով անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին ՀՀ վարչապետի պաշտոնին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Ենթադրում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կցանկանար վարչապետ, ապա նորից նախագահ դառնալ. չեմ կարող ասել՝ ինչ ծրագրեր ունի կամ արդյունքն ինչ կլիներ, բայց եթե դատելու լինենք Քոչարյանի նախագահության տարիների շրջանով՝ տնտեսության իմաստով ընդհանուր դրական արդյունք տվել էին, բայց դրանք այն տարիներն էին, որ Հայաստանում սոցիալական բեւեռացվածությունը հասցրեցին ամենամեծ չափի: Ռոբերտ Քոչարյանը ոչ անձերի, ոչ խմբերի, ոչ էլ, ընդհանրապես, հումանիզմի արժեքների կամ էլ հասարակության արժեքների համար սիրտ ցավեցնելու խնդիր չունի: Նա նախագահ դառնալու հենց սկզբից հայտարարեց, որ իր խնդիրն է Հայաստանի համար բուրժուազիա ձեւավորել: Թե ոտքի տակ ով տրորվեց, մեր հասարակությունն ինչ չափով նվաստացավ, որպես համընդհանուր հասարակական դիմագիծ՝ արժանապատվությունը կորցրեց եւ այլն, հոգ չէր: Ժողովրդի ամենադաժան շահագործման ճանապարհն ընտրվեց հանուն մի քանի մարդու, ովքեր այդպես էլ չդարձան հայկական բուրժուազիա ու այսօր էլ խոսում են իրենց կապիտալը դուրս տեղափոխելու մասին: Չնայած այսօր վիճակը գործնականում չի փոխվել, բայց ես տագնապներով եմ նայում այս հեռանկարին»: