Կառավարության աշխատակազմի ենթակայության ներքո գործող Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) երեկ ամփոփեց փետրվարին Սյունիքի մարզի եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան համայնքների թվով 40 դպրոցներում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Ընթացիկ գնահատումն անցկացվում է 8-11-րդ դասարաններում: ԳԹԿ-ի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը հայտնեց, որ մարտի 23-26-ը Լոռիում եւս անց է կացվել ընթացիկ գնահատում, որի արդյունքները դեռեւս հայտնի չեն: ԳԹԿ-ն նախատեսել է տարվա ընթացքում 4 այսպիսի ստուգում անցկացնել: Տնօրենը կարծում է, որ արտաքին ընթացիկ գնահատումը, նման լինելով միասնական քննություններին, հետագայում աշակերտներին կօգնի քննությունների ժամանակ հաղթահարել առաջ եկող հոգեբանական խնդիրները: «Գրավոր աշխատանքները բերվել են ԳԹԿ, ներգրավվել են առարկայական մասնագետները, որոնց կողմից անցկացվել է ընդարձակ եւ կարճ պատասխան պահանջող առաջադրանքների ստուգում, որից հետո անցել է համակարգչային մշակման»,- ասաց Գ. Խաչատրյանը: 8-րդ դասարանում գնահատումն անցկացվել է ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից, 9-րդում՝ հայոց լեզու, հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց պատմություն, 10-րդ դասարանում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ 11-րդ դասարանցիները՝ հանրահաշիվ, երկրաչափություն, հայ գրականություն առարկաներից: Գ. Խաչատրյանը նշեց, որ աշակերտների մասնակցությունը բավականին ակտիվ է եղել՝ մոտ 90%, սակայն տնօրենի խոսքով՝ արդյունքները գոհացուցիչ չեն: Օրինակ՝ քիմիա առարկայից աշակերտների 62 %-ն անբավարար է ստացել, աշխարհագրությունից՝ 44%-ը, գերմաներենից անբավարար է ստացել աշակերտների 74%-ը: 9, 10 միավոր չի գրանցվել քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, հանրահաշիվ եւ ֆրանսերեն առարկաներից: Համեմատաբար լավ արդյունք, ըստ տնօրենի, եղել է հայոց պատմությունից ու մաթեմատիկայից: Ըստ. Գ. Խաչատրյանի. «Վիճակը համեմատաբար լավանում է 10-րդ դասարանում, որտեղ նախորդ դասարանների հետ համեմատած՝ միջին ցուցանիշն ավելի բարձր է: Դա կարելի է բացատրել նրանով, որ 11-րդ դասարանն ավարտական դասարան է, եւ աշակերտներն ավելի լուրջ են վերաբերվում դրան»: Երեւանի եւ մարզերի դպրոցների աշակերտների արդյունքներն առանձնապես իրարից չեն տարբերվում: Պարոն Խաչատրյանը նշեց, որ համեմատություն է անցկացվել նաեւ ավագ եւ սովորական դպրոցների միջեւ. «Ավագ դպրոցում արդյունքներն ավելի բարձր են՝ մասնավորապես հանրահաշիվ եւ երկրաչափություն առարկաներից: Սա գուցե խոսում է այն մասին, որ ավագ դպրոցներն արդեն ինչ-որ չափով սկսում են արդարացնել իրենց»:
Ի դեպ, արդեն հայտնի է միասնական քննություն հանձնողների նախնական թիվը: ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դիմորդների նախնական ընդհանուր թիվը 17505 է: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի այդ թիվը եղել է 19165: Հայոց լեզու, հայ գրականությունից այս տարի դիմում-հայտ է ներկայացրել 11186 աշակերտ, աշխարհագրությունից՝ 332, ընդհանուր պատմությունից՝ 516, կենսաբանությունից՝ 1754, մաթեմատիկայից՝ 9227, հայոց պատմությունից՝ 3244 աշակերտ: Երեւանում դիմորդների թիվը 6136 է, ԼՂՀ-ում՝ 850, ամենից շատ դիմումների հայտ է ներկայացրել Արարատի եւ Արմավիրի մարզը՝ համապատասխանաբար 1104 եւ 1308: