Ասացին «Նովայա վոլնա» մրցույթի տանուտերերը
Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում լրագրողների հետ ցանկություն էին հայտնել շփվելու «Նովայա վոլնա» մրցույթի տանուտերերը: Ի դեմս՝ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւի ու երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օռլովի: Ասուլիսը սկսվեց ոչ թե հաճախ ընդունված՝ տպավորություններ Երեւանի մասին հարցերով, այլ սուր հարցադրումներով, ինչից Ա. Ռումյանցեւը ենթադրություն արեց, որ լրագրողների քունը գիշերը խափանվել է… Լրագրողական գրոհին հմուտ վարպետները հավանաբար սովոր էին, այդ պատճառով հարցերին պատասխանում էին առանց ավելորդ լարումի, ժպիտով, որոշ հարցեր էլ հմուտ շրջանցելով:
«Կարծում եմ, գիշերը լավ չեք քնել»,- մի քանի անգամ այս ռեպլիկով լրագրողներին կես կատակ-կես լուրջ ասաց Ռումյանցեւը՝ հավելելով. «եկել ենք Երեւան, որպեսզի վերջ դնենք այն բոլոր ասեկոսեներին, որ պտտվում են մրցույթի շուրջ: Եվ այսուհետեւ ամեն ինչին ավելի լուջ ենք մոտենալու»:
Ա. Ռումյանցեւի սրտով չէր նաեւ երգիչ Մհեր Մեսրոպյանի հետ կապված հարցը, թե արդյո՞ք երգիչը մարել է պարտքերը եւ այլեւս չունի խնդիրներ «Նովայա վոլնայի» հետ: «Նախ ասեմ, որ ես երգիչ Մհերի փաստաբանը չեմ եւ տեղյակ չեմ, թե նա ում որքան գումար է պարտք: Մհերը իսկապես խնդիրներ է ունեցել այն հեռուստաընկերության հետ, որը ուղիղ եթեր է տրամադրել երգչին: Բայց այժմ պարտքը մարված է»,- ասաց Ա. Ռումյանցեւը:
Ասուլիսի ընթացքում խոսվեց նաեւ «Նովայա վոլնայի» այս տարվա նոր տենդենցների մասին: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ մրցույթի նախընտրական փուլին դիմած անձանց թիվը: Այս հարցին պատասխանեց հասարակության հետ կապերի պատասխանատու Իզաբելլա Մանասարյանը, որի փոխանցմամբ՝ «Նովայա վոլնային» մասնակցելու համար հայտագրվել է 25 մասնակից, իսկ մանկական «Նովայա վոլնայի» մասնակիցների թիվը 28-ն է: Խոսելով «Նովայա վոլնա» եւ մանկական «Նովայա վոլնա» մրցույթների մասին, Ա. Ռումյանցեւը շեշտեց, որ մանկական մրցույթը ոչնչով չի զիջի մեծերին:
«Մեզ մոտ մուսի-փուսիներ չեն լինելու»,- ասաց Ա. Ռումյանցեւը ու հավելեց, որ երեխաներին խաղի նույն կանոններն են առաջարկվելու: Ի դեպ, մանկական «Նովայա վոլնան» կանցնի «Արտեկ» ճամբարում: Ռումյանցեւը ընդգծեց, որ այս ճամբարը շուրջ 85 տարվա պատմություն ունի:
«Առավոտ»-ի այն հարցին, թե ո՞ւմ հաշվին են մասնակիցները մեկնելու մրցույթին, Ա. Ռումյանցեւը ասաց. «Այդ հարցում եւս կարող եք անհոգ լինել: Բոլոր ծախսերը մենք ենք հոգում: Պատահում է նույնիսկ կոշիկներ ենք գնում մասնակցի համար…»:
Հարցին, թե արդյո՞ք պետք է պահպանել ազգային կոլորիտը բեմական համարներում, մրցույթի տանուտերերը միաձայն ասացին, որ դա շատ կարեւոր է:
Ա. Ռումյանցեւը լրագրողներին հորդորեց ուշադիր լինել մրցույթի մասնակիցների հանդեպ, քանի որ, իր իսկ խոսքերով, մրցույթին մասնակցած երգչի համար նոր հորիզոններ են բացվում: