Կանանց էրոգեն գոտիները կարող են լինել մարմնի ցանկացած մասում
Սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը համոզված է, որ շատ հայ տղամարդիկ նույնիսկ չգիտեն, թե որտեղ են տեղակայված սեփական կնոջ էրոգեն գոտիները: Բժշկի խոսքերով՝ տղամարդկանց ու կանանց էրոգեն գոտիները տարբեր են լինում: Ա. Գրիգորյանն ասում է, որ տղամարդկանց սեքսուալությունը ավելի պարզ է եւ հասարակ, ինչը չի կարելի ասել կնոջ սեքսուալության մասին: Դեռ ոչ մի տղամարդու չի հաջողվել գտնել այն փիլիսոփայական հարցի պատասխանը, թե ի՞նչ է ուզում կինը…
Ըստ մեր զրուցակցի՝ կինը ցանկացած տղամարդու պրակտիկորեն կարող է «իրենով անել»՝ ապահովելով, օրինակ, նրա սեռական ցանկության բավարարումը, անկախ ժամից, տեղից ու վայրից, լուծելով տղամարդու ստամոքսի հետ կապված հարցը (փորը կուշտ լինի), եւ երբեք չտրորելով այդ տղամարդու ինքնասիրությունը, այլ հակառակը՝ հնարավորինս փորձելով բարձրացնել այն: Փաստորեն, սեքսապաթոլոգը նաեւ հոգեբան է:
Կրկին անդրադառնալով էրոգեն գոտիներին, զրուցակիցս ասում է.«Էրոգեն գոտիների հարցում տղամարդիկ շատ հասարակ են: Տղամարդկանց մոտ էրոգեն գոտիները ունեն կոնկրետ տեղակայուն մաս՝ պրակտիկորեն բոլորի մոտ դա սեռական օրգանն է եւ դրա հարակից մասերը: Իսկ կանանց մոտ էրոգեն գոտիները բաժանվում են երկու մասի: Առաջին կարգի մեջ են մտնում այն էրոգեն գոտիները, որոնց ստիմուլյացիան բերում է ընդհանուր սեքսուալ գրգռվածության: Բայց ինչքան էլ երկար ստիմուլյացիա անես՝ այն չի բերի հեշտանքի: Իսկ երկրորդ կարգի մեջ են մտնում այն էրոգեն գոտիները, որոնց ստիմուլյացիան բերում է հեշտանքի: Կանանց մոտ երկրորդ կարգի էրոգեն գոտին կարող է տեղակայված լինել մարմնի ցանկացած մասում: Գրականության մեջ մի դեպք էր նկարագրված, որ մի կնոջ մոտ երկրորդ կարգի էրոգեն գոտին տեղակայված է եղել ձախ ոտքի ծնկան փոսում: Այնպես որ, տղամարդը միշտ պետք է փնտրի կնոջ էրոգեն գոտիները: Թեեւ շատ դեպքերում կանայք օգնում են տղամարդուն գտնել իրենց այդ հատվածը»:
Հետաքրքրվեցի նաեւ, թե արդյո՞ք էրոգեն գոտիների ստիմուլյացիայի համար, որպես խթանիչ կարելի է օգտագործել մեղր, մուրաբա, սառույց… «Եթե կնոջ մարմնի տվյալ շրջանը էրոգեն գոտի չէ, ապա կարագը, մեղրը չի օգնի…Պարզապես այդ սեքսը համեմելով վերոնշյալ սննդամթերքով՝ էլ ավելի կգեղեցկացնեն եւ կքաղցրացնեն սեռական հարաբերությունը: Բայց դրա համար էլ անհրաժեշտ է ունենալ հնարավորություն՝ առանձին տաք սենյակ, անպայման լողանալու հնարավորություն, հիգիենայի պարագաներ»:
Մեր հարցին, թե հատկապես որ սննդամթերքով են հայ զույգերը քաղցրացնում իրենց սեքսը, բժիշկը դժվարացավ հստակ պատասխան տալ, քանի որ այցելուները սեքսապաթոլոգին դիմում են միայն գանգատների դեպքում: Թեեւ բժշկի պրակտիկայում բացառություններ էլ կան: Գտնվում են նույնիսկ այնպիսի «պարտաճանաչ» հիվանդներ, որ նույնիսկ բուժումն ավարտելուց հետո հարկ են համարում զանգել եւ ամեն հաջողված սեռական հարաբերությունը պատմել բժշկին:
Ա. Գրիգորյանի խոսքերով, որպես խթանիչ սովորաբար օգտագործվում են մրգեր, բանջարեղեն, քաղցրավենիքներ, մեղր, շոկոլադ, հյութ…
Էրոգեն գոտիների ստիմուլյացիան արվում է բերանով, ձեռքով եւ սեռական օրգանով: Բժիշկը խորհուրդ չի տալիս էրոգեն գոտիների ստիմուլյացիայի համար օգտագործել կենցաղային առարկաներ, գործիքներ…