Լրահոս
Օրվա լրահոսը

Գավաթային քառորդ եզրափակիչներն արդեն անցյալում են

Ապրիլ 10,2010 00:00

Ապրիլի 7-ի ուշ երեկոյան «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում առաջին խաղակեսի վերջին րոպեները դանդաղ հանգում էին, լուսատախտակին էլ ընդամենը 3:0 հաշիվն էր փայլում մանչեսթերցի երկրպագուների դեմքերի արտահայտության պես: Հաշվի պահպանման պարագայում դաշտի տերերը Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի ուղեգիր էին նվաճելու: Շատ քչերն էին կասկածում դրա իրական լինելուն: Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթերը» սառցե ջրով էր դիմավորել «Բավարիային». երկու արագ գնդակ առաջին յոթ րոպեներին ու եւս մի մեխ՝ գերմանացիների «դագաղի» կափարիչին՝ արդեն 41-րդ րոպեին: Բայց «Բավարիան» ուժ ու, ամենակարեւորը, բոլոր տեսակի մեխերը մի կողմ շպրտելու հավատ գտավ: 3:2 հաշվով հաղթեց «Մաչեսթերը»: Բայց կարողացավ պահպանել միայն հաղթական հաշիվը, բայց ոչ կիսաեզրափակիչ տանող ուղեգիրը:
Խաղային դրամատիզմի, պայքարի ու հավատի պակաս Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի մասնակից ութ թիմերից ոչ մեկը չուներ ու հենց դրանցով էլ մի շարք դեպքերում որոշվեցին չորս հաջողակները:
Հայաստանում էլ, ճիշտ այն օրերին, երբ եվրոպական ֆուտբոլային մայրաքաղաքներում մրցում էին ութ թիմեր, կայացան Անկախության գավաթի 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպումները: Մեր ութնյակից էլ չորսը անցան հաջորդ փուլ: Այսքանով համեմատության բոլոր եզրերը երկու գավաթային մրցաշարերի միջեւ սպառվում են:
Դժվար է ասել, թե կիսաեզրափակիչ մտած քառյակում ուժեղագույն հաջողակներն էին: Տարեցտարի չփոխելով ձեւաչափն ու մասնակիցների կազմը՝ Հայաստանի գավաթը նմանվել է առաջնության կրկնօրինակին: Պարզապես, դրանք ավելի կարճ ժամկետներում են կյանքի կոչվում: Հայաստանում հնարավոր չէ, որ ինչ-որ մի տեղի ԲԿՄԱ ձեռնոց նետի տեղի «Ինտերին», կամ տեղի «Լիոնը» դուրս թողնի պայքարից տեղի «Ռեալին»… Հնարավոր չէ ոչ միայն այն պատճառով, որ մեզ մոտ բոլոր թիմերն արեւի տակ իրենց կոնկրետ տեղը գիտեն, այլ նաեւ այն պարզ բացատրությամբ, որ մենք ընտրության հնարավորություն չունենք: Չկան նոր թիմեր, ֆուտբոլում չկա ջրապտույտ՝ ամեն մեկն իր տեղում դոփում է: Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ դեռ 3-4 տարի առաջ Անկախության գավաթին մասնակցում էին ոչ թե 8, այլ՝ 16 թիմեր, որոնցից 2-ը պայքար էին մտնում 1/4 եզրափակիչ փուլից: Բայց անգամ դա թարմություն չէր հաղորդում խաղարկությանը: Միայն հանդիպումների թվերն էին ավելի շատ, իսկ այ, մրցելու հոգեբանությունը մնում էր նույնը: Որքան էլ թույլ ու անատամ լիներ «Կիլիկիան», միեւնույն է, պիտի հաղթեր «Բանանցի» երկրորդ թիմին, որովհետեւ ուղղակի չի կարող առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարել բարձրագույն խմբի, թեկուզեւ, վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմի արգելքը: «Ջունգլիների օրենքներին» դա հակառակ է:
Այս տարի էլ փոփոխություն եղավ. չմասնակցեց «Արարատը» ու պայքարի մեջ մտավ բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլսը»… Բայց պատկերն ու տրամաբանությունը մեկ է՝ չփոխվեցին, որովհետեւ բովանդակությունը նույնն էր:
Նույն ջուրը նույն ավազանում է, քամիներ էլ գրեթե չեն փչում… Ուրեմն՝ ճահճացմանը քիչ է մնում: Թեկուզ՝ փոքրիկ, բայց առվակներ են պետք, թեկուզ՝ թույլ, բայց՝ քամի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել