Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆԸ ՄԵԿ ԳԼՈՒԽ ԲԱՐՁՐ ԷՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ

Ապրիլ 10,2010 00:00

\"\"Բելառուսի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը փայլեց իր մրցելույթներով՝ Հայաստանի մեդալների հաշվարկին ավելացնելով եւս երեք ոսկի:
Հայ դյուցազնի հաղթանակին ոչ ոք չէր կասկածում: Բայց որ նա մեկ գլուխ վեր կլինի մրցակիցներից, ոչ բոլորը կմտածեին: Տիգրանը պոկում վարժությունն սկսեց այն ժամանակ, երբ ծանրաձողի քաշը հասել էր 161 կգ-ի եւ ասպարեզում մնացել էր միայն բելառուս Միկալայ Չառնյակը: Մարտիրոսյանը ծանրաձողը բարձրացրեց անհավատալի թեթեւությամբ՝ դրանով իսկ ապահովելով «փոքր ոսկին»: Ճիշտ է, Չառյակին նույնպես հաջողվեց սանձել այդ քաշը, սակայն դա ընդամենը երկրորդ տեղի համար պայքար էր: Հաջորդ մոտեցմամբ Մարտիրոսյանը նույն հեշտությամբ բարձրացրեց նաեւ 165 կգ-ն եւ կիլոգրամների տարբերությունը չորսի հասցնելով՝ հրաժարվեց երրորդ փորձից:
Հրում վարժությունում մեր մարզիկի առավելությունն ավելի ակնհայտ էր, քանի որ այս անգամ նրա հերթը հասավ այն ժամանակ, երբ ասպարեզում այլեւս ոչ ոք չկար: Սկսելով 195 կգ-ից, Տիգրանը քաշը բարձրացրեց, ասես, մարզման ժամանակ: Սակայն ինքնավստահությունը խանգարեց. ծանրությունը նա իջեցրեց մի ակնթարթ ավելի շուտ, քան մրցավարները դրա հրահանգը կտային, որի պատճառով արդյունքը չհաշվվեց: Նույն թեթեւությամբ կատարված երկրորդ մոտեցումն արդեն անթերի էր: Ժամանակից շուտ նվաճելով երկու վարժությունների ու երկամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ Տիգրան Մարտիրոսյանը պատվիրեց 205 կիլոգրամ՝ աշխարհի ռեկորդից մեկ կգ ավելի: Ծանրաձողը բավականին վստահ կրծքին վերցնելով՝ Տիգրանը վարժության երկրորդ հատվածը չկարողացավ ավարտին հասցնել ու ռեկորդի գրանցումը հետաձգեց մինչեւ սեպտեմբեր՝ Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել