Այսօր՝ ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը: Մարաղայի ողբերգությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողությունների եւ էթնիկ զտումների համակարգված, հետեւողական շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցվել է մարդկության տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանություններով: Սակայն նույնիսկ նման սեւ ֆոնին առանձնանում է Մարաղայի ողբերգությունը: Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: Էր, որովհետեւ 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմօնականները ներխուժելով՝ ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Ում հաջողվել է փրկվել, ապաստանել են անտառներում եւ հեռանալով՝ ցրվել աշխարհով մեկ: Մարաղան շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ:
Մարաղան Գանձակ-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա Լեռնային Ղարաբաղի դարպասն էր: Գյուղը երկու անգամ՝ 1918 եւ 1921 թվականներին ավերել են թուրքերը: Դրանից հետո մարաղացիները ապրում էին զգուշավոր, բայց դե, հայը միշտ էլ վստահող է եղել ու շատ հաճախ՝ անտեղի: Գյուղի վրա 3000-ից ավելի արկ է նետվել: Դաժան կոտորածների արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է ավելի քան 80-100 մարաղացի, այդ թվում 30-ը՝ կանայք, 40-ից ավելի մարդ վիրավորվել է, եւս 63-ը՝ գերեվարվել: Վերջիններիս թվում եղել է ինը երեխա: Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին՝ ծնողների, զավակների, հարազատների աչքերի առջեւ: Պատանդ տարված մարաղացիներից յոթը վերադարձվել է, 17-ը՝ փոխանակվել, մեկը գնվել է, մեկին հաջողվել է փախչել գերությունից, ութ հոգու սպանության մասին տեղեկություն է ստացվել, եւս 29-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը գրեթե չի լուսաբանվել եւ անհայտ է լայն հանրության համար: Ըստ բարոնուհի Քարոլինա Քոքսի, «Դեյլի Թելեգրաֆ» անգլիական թերթը պետք է տպագրեր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվել է:
Ցավոք, միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տվել ադրբեջանցիների ավանդական ցեղասպան գործողություններին, եւ ոչ միայն Մարաղայում: Իսկ իրենք՝ ադրբեջանցիները շարունակում են անպատիժ ստել, կեղծել, երբեմն նույնիսկ զոհի կերպար ընդունել: Բայց պատմությունն ինչքան էլ կեղծես, փաստական ճշմարտությունը երկար թաքցնել չես կարող…
Մարաղայի ցեղասպանության մասին լրացուցիչ տեղեկություններ, ականատեսների վկայություններ եւ լուսանկարներ կարելի է ստանալ հետեւյալ հասցեներից.
https://www.youtube.com/watch?v=IuX-AK-168E
https://www.armenians.com/genocide/Maraga/index.html
https://maragha.nk.am/photos/1992/3.jpg
https://maragha.nk.am/photos/1992/2.jpg
https://www.armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/crime/chapter8_10.html#9
https://maragha.nk.am/indexarm.html
https://www.hzorhayastan.do.am/news/2009-08-01-10