Ե՞րբ է պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանը դիմելու Եվրամիությանը եւ ՄԱԿ-ին
Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Գեւորգյանը իր հայտնագործությունները համեմատել է Մենդելեեւի, Կոպեռնիկոսի գյուտերի հետ եւ գնահատել դրանց համարժեք: Հիմա էլ իր «անպարտ» լինելը վերագրում է Արթուր Աբրահամի ուժն ու հզորությունը ունենալուն («Առավոտ», 11.03.2010): Ակնհայտ է պրոֆեսորի ցանկությունը՝ նմանվել հանրաճանաչ մարդկանց եւ հետք թողնել պատմության մեջ: Սակայն ակամա հիշում ես Հերոստրատին՝ պատմության մեջ մնալ ամեն գնով, անգամ՝ տաճար այրելու: Վերջին տարիներին Ա. Գեւորգյանին հուզում է միայն մեկ հարց: Այն է՝ պարտադրել գիտական հանրությանը իր կողմից ստեղծված մի «տեսություն», որի կիրառումը քիմիկոսների կողմից, ըստ նրա, «երկրին կարող է բերել միլիարդավոր դոլարների օգուտ»: Հայաստանի քիմիկոսներից շատերն (եւ ոչ միայն Հայաստանի) արդեն գիտեն Գեւորգյանի տեսության արժեքը: Նրանցից ոմանք ստիպված եղան մամուլում հանդես գալ եւ արտահայտել իրենց կարծիքը («Առավոտ», 8.04.2009): Սակայն պրոֆեսորին չի բավարարում հայ քիմիկոսների վերաբերմունքը եւ այդ կապակցությամբ նա հայտարարեց, որ բոլորն էլ անգրագետ են, «զրոներ»: Հորդորներն այն կապակցությամբ, որ իր աշխատանքները հրատարակի Հայաստանից դուրս, ուր կգնահատեն իր «հանճարը», միշտ արժանանում են նույն պատասխանին՝ «գյուտը պետք է մնա Հայաստանին», մոռանալով, որ գիտական ամսագրում հրապարակված հոդվածները, անկախ ամսագրի տպագրության վայրից (Հայաստան, Ռուսաստան, Եվրոպա, թե Ամերիկա), դառնում են գիտական հանրության սեփականությունը, ու նշվում է հաղորդման հեղինակի աշխատավայրը (այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը): Այլ կերպ ասած՝ պրոֆեսորը ինքն էլ գիտե, որ իր վերջին տարիների «նոր տեսության» հետ կապված աշխատանքները գիտական արժեք չեն ներկայացնում եւ կմերժվեն ոչ միայն հայ քիմիկոսների կողմից: Դրա վկայությունը 2009թ. ՀՀ ԳԱԱ նախագահության միջոցներով Մոսկվա գործուղման անհետեւանք (առանց սպասվելիք գովաբանությունների) մնալն է:
Պրոֆեսորին չի գոհացնում հայ քիմիկոսների վերաբերմունքը, ուրեմն պետք է դիմել ՀՀ ԳԱԱ նախագահին, նրանց ստիպելու ընդունել պրոֆեսորի «նոր տեսությունը»: ՀՀ ԳԱԱ նախագահն էլ կարծիքի համար հանձնարարում է հարցը քննարկել ՀՀ ԳԱԱ քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքում: Այնտեղ էլ քննարկման արդյունքը չի գոհացնում պրոֆեսորին: Այսինքն՝ չկան ծափահարություններ եւ գովեստի խոսքեր: Ա.Գեւորգյանի եզրակացությունը միանշանակ է՝ ԳԱԱ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն ու նախագահը արժանի չեն իրենց պաշտոնին: Գնանք դեպի նախարարություն: Այստեղ էլ չի գտնվում ծափահարող, ուրեմն սրանք էլ են թշնամի, պետք է դիմել ՀՀ նախագահին ու վարչապետին: Վերջին տասնամյակում ոչ մի տարի չի եղել, որ չքննարկվեն Ա. Գեւորգյանի կամ «տեսությունը», կամ էլ դիմում-բողոքները՝ ուղղված ՀՀ տարբեր ատյաններ:
Այս տարվա մարտի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (այս կազմակերպության հիմնարկ է համարվում Օրգանական քիմիայի ինստիտուտը) գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Մի շարք հարցերի շարքում քննարկվեց նաեւ Ա. Գեւորգյանի հերթական բողոքը՝ ուղղված ՀՀ վարչապետին: Եղան բազմաթիվ ելույթներ: Հիմնականում նշվում էր, որ Ա. Գեւորգյանը իր նամակ-բողոքներով հոգնեցրել է բոլորին: Խորհրդի որոշումը պրոֆեսորի հերթական բողոքի վերաբերյալ՝ հետեւյալն էր. 1. Ա. Գեւորգյանի բողոքը՝ ուղղված ՀՀ վարչապետին, չպարունակելով գիտական որեւէ շեշտադրում, լի է անհիմն պնդումներով եւ չարախոսությամբ: 2. Խնդրել ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը՝ այսուհետեւ Ա. Գեւորգյանի նմանօրինակ նամակները չուղարկել կենտրոնի գիտխորհրդի քննարկմանը, քանի որ վերջինը բազմիցս արտահայտել է իր կարծիքը արծարծվող խնդրի վերաբերյալ:
Մարդիկ գիտեն՝ սա վերջին բողոքը չէ, եւ պրոֆեսորը հին բովանդակությամբ նոր նամակներ է ուղղելու ՀՀ նախագահին ու վարչապետին: Կանխազգում ենք, որ նման բողոքներ շուտով կստանան նաեւ Եվրամիությունն ու ՄԱԿ-ը (վաղուց եկել է այդ պահը): Բոլոր նրանց համբերություն եմ մաղթում: