Նախօրոք խնդրում եմ՝ չշտապել աղաղակել, թե «սա ցնորամտություն է, դավաճանություն է», իբր՝ «ո՞նց են համարձակվում վտանգել մեր ամենամեծ ու թանկ ձեռքբերումը», ինչպիսին մեր «ազատ, անկախն է»:
Այո՛, հենց համարձակվում եմ: Համբերությանս բաժակն արդեն տեղ չունի տանելու այն համաճարակի հասնող ցինիզմը, որին առնչվում ենք ամենօրյա կյանքում: Միանգամայն համամիտ եմ ս/թ մարտի 28-ի «Առավոտի» առաջաբանի վերլուծության հետ: Որտեղի՞ց եկանք եւ ո՞ւր ենք գնում այս 20 տարվա ընթացքում: Հասկացանք, քարը քարի վրա չթողեցին՝ քանդելով առաջվանը, ինչպես ասում են՝ կեղտաջրի հետ մեկտեղ դուրս շփելով նաեւ մանուկին:
Իսկ ի՞նչ բերեցին փոխարենը: Բռնությունների ու կեղծիքների վրա հիմնված ընտրություններ, որի արդյունքում ղեկավարման աթոռներ են ձեռք բերում առավելապես անարժանները: Ո՞ր ժողովրդավարությանն ենք հասնելու այս ճանապարհով՝ «մականունայի՞ն», թե՞ «բերդային»:
Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում վիճակի բարելավման իմաստով: Ժողովրդի ընդվզումը ընդդեմ անօրինականությունների ու անարդարությունների՝ տեսանք, թե ինչի բերեց: Իսկ մարդասպանները եւ նրանց ղեկավարները շարունակում են մնալ ազատության մեջ եւ առոք-փառոք վայելել թալանածը: Ինչ վերաբերում է արտաքին ազդեցությանը, ապա միջազգային կազմակերպությունների միջամտությունը դարձել է ձեւական ու անարդյունավետ: Էլ ո՞ր ուժի վրա կարելի է հույս դնել իրական բարեփոխումների ակնկալիքով՝ երկրում իսկապես ժողովրդավարություն ու օրինապահություն հաստատելու համար: Ըստ երեւույթին, պետք է համակերպվել այն դառը իրողության հետ, որ մեր հասարակությունը ընդունակ չէ ինքնուրույն պաշտպանել օրինականությունը եւ հաստատել իրական ժողովրդավարություն՝ հիմնված ազատ ու արդար ընտրությունների վրա: Դեմագոգիայով ու ինքնախաբեությամբ զբաղվողներին՝ դժվար է ընդունել այս իրողությունը: Ելնելով իրավիճակից՝ այս պայմաններում կարելի է հանգել մի եզրակացություն. «ազատ, անկախ Հայաստան» հասկացությունը գենետիկորեն անհամատեղելի է մեր ժողովրդի մեծամասնության մենտալիտետին: Ուրեմն, այս վիճակից ելքը՝ այլ կայացած խոշոր իրավական պետության կազմի մեջ մտնելն է:
Այդպիսի երկիր կարելի է համարել Ռուսաստանի Դաշնությունը: Այս դեպքում, լինելով ավտոնոմ մարզի կարգավիճակում, նախ տեղական ղեկավարությունը կդառնա պակաս սանձարձակ, քանզի մեկ կամ երկու զանգվածային հանրահավաք ընդդեմ տեղական իշխանությունները, անօրինությունները՝ անմիջապես կկանխվեն կենտրոնից՝ կադրային փոփոխությունների միջոցով: Իսկ դա հարցերի հարցն է, որ խոչընդոտում է ոչ միայն ժողովրդավարության հասնելուն, այլ նաեւ տնտեսական, սոցիալական, ներառյալ՝ մարդու իրավունքների պաշտպանման եւ այլ կարեւոր կենսական ու հասարակական հարցերի լուծմանը:
Օրինակ, ինչո՞վ է վատ Թաթարստանի ժողովրդի համար նրա ենթակայությունը՝ Ռուսաստանի Դաշնությանը: Ժողովրդի բարօրության տեսակետից ի՞նչ առավելություններ ունի մեր ժողովուրդը, բացի «ազատ, անկախ»-ի կարգախոսը կրելուց: Համեմատենք Թաթարստանը եւ Հայաստանը՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, արվեստի ու գրականության, կրթության ու առողջապահության, սպորտի ու տուրիզմի, մարդու ազատությունների ու իրավունքների զարգացման տեսակետից: Օրինակ, Թաթարստանում 2009 թվին 1 շնչին հասնող համախառն արտադրանքի գումարը կազմել է 5 անգամ ավելի, քան Հայաստանում, իսկ միջին կենսաթոշակը՝ 3 անգամ ավելի, քան Հայաստանում: Մեկնաբանություններն ավելորդ են:
Ձեւականորեն «ազատ, անկախ» ասելով, սփոփում ենք մեզ, որպեսզի բարգավաճեն անօրեն իշխանությունները կամ հագուրդ տրվի «ազատամոլ» ծայրահեղականներին:
Սա տեսակետ է, որը խորհել է պահանջում: