Պրահայում ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի կնքումից հետո, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Իրանի հասցեին ռուսական կողմից երբեւէ ուղղված ամենակոշտ հայտարարությունն է արել: «Ցավոք, Թեհրանը չի արձագանքում իրեն առաջարկված մի շարք կառուցողական, փոխզիջումային պայմանավորվածություններին, եւ մենք չենք կարող աչք փակել դրա վրա: Ուստի, ես չեմ բացառում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հարկադրված կլինի կրկին քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը»,- BBC-ի մատուցմամբ՝ Պրահայում հայտարարել է ՌԴ նախագահը:
Նույն օրը «վեցյակի» անդամ երկրները (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) Նյու Յորքում քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցների, այսպես կոչված՝ «չորրորդ փուլի» մասին բանաձեւի նախագիծը, որի շուրջ համաձայնության հասնելու դեպքում՝ «վեցյակը» պատրաստվում է դնել ՄԱԿ-ի ԱԽ նիստի քվեարկությանը: Թեեւ տեղի ունեցած քննարկումների արդյունքի մասին ոչինչ չի հաղորդվում, բայց դիվանագիտական աղբյուրների ասելով, խոսվել է առաջին հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ միջոցառումների մասին:
BBC-ի մատուցմամբ, ՄԱԿ-ում Չինաստանի նոր դեսպան Լի Բաոդուն իր ռուս գործընկերոջ՝ Վիտալի Չուրկինի հետ ներկայանալով հանդիպմանը, բանակցությունները որակել էր՝ «շատ կարեւոր»: Այդուհանդերձ, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յան Յուն հայտարարել է, թե «Չինաստանը, ինչպես նախկինում, հավատում է, որ միջուկային խնդրի լավագույն լուծումը երկխոսությունն ու խորհրդակցություններն են»: