Պակիստանի ազգային ընկերակցությունը միաձայն քվեարկել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին: BBC-ի մատուցմամբ, դրանցով սահմանափակվում են երկրի նախագահի լիազորությունները՝ հօգուտ խորհրդարանի եւ կառավարության: Հիմա օրինագիծը պետք է հաստատի երկրի Սենատը, բայց, ինչպես նշում են տեղի դիտորդները, դժվար թե Վերին պալատում այս խնդրի շուրջ դժվարություններ լինեն:
Եթե օրինագիծը ընդունվի, ապա պետության ղեկավարը կզրկվի իր լիազորությունների մի ստվար հատվածից, ինչպիսիք են՝ լուծարել կենտրոնական եւ նահանգային կառավարությունները, նշանակել զորքերի հրամանատարներին, դատավորներին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին, առանց խորհրդարանի եւ տեղական օրենսդիր ընկերակցությունների համաձայնության՝ արտակարգ դրություն հայտարարել երկրում կամ առանձին նահանգներում: Օրինագծի համաձայն, խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունների նշանակումը հնարավոր կլինի միայն երկրի վարչապետի առաջարկությամբ, բացի այդ՝ կառավարության ղեկավարի ձեռքն է անցնելու «միջուկային կոճակի» նկատմամբ վերահսկողությունը, այսուհետեւ կուլիսային քաղաքական գործարքները սահմանափակելու նպատակով խորհրդարանի պատգամավորներն են, որ բաց քվեարկությամբ ընտրելու են երկրի վարչապետին եւ նահանգային կառավարությունների ղեկավարներին: «Անհնարինն այսօր դարձել է հնարավոր»,- հայտարարել է Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գեյլանին: Սա 1973թ.-ից ի վեր երկրում նախագահի իշխանությունը սահմանափակելու առաջին փորձն է: Տասնամյակներ շարունակ երկրի բարձրագույն պաշտոնը մեծ մասամբ ոչ ժողովրդավարական ճանապարհով զբաղեցրել են գեներալներ, որոնք գործնականում միանձնյա իշխանություն են հաստատել: Պակիստանի քաղաքական վերնախավը այդ փոփոխությունները համարում է ժողովրդավարության ուղղությամբ կատարվող դարակազմիկ քայլ, իսկ շարքային պակիստանցիները նորամուծության նկատմամբ անտարբեր են: