Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղաշրջում, որը կորոշի ղրղզական «Մանասի» ճակատագիրը

Ապրիլ 10,2010 00:00

Քննարկելով Ղրղըզստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, միջազգային լրատվամիջոցները ենթադրում են, որ, ըստ ամենայնի, այդ երկրում պետական հեղաշրջումը առանց Ռուսաստանի միջամտության չի եղել: Բրիտանական «The Guardian» թերթի կարծիքով, չնայած ՌԴ վարչապետ Պուտինի հավաստիացումներին, թե Մոսկվան որեւէ կապ չունի Բիշքեքում տեղի ունեցողի հետ, Ռուսաստանի «մաքիավելյան» մեքենայությունները Ղրղըզստանում եւ ԱՊՀ միջինասիական մյուս հանրապետություններում՝ Պուտինի կառավարման ժամանակաշրջանում նորմա են դարձել: Թերթի կարծիքով, Ռուսաստանի շահագրգռությունը Ղրղըզստանի վրա իր ազդեցությունը վերադարձնելու հարցում՝ ակնհայտ է: Այդ երկրի էներգակիրների ռազմավարական պաշարների եւ հաղորդակցական տարանցիկ միջանցքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցում Մոսկվան ստիպված է մրցակցել Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ, որոնք այդ տարածաշրջանում իրենց շահերն ունեն: «Newsru»-ն հիշեցնում է, որ, ի տարբերություն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, որը Բիշքեքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին Մոսկվայի առնչությունների թեման չի բարձրացրել, բայցեւ չի պաշտպանել գործող իշխանությանը՝ հայտարարելով, թե դա այդ երկրի ներքին գործն է, Պուտինը դեռ չորեքշաբթի առավոտյան շտապել էր ճանաչել Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը: Երեկ էլ այդ կառավարության պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ Պուտինի խոստացած հումանիտար օգնությունը ստանալու հարցերը քննարկելու համար:
Բրիտանական թերթը շեշտում է, որ Պուտինը չի մոռացել Բակիեւի երկակի խաղը՝ «Մանասի» ռազմական հենակետի ճակատագրի շուրջ որոշումներ ընդունելու հարցում: Բակիեւը Ռուսաստանին խոստացել էր փակել ամերիկյան հենակետը եւ Մոսկվայից առանց փոխհատուցման 150 մլն դոլարի նվիրատվություն եւ 300 մլն դոլարի վարկ էր ստացել, բայց անակնկալ կերպով փոխել էր որոշումը եւ հրաժարվել իր պարտավորություններից: 2009թ. հունիսին արդեն Ղրղըզստանի կառավարությունը որոշում էր ընդունել պահպանել ԱՄՆ-ի ռազմական ավիաբազան՝ այն վերանվանելով տարանցիկ փոխադրումների կենտրոն: Իսկ 2010-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն այդ երկրի տարածքում նոր ռազմական օբյեկտ՝ ուսումնական կենտրոն է բացելու: Ի դեպ, անդրադառնալով «Մանասի» խնդրին, երկրի ժամանակավոր կառավարության վարչապետ Օմուրբեկ Տեկեբաեւը հայտարարել է, թե ինքը նորմալ է վերաբերվում ԱՄՆ-ին, բայց նոր կառավարության մյուս անդամները «պրողրղզական» են, եւ արդյոք այդ ռազմաբազայի հարցը կլուծվի՞ հօգուտ Ռուսաստանի՝ հայտարարել է, թե ցույց կտան քննարկումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել