Ապրիլի 8-ի երեկոյան Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն իր ադրբեջանցի գործընկերոջը պատմել է իր հատուկ բանագնաց Ֆիրուդին Սինիրլիօղլուի՝ Հայաստան կատարած այցի մասին: APA-ի մատուցմամբ, այդ մասին Դավութօղլուն հայտարարել է մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր կարեւոր իրադարձությունից հետո նա իր պարտքն է համարում կապվել Մամեդյարովի հետ: Վերջինիս հետ զրույցի ժամանակ քննարկվել է նաեւ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ սպասվող հանդիպման հարցը: Դավութօղլուն Մամեդյարովին նաեւ ասել է, թե վերջերս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ Էրդողանի հանդիպման կարեւոր հատվածը վերաբերել է հայ-ադրբեջանական տարաձայնություններին: «Այդ խնդրով իրականացվելիք համապատասխան աշխատանքները առաջիկա ժամանակների համար արդեն համակարգվել են»,- հայտարարել է Դավութօղլուն: