Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը «Հետք» թերթի ընթերցողի հարցին պատասխանելով` ասել էր, որ ժամանակին եղել է Կոմունիստական կուսակցության անդամ, հիմա հանրապետական է, երբեւէ չի եղել ՀՀՇ կուսակցության շարքերում: ՀՀՇ Տավուշի մարզի ակտիվիստներից տեղեկացանք, որ 1995 թվականին, այն ժամանակ Իջեւանի քաղխորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը դիմում է գրել ՀՀՇ անդամ դառնալու համար: Դա եղել է հետեւյալ հանգամանքներում:
1995 թվականի հուլիսի 5-ին կայացան ԱԺ ընտրություններ: Իջեւանում Արմեն Ղուլարյանը մրցակցում էր շրջանի երկարամյա ղեկավար Ջեմմա Անանյանի հետ: Ընդհանուր արդյունքով` Ջեմմա Անանյանը շուրջ 1000 ձայնով հաղթել է Ղուլարյանին: Դրանից հետո Երեւանից տարբեր կարգի ստուգող խմբեր են եկել Իջեւանի քաղաքային խորհուրդ: Այդ ստուգողներից զերծ մնալու համար Արմեն Ղուլարյանը դիմում է գրել ՀՀՇ կուսակցությանն անդամագրվելու համար: Դրանից հետո Իջեւան այլեւս ստուգող հանձնաժողովներ չեն եկել, Արմեն Ղուլարյանի ՀՀՇ անդամ դառնալու գործընթացը «սառել է» ինչ-ինչ պատճառներով եւ նա այդպես էլ ՀՀՇ կուսակցությանը չի անդամագրվել: