Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը այցելել է մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակչուհի Սաթենիկ Պետրոսյանին, ում 100 տարին բոլորել է այս տարվա հունվարին: Մարզպետը 100-ամյակի կապակցությամբ Սաթենիկ Պետրոսյանին է նվիրել 100 հազար դրամ: 100-ամյա Սաթենիկ տատը ծնել ու դաստիարակել է ինը երեխա, ունի 40 թոռ եւ 140 ծոռ, որոնց անունները մեկառմեկ հիշում է: Իր տանը ստեղծել է հավատի անկյուն, ուր դրել է Մուշից բերած երկու ավետարանները, խաչերը, ժամանակակից սրբապատկերներ եւ քանդակներ: Խաչերի օգնությամբ Սաթենիկ տատն ու նրա դուստր Ռիման բուժում են իրենց դիմած հիվանդներին: Սաթենիկ տատը պատմում է, որ Սուրբ Հակոբ մատուռի վրա է կառուցված այն տունը, ուր ապրում են իրենք: Սաթենիկ տատն ունի հիանալի տեսողություն, լսողություն ու հիշողություն, լվացք է անում, հավերին ու անասուններին կերակրում, ճաշ եփում եւ ասում, որ ապրում է աշխատանքի ու աշխատասիրության շնորհիվ: