Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԵԳԱԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵԼ»

Ապրիլ 10,2010 00:00

Մեծ գումարների կարիք չունեցող, բայց մեծ հեռանկարներ խոստացող
հայտնագործությունը ուշադրության չի արժանանում:

Երկիր մոլորակի վրա շարունակվում է ավանդական էներգակիրների՝ նավթի, գազի, քարածուխի պաշարների նվազումը, արդյունքում նաեւ՝ դրանց գների օրեցօր թանկացումը: Ու տարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում այլընտրանքային էներգիայի ստացման խնդրին: Այս նպատակի համար օգտագործվում է արեւը, ջուրը, քամին, անգամ կենցաղային աղբը:
Գիտակցելով սա՝ Աբովյանի կրթահամալիրի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանը եւ ֆիզիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը մի խումբ ինժեներների հետ 15 տարվա համառ աշխատանքից հետո ստեղծել են արեւային մի սարք՝ հելիոհամակարգ, DVG անվանումով, որը արեւային ջերմությունը հավաքելով մի կետում՝ վերածում է էներգիայի: Առայժմ սարքի հնարավորությունը 0,6 կվտ հզորությունից (մանկական խաղալիքներ) մինչեւ 4 կվտ ջերմային հզորությունն է, բայց հետագայում այն կարող է արտադրել մինչեւ 200 կվտ ջերմային հզորություն: Սարքն ունի մի քանի ֆունկցիա՝ ջրատաքացում, տաք սննդի պատրաստում, գյուղմթերքների վերամշակում: Այսինքն՝ DVG-ն կարող է ծառայել քաղաքներում արագ սննդի պատրաստման կետերում, ինչպես նաեւ հեռավոր գյուղերի բնակիչներին, սարերում մի քանի ամիս անցկացնող անասնապահներին, հովեկներին, մեղվապահներին: Եվ, որ ամենակարեւորն է, էներգիայի այս աղբյուրը էկոլոգիական տեսակետից կատարյալ է ու առանց թունավոր արտանետումների՝ արեւի ճառագայթային էներգիան վերածում է ջերմային էներգիայի:
«Այսօր Հայաստանում էներգետիկ խնդրով զբաղվողները հակված են այլընտրանքային էներգիա ստանալ՝ հիդրոէլեկտրակայաններից, որովհետեւ այն գազից էժան է, բայց նրանք չեն պատկերացնում, որ աշխարհում հելիոտեխնիկան ավելի մատչելի է, եւ արեւային սարքի զանգվածային արտադրությունը կլուծի ոչ միայն էլեկտրականության ստացման, այլեւ մարդկանց զբաղվածության խնդիրը»,- ասում է Գրիգոր Մնացականյանը: Ըստ նրա, սարքի պատրաստումը որեւէ դժվարություն ու ջանք չի պահանջում, մարդը կարող է նույնիսկ իր ավտոտնակում հավաքել այն եւ, բացի այդ, մատչելի է օգտագործման համար, այսինքն՝ այն կարող են կառավարել եւ երեխան, եւ տատիկ-պապիկները:
Հելիոհամակարգը ավտոմատ պտտվելով ե՛ւ հորիզոնական, ե՛ւ ուղղահայաց ուղղություններով՝ ինքնուրույն գտնում է արեւին: Մտահղացում կա «ՎիվաՍելի» հետ ստեղծել նոր ծրագիր, ըստ որի՝ սարքը կկառավարվի բջջային հեռախոսի միջոցով:
Արեւային սարքի կարեւորությունը հասկանալու համար բավական է միայն նշել, որ ապագայում դրանցից ստացված էներգիայով հնարավոր կլինի ջեռուցել բնակարանները, գրասենյակները, ուսումնական հաստատությունները: Օրինակ, մեկ դպրոց ջեռուցելու համար կպահանջվի 10 հելիոհամակարգ: Որքան էլ զարմանալի է, սարքի արտադրությունն սկսելու համար այնքան էլ խոշոր գումարներ անհրաժեշտ չեն. 100-120 կգ կշռող 1 սարքը կարժենա ընդամենը 1000 դոլար, իսկ մեկ գյուղը հելիոֆիկացնելու (այսինքն՝ ձմռանն արեւային էներգիայով տաքացնելու) համար կպահանջվի 100 000 դոլար:
Չնայած ոչ մեծ գումարներին, նախաձեռնության հանդեպ Հայաստանում դեռեւս սառն անտարբերություն է: Տարբեր գերատեսչություններից մասնագետները գալիս են, տեսնում, հիանում եւ… ոչ մի արձագանք կամ առաջարկ: Հենց այս անտարբերությունն էլ վրդովեցնում է սարքի հեղինակներին: «Մի քանի գործազուրկ ինժեներներ ու ֆիզիկոսներ «պարտիզանական» եղանակով առանց ֆինանսավորման ու աշխատավարձի՝ ստեղծել են Հայաստանում նախադեպը չունեցող հելիոհամակարգ: Հիմա մի փոքր պետական աջակցություն է պետք՝ այն կյանքի կոչելու եւ արտադրությունը սկսելու համար: Բայց Հայաստանի իշխանավորները որոշել են միայն ծիրանի չրով, տոմատով ու «Ջերմուկով» աշխարհին զարմացնել: Լավ, ինչքա՞ն կարելի է շեշտը միայն տուրիզմի զարգացման վրա դնել: Ինչ է՝ Թուրքիայի ու Հունաստանի պես միայն սպասարկող երկի՞ր դառնանք՝ զբոսաշրջիկներ ընդունելով- ճանապարհելով: Սա՞ է գիտական մեծ ներուժ ունեցող մեր երկրի դեմքը»,- ասում է Գրիգոր Մնացականյանը: Նրան տխրեցնում է այն, որ սարքի արտադրությամբ գործնական առաջարկներ է ստացել առայժմ միայն օտարերկրացիներից. դրանով շահագրգռված են իտալացիները, ֆրանսիացիները: Մալայզիայից արդեն 2000 սարքի պատվեր կա՝ պայմանով, որ էլեկտրական հոսանքն էլ հետը տրվի, ինչի հնարավորությունը դեռ չկա՝ գումարի բացակայության պատճառով: Շուտով բանակցություններ կսկսվեն բրազիլացիների հետ՝ մոտ 2000 կմ ձգվող ծովափի երկայնքով «արեւային սրճարանների» կառուցման համար: Իհարկե, առաջարկները գայթակղիչ են ու հեռանկարային, բայց գիտնականները ցանկանում են իրենց հայտնագործությունը Հայաստանին ծառայեցնել եւ դրա արտադրությունը այստեղ հիմնել: Բարեբախտաբար, կլիմայական պայմանները բարենպաստ են, տարվա մեջ 7-8 ամիս արեւային եղանակ է լինում, այսինքն՝ «անվճար էներգակիրը» մեզ ի վերուստ է տրվում, ինչո՞ւ դրանից չօգտվել:
Մահից ոչ շատ առաջ Աբովյանի հելիոհենակետ այցելելով՝ ակադեմիկոս Պարիս Հերունին տեսնելով հելիոհամակարգը, նույնիսկ ուրախությունից արտասվել է եւ ասել դրա հեղինակներին. «Ես այդպես էլ չհասցրի իմ արեւի սարքն ավարտին հասցնել, դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ մեծ գործ եք արել…»:
Մեծ գիտնականը չհասցրեց նաեւ տեսնել, թե ինչ անտարբերություն է դրսեւորվում սարքի հանդեպ Հայաստանում եւ թե ինչպես են դրա հեղինակները սրտի ցավով մտածում մեկնել հայրենիքից որեւէ երկիր՝ հելիոհամակարգի արտադրությունն այնտեղ կազմակերպելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել