Մարտի 11-ի՝ «Փակվել էր Մեղրի-Երեւան մայրուղին» եւ մարտի 12-ի՝ «Շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Կապան-Գորիս ճանապարհահատվածում՝ 247-րդ կմ-ում, Թասի լեռնանցքում մարտի 9-ին տեղի ունեցած սողքի պատճառով վտանգավոր է դարձել այդ հատվածով երթեւեկելը, դեպքի վայր էր ժամանել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, իսկ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը մեզ ասել էր, թե «առաջիկա 10 օրերին դեպքի վայրում երկրաբանական ուսումնասիրություններ կարվեն, որից հետո կպարզվի՝ նոր շրջանցիկ ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն կա՞, թե՞ հնարավոր կլինի անվտանգ երթեւեկություն ապահովել՝ նորոգելով նույն ճանապարհը»:
«Ճաննախագիծ» ընկերության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված վայրում 7-8 մետր խորությամբ ժայռային գրունտներ կան: Ուստի որոշվել է կառուցել բետոնե հենապատեր: «Մոտ 300 միլիոն դրամի աշխատանք պետք է կատարվի: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը առաջարկ է ներկայացնել ՀՀ կառավարությանը, որ պահուստային ֆոնդից միջոցներ հատկացվեն այս նպատակին: Միջոցներ տրամադրելուց հետո մրցույթ կհայտարարվի եւ հաղթող կազմակերպությունը կսկսի կառուցապատումը, մոտ 3-4 ամիս անց հնարավոր կլինի ավարտել աշխատանքները»,- տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արշակ Ուստաբաշյանը: Այս պահին Կապան-Գորիս ճանապարհի այդ հատվածը քիչ լայնացվել է՝ մարդատար եւ բարձր բեռնատար ավտոմեքենաների միակողմանի անվտանգ երթեւեկությունը ապահովելու համար: Իսկ 1,7 կմ ճանապարհահատվածը, որ կառուցվել էր սողանքային հատվածը շրջանցելու համար, հավանաբար իր նպատակին չի ծառայի, քանի որ քննարկումներ այս ուղղությամբ չեն ընթանում. խնդիր է դրված վերականգնել մայրուղու վնասված հատվածը: