Վանաձորում հասարակական տրանսպորտի հստակ կանգառներ չկան, փոխարենը կան վեճեր, սպառնալիքներ ու դժգոհություններ:
«Ազիզդ թաղեմ», «լավ օր չունենաս», «մուրազիդ չհասնես». վարորդների հասցեին նման անեծքներ հաճախ կլսես Վանաձորի փողոցներում: Որպես կանոն, սրանք հաջորդում են «վարպետ ջան, վեշս ծանր է…» կամ «երեխու հետ եմ՝ կկանգնե՞ս» անտեսված խնդրանքներին: Հաճախ այս «երկխոսությունները» լուրջ վիճաբանությունների եւ երկուստեք սպառնալիքների առիթ են դառնում՝ այդ ընթացքում «հակամարտող կողմերը» հիշում են քաղաքում քիչ թե շատ հայտնի ծանոթ-բարեկամներին: Առաջին հայացքից ծիծաղ առաջացնող երեւույթը երբեմն միայն «հաթաթայով» չի ավարտվում՝ անկախ նրանից ով է մեղավոր՝ կարճ ժամանակ անց վարորդին նույն երթուղում էլ չես հանդիպում: Իհարկե, վարորդներն էլ են քմահաճույքով աշխատում, նույնիսկ քաղաքի կենտրոնական հրապարակում նախօրոք զգուշացում է պետք, որ արգելակեն: Օր էլ կա՝ ամեն ինչ կախված է վարորդի տրամադրությունից. հնարավոր է նրանք ընդառաջեն մի երիտասարդի, սակայն տարեց կնոջ խնդրանքը մերժեն:
Այսօրինակ վեճերը կանգառների բացակայության, նշաններ չլինելու պատճառով են: Նշանների մի մասը գողացել-տարել է բնակչությունը: Ասում են՝ շրջանաձեւ նշանները գյուղերում ծառայում են որպես թոնրի կափարիչ, եռանկյուն նշաններով ձմռանը լավ մաքրվում է ձյունը…
Երկու տարի առաջ «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով վերանորոգվեցին ծայրամասային թաղամասերի կանգառները, բայց դրանք էլ են արդեն թալանվել: «Եթե մեր քաղաքացիները չեն մտածում իրենց մասին, որ սպասելու ժամանակ նեղություն չկրեն, տեղումներից պաշտպանվելու ու նստելու տեղ ունենան, մենք ո՞նց մտածենք»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի տրանսպորտի բաժնի մասնագետ Էռնեստ Գեւորգյանը: Վանաձորի այս տարվա բյուջեից 7.5 միլիոն է հատկացվել խնդիրը վերջնականապես լուծելու համար: Այսօր քաղաքապետարանի ճարտարապետական բաժինը ուսումնասիրում-հաշվառում է իրականացնում եւ միայն այս աշխատանքների ավարտից հետո կարելի կլինի հաշվել կանգառների իրական թիվը, քանի որ, ըստ Էռնեստ Գեւորգյանի, կանգառներ կան, որոնք առերեւույթ չեն երեւում, ոչ նշագծում կա, ոչ նշաններ: Վանաձորի 70 կանգառների 70%-ը թալանված է:
Իրարից չափազանց հեռու գտնվող կանգառները կամ նշանների բացակայությունը վարորդների եւ ուղեւորների համար մեծ խնդիրներ են ստեղծում՝ հատկապես Գրիգոր Լուսավորչի փողոցում: Քաղաքի ամենախիտ եւ բանուկ փողոցով, որտեղ տեղակայված է Վանաձորի կենտրոնական շուկան, հարակից մի քանի շուկաներ եւ անվերջ ձգվող խանութներ ու բանկեր, անցնում է քաղաքը սպասարկող 20 երթուղիներից գրեթե կեսը՝ թիվ 3, 4, 9, 13, 16, 17, 18, 19, 20: Այս պարզ պատճառով էլ երթեւեկը ավելի աշխույժ է, իսկ կանգառների անհարմարությունը՝ կրկնակի բողոքների ու դժգոհությունների առիթ, երբ փողոցի ամբողջ երկայնքով խանութների առաջ կայանված մեքենաների պատճառով հասարակական տրանսպորտը կանգառում չի կարողանում կանգնել:
Վանաձորի կենտրոնական՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում է գտնվում «Գրին Պլազա» խանութը, եւ փողոցի հարակից մայթը օգտագործվում է որպես կանգառ, որին Վանաձորի քաղաքապետարանում շատ հանգիստ են նայում: «Այդ կանգառը շատ շուտ է նախատեսված եղել, եւ այդտեղ խանութ կկառուցվեր, թե այլ բան, դա որպես կանգառ էլ օգտագործվելու է»,- ասում է քաղաքի տրանսպորտի բաժնի մասնագետ Էռնեստ Գեւորգյանը: Իսկ ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնում շտապում են տեղեկացնել, որ նույն փողոցում բնակիչների խնդրանքով նոր կանգառ կբացվի:
Վանաձորում կան կանգառներ, որ շատ անհարմար են կանգնելու համար, որովհետեւ քաղաքացիները կանգնում են գրեթե փողոցի կենտրոնում: Պատկան կառույցների հետ զրույցներից պարզվում է, որ այդտեղ նախատեսված կանգառներ չկան, ուղղակի վարորդները բնակիչների խնդրանքին արձագանքելով՝ կանգնել են, վերջիններս էլ սովորել են եւ նշված տարածքը ծառայում է որպես կանգառ (օրինակ՝ Լաչինի միջանցք կոչվող շուկայի հարեւանությամբ):
Կանգառների հարցը լուծելու համար քաղաքապետարանը կանգառների տարածքը տալիս է վարձակալության: Ըստ տրանսպորտի բաժնի մասնագետի, միայն այդ տարբերակով կարելի է կանխել կանգառների անընդմեջ եւ պարբերաբար թալանը: Կանգառի յուրաքանչյուր նշանի համար 20 հազար դրամ է անհրաժեշտ, իսկ նստարաններ տեղադրելու դեպքում այդ թիվն ամենաքիչը կրկնապատկվում է: Բայց բնակիչներն ամեն դեպքում բողոքում են ոչ այնքան կանգառների բացակայությունից (յուրաքանչյուր վանաձորցի հստակ գիտի իր կանգառը), որքան վարորդների վերաբերմունքից: «Մեկ է, ոնց իրենց հարմար է՝ այնպես էլ աշխատում են, ես ավելի շատ 1-ին համարից եմ օգտվում, հնարավոր չէ պայմանավորվես ու ճիշտ ժամանակին տեղում լինես, սկզբում էնքան դանդաղ են գալիս, մտածում ես՝ ակի տակ ձու կա, իսկ հետո ոնց որ կարտոֆիլի մեշոկ տանելիս լինեն, որովհետեւ ժամով չեն աշխատում, իջնող մեքենան բարձրացողին զանգում է, թե մարդ չկա, հլա որ մի գա, 1-2 հոգին մարդ չեն, հա՞»,- ասում է ՌԴ-ից իր հարազատ քաղաք հյուր եկած Մելանյա Մարտիրոսյանը:
Իսկ երթուղային տաքսում մեկն ասաց. «Ըհը, մի քանի հոգի կանգառից դուրս կանգնացրին, իրան ձեռնտու է, վերցնում է, թեկուզ տեղ չունի, բայց որ ասեմ կանգառին չհասած կանգնի՝ չի կանգնի, ասում են՝ չի կարելի, կտուգանեն, ի՞նչ է, ԳԱԻ-ն պասաժիր վերցնելիս չի՞ տուգանում»: Ուղեւորի հարցն այդպես էլ անպատասխան մնաց: Ուղեւորները բողոքում են ոչ միայն վարորդների վերաբերմունքից, այլեւ՝ մեքենաների պակասից, նրանց խոսքերով, հատկապես առավոտյան եւ ընդմիջման ժամերին տրանսպորտում այնքան խիտ է լինում, որ անգամ շնչել չի լինում: Երթուղուց օգտվողներն արդեն կատակում են. «Ամենքս մի ռաժոկով պիտի կանգառ գանք»:
Այս ամենին ի պատասխան, վարորդները խոսքները մեկ արած լռեցին, ոչ մի երթուղու վարորդ իրեն մեղավոր չի համարում, բոլորը պնդում էին, որ իրենք նախատեսված գրաֆիկով են աշխատում եւ բնակիչների բողոքներն էլ, ըստ նրանց՝ «Ոչ թե ժամի կռիվ են անում, այլ՝ որ կանգառում չենք կանգնում, մենակ դրա համար: Շուկայի նեղ տարածքում ասում է՝ կանգնի, այնտեղ խաչմերուկները խիտ են, մեքենաները՝ շատ, որ իրան մնար՝ ինքը որտե՞ղ կկանգներ,- ասում է վարորդներից մեկն ու իր հերթին բողոքում ուղեւորներից,- սրտներովը գնաս՝ ամեն քայլափոխի կկանգնեցնեն»: Խոսքն ավարտելուց հետո վարորդը հատուկ խնդրում է, որ երթուղու համարը չգրեմ, թե չէ հաջորդ օրն ինքն անգործ կմնա:
Իսկ Վանաձորի կանգառների խնդիրը տարիներով չի լուծվում ու ուղեւոր-վարորդ կռիվն անվերջանելի է թվում: