«Առավոտն» ու ԻԱԿ-ն՝ ընդդեմ Լոռու մարզպետարանի հայցի քննությունն ավարտվեց
Երեկ ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում սկսվեց «Առավոտը» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն՝ ընդդեմ Լոռու մարզպետարանի հայցի դատաքննությունը: Հիշեցնենք, որ դեռեւս 2009-ի օգոստոսի 19-ին «Առավոտը» էլեկտրոնային նամակով հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարան, տեղեկանալու, թե ՀՀ պետական բյուջեով՝ «Այլ նպաստներ բյուջեից» տողով հատկացված 20 միլիոն դրամը ի՞նչ նպատակով է ծախսվել, եւ այդպես էլ պատասխան չի ստացել: Մարտի 3-ին նույն դատարանում հայցի նախնական քննության ժամանակ Լոռու մարզպետարանի իրավաբան Ալիկ Սահակյանը հաստատեց, որ հարցումը ստացվել է, բայց չասաց, թե ինչու պատասխան չի տրվել:
Երեկվա նիստում «Առավոտ» օրաթերթի շահերի պաշտպան՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» փաստաբան Կարեն Մեժլումյանը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, հայտարարեց, որ լրագրողը կարող է տեղեկատվություն ստանալու իրավունքը իրացնել՝ օգտագործելով էլեկտրոնային փոստը եւ այստեղ ոչ մի սահմանափակում չկա: Ավելին. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մարզպետարաններին 2003 թվականի հունիսի 23-ին ծանուցել է, որ էլեկտրոնային գրագրություն նույնպես ընդունվում է եւ մարզպետարանի «քարտուղարությունում բացվում են բոլոր նամակները, այդ թվում՝ էլեկտրոնային»: Լոռու մարզպետարանը էլեկտրոնային նամակը գրավոր չի համարում: Մարզպետարանի իրավաբան Ալիկ Սարգսյանը պնդում էր, որ միայն գրավոր` ոչ էլեկտրոնային նամակի դեպքում է, որ նամակները հասցեագրվում են բաժիններին: Նաեւ նկատեց, որ 5 տարվա կտրվածքով յուրաքանչյուր որոշումով գումարների ծախսի մասին տեղեկություն տալը ժամանակատար է: Բայց եթե նույնիսկ երկար ժամանակ էր հարկավոր հարցմանը պատասխանելու համար, ապա մարզպետարանը պարտավոր էր հնգօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել թերթին: Ի դեպ, Լոռու մարզպետարանի դեմ դատական հայցից հետո մարզպետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Էդիկ Հովսեփյանը նախ արձակուրդ է գնացել, ապա, իր դիմումի համաձայն, ազատվել աշխատանքից:
Դատարանը վճիռը կհրապարակի ապրիլի 22-ին: