Մայրաքաղաքի կանգառների ցանցի բարեփոխման շուրջ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արման Միրիջանյանի հետ օրերս կայացած զրույցում «Առավոտը» ոլորտի պատասխանատուի ուշադրությունը հրավիրեց Աբովյան փողոցի Ավետիք Իսահակյանի արձանի դիմացի կանգառում տիրող իրավիճակին, որտեղ թիվ 69 երթուղու տաքսիները գրավել են կանգառի համար հատկացված ողջ տարածքը՝ ուղեւորներին ստիպելով կանգնել ուղղակի ճանապարհի վրա, իսկ այլ երթուղու տաքսիներին՝ կանգառ կատարել 2-րդ գծում՝ Աբովյան փողոցի մեջտեղում: Կիսելով մեր մտահոգությունը՝ Ա. Միրիջանյանը նշեց, որ քաղաքապետարանն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել թիվ 69 երթուղու վերջնականգառը նշված հատվածից հանելու համար: Նա հավաստիացրեց, որ տվյալ կանգառում այլեւս հնարավոր չէ տեսնել 69 երթուղու մեկից ավելի մեքենա:
Սակայն նկատենք, որ թիվ 69 երթուղու մեքենաները ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, վերջնականգառ են կատարում նշված վայրում՝ գրավելով ողջ կանգառը: Միակ փոփոխությունը, որն արձանագրեց «Առավոտի» ֆոտոխցիկը, այն էր, որ նշված հատվածը վերածվել է նաեւ թիվ 55 երթուղու մեքենաների վերջնականգառի: Իսկ ուղեւորները, առաջվա պես, ստիպված են կանգնել փողոցի մեջտեղում: