Քաղաքապետարանն էլ դժգոհողներին հորդորում է դիմել դատարան
Կառավարությունը տարիներ առաջ վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման մասին որոշում ընդունեց, ըստ որի՝ այդ շենքերում տարբեր կարգավիճակով բնակվողներին համապատասխան փոխհատուցում պետք է տրվի: Այդ որոշումը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել եւ «հարակից» նորանոր որոշումներ են ընդունվել: Ճիշտ է, որոշ բնակիչների փոխհատուցում տրվել է, սակայն «Առավոտին» դիմած մի քանի բնակիչներ պնդում են, որ քաղաքապետարանը կառավարության որոշումներն ըստ իր հայեցողության է կիրառել եւ ում՝ ինչպես ցանկացել, այնպես էլ փոխհատուցել է: Սիսակյան 22 վթարային շենքի նախկին բնակիչ Գայանե Զաքարյանին մոտ 2 տարի առաջ Մալաթիա համայնքում նոր 1 սենյականոց բնակարան է հատկացվել: Չնայած դրան, Գայանեի փաստաբանի կարծիքով, նրան պետք է տրվեր ոչ թե 1 սենյականոց, այլ՝ գոնե 2: Նա, չհամակերպվելով քաղաքապետարանի փոխհատուցման հետ, դիմել է դատարան: Չնայած վարչական դատարանը հօգուտ Գայանեի է որոշում կայացրել, ըստ որի՝ նրան պետք է հատկացվի եւս 2 սենյակ, Երեւանի քաղաքապետարանն էլ վարչական դատարանի որոշումն է բողոքարկել: Գայանեի փաստաբան Մերի Խաչատրյանի խոսքերով՝ «Կառավարության 294 որոշման մեջ ասվում է, որ փաստացի բնակվողներին բնակարան պետք է հատկացվի զբաղեցրած սենյակների թվից 1 սենյակ պակաս: Գայանեն 5 անձով զբաղեցրել է 1 սենյակ, բայց այդ որոշման մեջ նաեւ ասվում է՝ նշված անձանց համար հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է՝ միեւնույն սեռի կամ տարբեր սեռերի 2 անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան 9 տարեկանից փոքր է՝ տրվում է 1 սենյականոց բնակարան: 9 տարեկանից մեծ՝ տարբեր սեռերի 2 կամ 3 անձից բաղկացած ընտանիքին տրվում է 2 սենյականոց բնակարան: 4 եւ 5 անձից բաղկացած ընտանիքին՝ 3 սենյականոց բնակարան»: Այսինքն՝ Գայանեի փաստաբանի խոսքերով, եթե անգամ մինուս մեկով հատկացնեին, Գայանեին պետք է գոնե 2 սենյականոց տրվեր. «Այդ որոշման հաստատված կարգի «դ» ենթակետով կառավարությունն անցք է թողնում կոռուպցիայի համար, այսինքն՝ քաղաքապետարանին շանս է տալիս «լեւի» գումարներ աշխատելու»:
Մ. Խաչատրյանի վստահեցմամբ՝ քաղաքապետարանը նրան պարզաբանել է, որ որոշման մեջ գրված «Նշված անձանց» պարբերությունը Գայանեին չի վերաբերում: Ուրեմն, պնդում է փաստաբանը, վճռաբեկ դատարանը թող պարզաբանի, թե ո՞ւմ է վերաբերում «Նշված անձ…» պարբերությունը եւ հստակություն մտցնի: Մ. Խաչատրյանի խոսքերով՝ վճռաբեկ դատարանն արդեն կանխակալ վերաբերմունք է ցույց տվել քաղաքապետարանին, քանի որ նրան 20 օր ժամկետ է տվել, որպեսզի քաղաքապետարանն իր դիմումի մեջ եղած թերությունները շտկի ու նորից ուղարկի դատարան. «Ընդ որում, մեկ ամիս ուշացումով է ուղարկել, դա նշանակում է՝ քաղաքապետարա՛ն, լավ պատրաստվիր: Իսկ շարքային փաստաբանները ուղղակի երազում են, որ վճռաբեկ դատարանը նրանց էլ ժամկետ տա՝ դիմումի թերությունները շտկելու համար: Իմ կարծիքով՝ պարզապես քաղաքապետարանն էլ, վճռաբեկն էլ լավ պատկերացնում են. եթե խնդիրը հօգուտ Գայանեի լուծվի, բազմաթիվ տուժած մարդիկ են դիմելու դատարան: Այդ տուժածները պարզապես քաղաքապետարանին «վրա կտան» ու հում-հում կուտեն, սրանից է վախենում վճռաբեկ դատարանը»:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման, շենքերի, շինությունների եւ ոչ բնակելի տարածքների հաշվառման եւ կառավարման բաժնի պետ Զավեն Հակոբյանը վստահեցրեց, որ Գայանե Զաքարյանի հետ քաղաքապետարանն արդարացի է վարվել. «Գայանեն վիճարկում է դատական կարգով, դատարանն ինչպես կորոշի՝ այնպես էլ կանենք»: Նշենք, որ քաղաքապետարանի պատասխանատուներն էլ են վստահեցնում, որ կառավարության բազմաթիվ որոշումների մեջ իրավաբանները խճճվել են:
Քաղաքապետարանի փոխհատուցումներից դժգոհ են նաեւ մի շարք փախստականներ, որոնք եւս բնակվել են վթարային շենքերում: Էլմիրա Բաբալյանը Շինարարների 14 վթարային շենքում զբաղեցրել է 3 սենյականոց բնակարան, սակայն նրան հատկացվել է 1 սենյականոց: Է. Բաբալյանի խոսքերով՝ կառավարության 682 որոշման համաձայն, իրեն պետք է հատկացվեր զբաղեցրած սենյակների թվով: Այս առնչությամբ, քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցրեց, որ սենյակների թվով փոխհատուցումը փախստականների վրա չի տարածվում:
Նմանօրինակ բողոքով էր մեզ դիմել նաեւ Վալենտինա Զաքարյանը, որը եւս դժգոհում էր, որ 682 որոշմամբ պետք է կրկին 3 սենյակ հատկացվեր, իսկ իրեն քաղաքապետարանը տրամադրում է 1 սենյակ՝ հիմք ընդունելով կառավարության 330 որոշումը, ըստ որի՝ եթե 3 անձով զբաղեցրել են 3 սենյականոց բնակարան, ապա նրանց տրվում է 1 սենյականոց: Վ. Զաքարյանի ներկայացմամբ՝ քաղաքապետարանը ում որքան ուզում՝ այնքան սենյակ է տալիս: Այս առնչությամբ էլ՝ քաղաքապետարանի աշխատակիցը պարզաբանեց, որ վթարային շենքերի վերաբերյալ կառավարության որոշումը նախ ուղարկվել է Միգրացիոն գործակալություն եւ եթե մի բան այն չէր, ապա գործակալությունը թող առարկություն աներ. «Փախստականներն իրենց դժգոհությունները պետք է ներկայացնեն Միգրացիոն գործակալություն, ոչ թե քաղաքապետարան»: Քաղաքապետարանը փոխհատուցումից դժգոհողներին կոչ է անում դիմել դատարան, եթե դատարանը որոշի, որ պետք է ավելի սենյակ հատկացվի, քաղաքապետարանն այդպես էլ կվարվի:
Մեզ հետ զրույցում Վ. Զաքարյանն ասաց. «Դատարանը հօգուտ հասարակ մարդու որոշում չի կայացնի: Ես հույս չունեմ մեր դատարաններից: Պայքարելու եմ այնքան, մինչեւ երկրի նախագահը՝ Սերժ Սարգսյանն անձամբ լսի ինձ: Ապրիլի 24-ին գնալու եմ Ծիծեռնակաբերդ ու նախագահի դեմը կտրեմ, եթե ինձ բանի տեղ չդնեն՝ ինձ կրակի մեջ կգցեմ»: