Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ արտաքին պարտքը կավելանա եւս 43%-ով

Ապրիլ 10,2010 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ 2010-ին մեր երկրի ՀՆԱ-ն կկազմի 1,8 %, իսկ գնաճը՝ 6,2%: Երեկվա ասուլիսում Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան ասաց, որ փետրվարին արված այդ կանխատեսումները հնարավոր է մայիսին վերանայեն եւ ցուցանիշների աճ արձանագրեն. «Հայաստանի տնտեսության այն ճյուղերը, որոնք կապված են համաշխարհային տնտեսության հետ՝ ավելի բուռն թափով կզարգանան, եւ աճը հենց դրանով պայմանավորված կլինի, ի տարբերություն սրա, այն ոլորտները, որոնք այնքան էլ չեն առնչվում համաշխարհային տնտեսության հետ, աճի տեմպերը ցածր կլինեն, խոսքս հատկապես վերաբերում է շինարարության ոլորտին, որը, մեր կարծիքով, չի ապահովի որեւէ աճ»:
Նա անդրադառնալով Հայաստանի պետական պարտքին, ասաց, որ վերջին շրջանում այն աճել է եւ առաջիկայում էլ աճելու է, նվազման միտումներ արժույթի հիմնադրամն ակնկալում է միայն 2012 թվականից: Պարոն Տոլոսայի համոզմամբ, այս տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 43%-ով, իսկ ընդհանուր պարտքը՝ 50%-ով: Կանխատեսումներից բացի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը ընդհանուր առմամբ կառավարության գովքն արեց՝ մասնավորապես ընդգծելով, որ գործադիրը «շատ» արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականություն է որդեգրել. «Ես հավատացած եմ, եթե նման քաղաքականություն չլիներ, ապա տնտեսական անկումը շատ ավելի վատ վիճակում կլիներ»: Պարոն Տոլոսան կառավարության արդյունավետ գործունեությունից հատկապես բարձր գնահատեց՝ նախորդ տարի առանց բյուջեին վնասելու կապիտալ ծախսերի ավելացումը, ինչպես նաեւ սոցիալական նպաստների բարձրացումը. «Ես չեմ ասում, թե մարդիկ չեն տուժում եւ աղքատության մակարդակը բարձրացել է, բայց Հայաստանում, համեմատած այլ երկրների հետ, ավելի մեղմ է»: Իսկ տնտեսագետների այն դժգոհություններին ի պատասխան, թե կառավարության ստանձնած վարկերը ոչ արդյունավետ են օգտագործվել, հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչն ասաց. «Գովասանքի է արժանի, թե ինչպես է կառավարությունը միջազգային աղբյուրների վարկերը ծախսել»: Պարոն Տոլոսան, անդրադառնալով, ՀՀ վարչապետի՝ նախօրեին կատարած հայտարարությանը, թե պետք է փարատենք այն կասկածները, որ հարկերի հավաքագրումը մեծամասամբ ծանրացել է մանր ու միջին բիզնեսի վրա, եւ ավելի խիստ լինենք խոշոր բիզնեսի նկատմամբ, ասաց. «Պետք է տխրությամբ նշեմ, որ հարկային վարչարարության ուղղությամբ ծրագիրը չի տվել հարկերի հավաքագրման ցանկալի արդյունքը, որոշ բարեփոխումներ, որ կառավարությունը պետք է իրագործեր՝ ակնկալածից ավելի ցածր տեմպերով է ընթացել»: Իսկ ըստ «Նոյյան տապանի»՝ նա նաեւ ասել է, թե «Հայաստանի ՀՆԱ-ում հարկերի մասնաբաժինը շատ ցածր է, եւ նույնիսկ ավելի ցածր է, քան աֆրիկյան որոշ պետություններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել