Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՐԴԻՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ

Ապրիլ 10,2010 00:00

Քաղծառայության մրցույթն անցած 3 դիմորդներից մեկը շուտով դառնալու է ֆինանսների նախարարության աշխատակից:

\"\"Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության մակրոտնտեսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի թափուր տեղի համար երեկ Քաղծառայության խորհրդում մրցույթ անցկացվեց: Այդ պաշտոնի համար պայքարող 4 մասնակիցները սկզբում գրավոր թեստային առաջադրանք կատարեցին, որից հետո մրցութային հանձնաժողովի անդամները հարցազրույցի միջոցով պետք է կողմնորոշվեին՝ կո՞ղմ քվեարկել այդ մասնակցին, թե՞ ոչ: Դիմորդներից մեկը՝ Վազգեն Պապյանը, որը չանցավ հարցազրույցի փուլ, թեստի հարցերին այնպես էր պատասխանել, որ, ինչպես նկատեցին հանձնաժողովի անդամները, շատ ցանկության դեպքում անգամ դժվար էր այդքան սխալվել: Պատկերացում կազմելու համար, թե թեստում ինչ կարգի հարցեր էին ընդգրկել՝ ներկայացնենք դրանցից մի քանիսը. ա) Ե՞րբ կարող է ՀՀ նախագահն իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար պատասխանատվության ենթարկվել: բ) Ե՞րբ է ՀՀ նախագահն իր պաշտոնը ստանձնում: գ) Ո՞ւմ առաջարկությամբ է ՀՀ նախագահը նշանակում եւ ազատում գլխավոր դատախազի տեղակալներին եւ այլն: Ընդ որում, հարցաշարն ու դրանց պատասխանները նախապես՝ 1 ամիս առաջ բոլոր մասնակիցներն ունեցել են, այնպես որ, դիմորդները կարող էին հարցերի պատասխանները չիմանալու դեպքում գոնե սովորել դրանք:
Գրավոր թեստի բոլոր հարցերին ճիշտ պատասխանած Թամարա Ասրյանը հարցազրույցի փուլում 5 հարցից 4-ին պատասխանեց: Սակայն հարցաթերթիկի հարցերից մեկը կարդալու ընթացքում ինտերվենցիա բառը թարսի պես կարդաց ինվեստիցիա ու ընկավ թակարդը: Հանձնաժողովի անդամներից մեկը, հասկանալով, որ եթե այս երկու տերմինները աղջիկը խառնում է, ուրեմն երկու բառերի իմաստն էլ չգիտի, փորձեց ճշտել, թե ի՞նչ է ինտերվենցիան, որը այդ բաժնի ապագա գլխավոր մասնագետը պետք է որ իմանար: Թեեւ Թամարան պատասխանեց, որ չգիտի, սակայն ընդհանուր առմամբ նա հանձնաժողովի անդամների վրա լավ տպավորություն թողեց:
Հաջորդ դիմորդի՝ Լալայան Վահագնի բերանից հանձնաժողովի անդամներն աքցանով էին ճիշտ պատասխանը հանում: Կարելի է ասել, որ հարցաթերթիկի 5 հարցերից նա հստակ գիտեր միայն 1-ի պատասխանը: Հանձնաժողովի կազմից ֆինանսների նախարարության ներկայացուցիչը՝ Գրիգոր Այվազյանը, որոշեց հարցաթերթիկից դուրս Վահագնին մի քանի հարց տալ, որպեսզի կողմնորոշվեն՝ դե՞մ քվեարկել, թե՞ կողմ: Ի՞նչ է նշանակում համախմբված բյուջե՝ հարցին Վահագնը պատասխանեց՝ «պետական եւ տեղական բյուջեն է»: Հանձնաժողովը գտավ, որ ոչինչ, տղան համայնքային բյուջեի տեղը տեղական բյուջե է ասում եւ նրա պատասխանը ճիշտ համարեցին: Վահագնի գիտելիքները ստուգող մյուս հարցը, թերեւս, ավելի շատ փաստի առաջ կանգնեցրեց հենց հարց տվողին՝ Գ. Այվազյանին: Կառավարության պահուստային ֆոնդը պետական բյուջեի ծախսերի մակարդակի քանի՞ տոկոսը պետք է կազմի: Այս հարցին, Գ. Այվազյանի կարծիքով, եթե Վահագնը հիմնական օրենքները գոնե կարդացել է՝ պարտավոր է պատասխանել: Թե՛ դիմորդի, թե՛ Գրիգոր Այվազյանի համոզմամբ՝ պատասխանը «10 %» էր, մինչդեռ հանձնաժողովի անդամներից մեկը՝ Գոհար Մանուկյանը, որը Քաղծառայության խորհրդի աշխատակազմից էր, ճշտեց, որ ֆիննախի պաշտոնյան սխալ գիտի, ճիշտ պատասխանն է 5%:
Մյուս մասնակիցը՝ Ռուզան Համբարձումյանը, հարցաթերթիկի բոլոր 5 հարցերին ճիշտ պատասխանեց, սակայն հարցին, թե բյուջեն հաստատելուց, կատարելուց հետո կատարման հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը ե՞րբ է, պատասխանեց՝ հունվարին, մինչդեռ ճիշտ պատասխանն էր՝ «մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը»:
Բացի Վազգենից, որը թեստն էլ չէր հանձնել, մյուս 3 դիմորդները մրցույթում հաղթող ճանաչվեցին, իսկ թե նրանցից ով կդառնա ֆինանսների նախարարության աշխատակից՝ կորոշեն նախարարությունում. կուզեն՝ հարցեր կտան, կուզեն՝ սիմպատիայով, կուզեն՝ ծանոթով: Ինչ վերաբերում է երեկվա մրցույթում մասնակիցների ընտրությանը, երբ փորձեցինք հանձնաժողովի նախագահ Վահան Մամիկոնյանից ճշտել, թե որ դիմորդը ում ծանոթն է, վերջինս վստահեցրեց, որ եթե ուզենան էլ՝ չեն կարող որեւէ դիմորդի օգնել կամ հուշել. «Այստեղ 4 հոգի ենք նստած, իմ ծանոթին ինչո՞ւ պետք է մյուսները կողմ քվեարկեն»: Մեր դիտարկմանը, որ կարող է ձեր ծանոթը պատահաբար մյուս անդամների ծանոթն էլ լինի՝ Վ. Մամիկոնյանը կատակեց. «Այդ դեպքում, եթե չորսս էլ ուզում ենք, որ մեկը անցնի, նա հաստատ կանցնի»:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել