Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 10,2010 00:00

Ելույթ ՀՀ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ (09.04.2010)

Սկսեմ նրանից, որ ես կողմնակից եմ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը:
Այս մեկ նախադասությամբ ավարտվում են իմ դրվատանքի խոսքերն այսօր քննարկվող օրինագծերի վերաբերյալ, որովհետեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ներկայացված տեսքով, իմ կարծիքով նախ՝ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին եւ ՀՀ գործող օրենսդրությանը, եւ երկրորդ՝ առաջարկվող ձեւակերպումները մեկնաբանությունների եւ տարընթերցումների հսկայական տեղ են թողնում, ինչն էլ հզոր զենք է դառնալու իշխանության եւ դատարանների ձեռքին՝ լռեցնելու անցանկալի լրատվամիջոցներին: Եվ ինչքան էլ հեղինակները պնդեն, թե այս օրինագիծը միայն ԶԼՄ-ներին չի վերաբերում եւ նրանց լռեցնելու նպատակ չի հետապնդում, այդ նպատակը հստակորեն երեւում է հենց միայն նրանից, որ ԶԼՄ-ների համար տուգանքները քառապատիկ կամ կրկնակի ավելի են նախատեսված:
Բայց ամեն ինչի մասին հերթով:

Ա) Հակասություն օրինագծի
եւ ՀՀ Սահմանադրության միջեւ

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 1087.1. հոդվածի 2-րդ մասում սահմանել՝ «Սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է (կարծիքը կամ գնահատող դատողությունը (value judgement))»: Իսկ 6-րդ մասում նախատեսվում են սրա համար պատասխանատվության ձեւերը, այդ թվում՝ հերքման հնարավորություն: Ստացվում է, որ դատարանը կարող է մարդուն պատասխանատվության ենթարկել կարծիքի համար, ավելին՝ պահանջել, որ նա հերքի իր կարծիքը: Իսկ սա ուղղակի հակասության մեջ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի հետ: Մեջբերում եմ. «Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»։
Ասածս ավելի հասկանալի դարձնելու համար բերեմ մի օրինակ.
«Հայոց աշխարհ» օրաթերթի 2008 թվականի մարտի 4-ի համարի 4-րդ էջում հրապարակվել է հարցազրույց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Ահա թե ինչ է ասում նա. «ԶԼՄ-ների մասին օրենքը այսպես թե այնպես սահմանում է, որ ստացված սեփական տեղեկատվությունը պետք է ճշտվի պաշտոնական աղբյուրներից եւս»:
ա) Հայաստանում չկա ԶԼՄ-ների մասին օրենք, կա «Զանգվածային լրատվության մասին» օրենք,
բ) այդ օրենքում, եւ ընդհանրապես որեւէ օրենքում, չկա դրույթ, որը սահմանի, թե «սեփական տեղեկատվությունը պետք է ճշտվի պաշտոնական աղբյուրներից եւս»: Նման բան չի կարող լինել ամենատոտալիտար երկրում անգամ, որովհետեւ դա կնշանակեր՝ վերջ ժուռնալիստիկային:
Ես բերել եմ երեք ճիշտ փաստ եւ անում եմ իմ գնահատող դատողությունը.
Կամ արդարադատության նախարարը օրենսդրություն չգիտի, կամ միտումնավոր թյուրիմացության մեջ է գցում ընթերցողին: Երկրորդ դեպքում նա ամենասովորական ստախոս է:
Ինչպես տեսնում եք, ես երկու արտահայտություն արեցի, որոնք կարող են որակվել վիրավորական: Սակայն, կրկնեմ ու երրորդեմ, այդ գնահատող դատողությունները հիմնված են ճիշտ փաստերի վրա: Հիմա ի՞նչ, առաջարկված նախագիծը օրենք դառնալուց հետո, եթե արդարադատության վիրավորված նախարարը դիմի դատարան, վերջինս պիտի պարտադրի, որ ես հերքե՞մ իմ կարծիքը, ներողությո՞ւն խնդրեմ կարծիքս արտահայտելու համար, տուգանվե՞մ… Ո՞րն է տրամաբանությունը:
Կրկնեմ օրինագծի այն ձեւակերպումները, որոնք մարդուն կարծիքից հրաժարվելու եւ կամ այն փոխելու պոտենցիալ վտանգ են պարունակում, հակասում են ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին:

Բ) Հակասություն նախագծի եւ Եվրոպական կոնվենցիայի միջեւ
Այդ դրույթները հակասում են նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» գործով իր որոշման մեջ (իսկ Եվրոպական դատարանի որոշումները Կոնվենցիայի համապատասխան հոդվածների պաշտոնական մեկնաբանություններ են) սահմանել է. «Դատարանի կարծիքով՝ պետք է հստակ տարանջատել փաստերն ու գնահատող դատողությունները: Փաստերի առկայությունը կարող է ապացուցվել այն դեպքում, երբ գնահատող դատողությունների ճշմարտացիությունն անապացուցելի է»: Այնուհետեւ նույն եւ մի քանի այլ գործերով Եվրոպական դատարանը նշել է. «Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ կարծիքների ազատ արտահայտումը տարածվում է ոչ միայն «տեղեկությունների» եւ «գաղափարների» վրա, որոնք բարեհաճությամբ ընդունվում կամ գնահատվում են իբրեւ անվնաս կամ չեզոք, այլեւ նրանց, որոնք ընկալվում են վիրավորական, ցնցող կամ անհանգստություն պատճառող»: Եվ վերջապես. «Թույլատրելի քննադատության սահմանները շատ ավելի լայն են քաղաքական գործիչների վերաբերյալ…»: Քանի որ վերջիններս իրենց կամավոր դրել են հասարակության ուշադրության կենտրոնում:
Այսպիսով՝ վիրավորանքի սահմանման մեջ չտարանջատելով փաստերը կարծիքներից եւ գնահատող դատողություններից՝ նախագիծը հակասության մեջ է Եվրոպական կոնվենցիայի հետ:

Այսպես կոչված՝
զրպարտության մասին*

Ըստ օրինագծի՝ «Զրպարտությունը անձի վերաբերյալ նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող եւ իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալների (statement of fact) հրապարակային արտահայտությունն է»:
Իմ կարծիքով, սա նույնպես անհստակ է եւ տարընթերցումների տեղիք է տալիս. իրականությանը չհամապատասխանող ամեն փաստ չէ, որ զրպարտություն է, եւ ամեն զրպարտություն չէ, որ արատավորում է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը…
Պարզեցնեմ միտքս. մեզանում իրականությանը չհամապատասխանող կարող է որակվել եւ ըստ էության որակվում է ամեն փաստ, որը դուրս է պաշտոնական տեղեկատվության սահմաններից: Մինչդեռ լրատվամիջոցները հաճախ հենց, այսպես կոչված, իրականությանը չհամապատասխանող (իրականում՝ չճշտված) փաստերի հրապարակմամբ են հասնում այն բանին, որ իշխանությունը ներկայացնի իր վարկածը: Ինչպես տեսնում եք, չեմ ասում ճշմարտությունը, այլ իր վարկածը: Որովհետեւ, օրինակ, ոստիկանության տարածած հաղորդագրությունների կեսը, որպեսզի կոպիտ չասեմ, ընդամենը ոստիկանության երեւակայական վարկածներ են. հիշեք մարտի 1-ի մասին հաղորդագրությունները: Կամ՝ արտաշատյան իրադարձությունները, որոնց մասին նախ մամուլը գրեց, հետո միայն եղան պաշտոնական մեկնաբանություններ եւ վարկածներ: Եթե այս օրենքը գործի, ապա մամուլի ցանկացած չճշտված տեղեկատվություն, չհաստատվելով պաշտոնական հաղորդագրությամբ, իբրեւ պոտենցիալ հայց ու տուգանքի սպառնալիք դամոկլյան սրի նման կախվելու է ԶԼՄ-ների գլխին: Մինչդեռ, կրկնում եմ, այդպիսի հրապարակումները կանխորոշում են իշխանության թափանցիկ աշխատանքը:

Գ) Հակասություն նախագծի
եւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի միջեւ
Oրինագծով առաջարկվող «Պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները» հակասության մեջ են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հետ:
Ըստ «ԶԼ մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի՝
«Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա՝
1) ստացվել է լրատվական գործակալությունից.
2) բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից.
3) հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին»:
Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացմամբ «փաստացի տվյալները չեն մեկնաբանվում որպես զրպարտություն. ա) եթե դրանք տեղ են գտել դատական քննության ընթացքում դատական քննության մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում, բ) եթե այն արտահայտելը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակշռող հանրային շահով, եւ եթե անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու դրանց ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը, ինչպես նաեւ հավասարակշռված եւ բարեխիղճ է ներկայացրել այդ տվյալները»:
Ըստ էության ստացվում է, որ ԶԼՄ-ները միայն դատարանում արված արտահայտությունները կարող են մեջբերել՝ չվախենալով զրպարտության կամ վիրավորանքի համար մեղադրվելուց ու տուգանվելուց: Ընդ որում՝ օրինագծի հեղինակները լրատվամիջոցների համար ավելի մեծ տուգանք են նախատեսել, քան արտահայտողի համար:
Այսպես, ըստ օրինագծի՝ զրպարտության դեպքում անձից կարող են պահանջել միանվագ փոխհատուցման վճարում՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 500-ապատիկի չափով, նույնը ԶԼՄ-ով տարածելու դեպքում նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով, եւ զանգվածային լրատվություն իրականացնողից՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով: Վիրավորանքի դեպքում՝ համապատասխանաբար՝ 250-ապատիկ, 500-ապատիկ եւ 1000-ապատիկ:
Ստացվում է, որ մի քաղաքական գործիչ մյուսին կարող է հրապարակավ անվանել «իդիոտ», եւ եթե ԶԼՄ-ները դա հրապարակեն, ապա վիրավորվածը վիրավորողից կպահանջի փոխհատուցել 250 հազար դրամ, իսկ լրատվամիջոցից՝ մեկ միլիոն:
Ո՞ր տրամաբանությամբ:
Փաստորեն այս հոդվածներով նախ՝ լրատվամիջոցներին մղում եք ինքնագրաքննության. նա քաղաքական գործիչների խոսքերը մեջբերելուց առաջ պետք է գրաքննության ենթարկի դրանք: Եվ երկրորդ՝ վտանգի տակ է, օրինակ, հեռուստատեսային ուղիղ եթերը, որովհետեւ որեւէ քաղաքական գործիչ կարող է ուղիղ եթերով մեկ ուրիշին անվանել «Դատարկ դհոլ» (ի դեպ՝ որեւէ մեկը տեսե՞լ է լիքը դհոլ), հետո այս երկրորդը հայց կներկայացնի եւ ասողի, եւ ԶԼՄ-ի դեմ՝ ասողից պահանջելով մինչեւ 500-ապատիկ նվազագույն աշխատավարձ, իսկ հեռուստաընկերությունից՝ 1000-ապատիկ՝ վիրավորանքի դեպքում, եւ եթե նույնը ընկալվի իբրեւ զրպարտություն (մարդը կարող է ասել՝ ես դհոլ չեմ, դուդուկ եմ), ապա անձից կարող են պահանջել միանվագ փոխհատուցման վճարում՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով, եւ զանգվածային լրատվություն իրականացնողից՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով:
Կրկնում եմ՝ ո՞ր տրամաբանությամբ:
Այլեւս ոչ մեկի խոսքը չի՞ կարելի մեջբերել:
Ահա հենց սա է մեզ ստիպում հայտարարել, որ այս օրինագիծը ուղղված է միայն ու միայն լրատվամիջոցների դեմ, որովհետեւ հազիվ թե որեւէ մեկը մյուսին դատի տա միայն փողոցում, թեկուզ հազար մարդու ներկայությամբ, իրեն «իդիոտ» անվանելու համար:

Առաջարկներ
Որպեսզի օրինագիծը հասարակության մեջ չընկալվի իբրեւ սուր ծայրով լրատվամիջոցների դեմ ուղղված, առաջարկում ենք.
1. Այն կետերը, որոնցով առանձին փոխհատուցում է սահմանվում լրատվական գործունեություն իրականացնողի (իմա՝ լրատվամիջոցի) համար (եւ զրպարտության, եւ վիրավորանքի պարագայում), հանել: Ավելի կոնկրետ հանել՝
«* վիրավորանքը անձի դիտավորության կամ կոպիտ անզգուշության հետեւանքով զանգվածային լրատվության միջոցներով տարածվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 500-ապատիկի չափով»
«* զանգվածային լրատվության միջոցով վիրավորանքի դեպքում զանգվածային լրատվություն իրականացնողի կողմից՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով»:
* զրպարտությունը անձի դիտավորության կամ կոպիտ անզգուշության հետեւանքով զանգվածային լրատվության միջոցներով տարածվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով 
* զանգվածային լրատվության միջոցով զրպարտության դեպքում զանգվածային լրատվություն իրականացնողի կողմից՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով:  
Որովհետեւ՝ հենց միայն «կոպիտ անզգուշության հետեւանքով զանգվածային լրատվության միջոցներով տարածվելու դեպքում» արտահայտությունը կարելի է մեկնաբանել ոնց ուզես՝ օրինակ, անզգուշություն է ունեցել դա ասելու լրագրողի ներկայությամբ, սա էլ տարածել է…
Դրանց փոխարեն տալ հետեւյալ ձեւակերպումը.
Եթե ԶԼՄ-ով տարածված զրպարտության (վիրավորանքի) հեղինակը հայտնի չէ, կամ լրատվամիջոցը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա անձի համար նախատեսված չափով փոխհատուցումը պահանջվում է լրատվական գործունեություն իրականացնողից:
2. ԶԼՄ-ների՝ պատասխանատվությունից ազատվելու դեպքերում նախատեսել «ԶԼ մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, այն է՝
Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա՝
1) ստացվել է լրատվական գործակալությունից.
2) բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից.
3) հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս հղում է կատարվել աղբյուրին:
3. Ձեւակերպել, որ կարծիքի եւ գնահատող դատողության համար չի կարող պատասխանատվություն սահմանվել, եթե դա հիմնված է ստույգ փաստերի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել