Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՄ «ԶԱԳՍ», ԿԱՄ ՀԱԱԳԱ

Ապրիլ 10,2010 00:00

«Վերջիվերջո այս ամեն ինչը վերջանալու է Դեյտոնով, եւ Ձեզ էլ տանելու են Հաագա». այս խոսքերը դեռ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանին կուսակցական հավաքի ժամանակ ասել էր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Երեկ նա դրանք հիշել եւ հիշեցրել է Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով. «Նա այն ժամանակ ծիծաղեց: Հիմա կամաց-կամաց Դեյտոնին մոտենում ենք, Հաագան էլ՝ չգիտեմ»: Ի պատասխան այդ կեսկատակ ակնարկին՝ լրագրողներն էլ փաստել են, որ Սերժ Սարգսյանն օրերս ընդունել էր Հաագայի դատարանի գլխավոր դատախազին: «Հա, այսինքն՝ հանդիպեցին դատախազի հետ: Ասում են՝ ցեղասպանության… Միգուցե: Աստված ոչ անի, իհարկե, ես չէի ցանկանա, բայց որ եկավ, միգուցե հետագա անելիքները դատախազն էլ հասկանա»,- ծիծաղելով վրա է բերել ՆԺԿ նախագահը: Իսկ ավելի լուրջ, ըստ նրա, Վաշինգտոնում սպասվող հանդիպմանը Սերժ Սարգսյանին առաջադրելու են հայ-թուրքական եւ ԼՂ հակամարտության գործընթացների փաթեթային լուծում: Արամ Կարապետյանը, սակայն, չի պատկերացնում, թե այդ ամենն ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը մատուցելու հայ հանրությանը: «Ամեն ինչ ագիտացիայի, պրոպագանդայի վրա է դրված: Դա երեւի գալիս է նրանից, որ Սերժ Սարգսյանը ժամանակին նմանատիպ պաշտոն է ունեցել Լեռնային Ղարաբաղում: Ինչ ասում ես, միշտ ասում են, որ ամեն ինչ լավ կլինի, բնականոն ընթացքի մեջ է: Ես կցանկանայի, որ իրենք մոտավորապես 2006 թվականից Բակիեւի շրջապատի ելույթները կարդային, եւ եթե տեսնեին մի տարբերություն… նույն բանն են ասում: Բակիեւի եղբայրն ասում էր նույն բանը, ինչ որ Գալուստ Սահակյանն է այստեղ ասում: Բայց ագիտացիայով եւ պրոպագանդայով այս անգամ դժվար հարց լուծվի»,- ասել է Արամ Կարապետյանը: Փակուղուց նա երկու ելք է տեսնում. «Կամ պետք է համաձայնվենք, եւ դա շատ լուրջ խժդժություններ կմտցնի Հայաստանի ներքին կյանքում, կամ չենք համաձայնվելու, եւ դա մեծացնելու է պատերազմի հավանականությունը»: Նա բացառել է «թատերականացված» պատերազմի հավանականությունը եւ փաստել, որ այդ պարագայում ՆԱՏՕ-ն միանշանակ կհաստատվի տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել