Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մնաս բարով, Հաագա

Ապրիլ 10,2010 00:00

Ո՛չ Հայոց ցեղասպանության, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի հարցը Հաագայի դատարան չեն հասնի

Երեւանում գտնվելու օրերին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի՝ FIDH-ի նախագահ Սուեր Բելհասենը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի համաձայնագրին Հայաստանի միանալու անհրաժեշտության մասին: Այդպիսի հայտարարություն տիկին Բելհասենը արել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա մատուցմամբ, Սերժ Սարգսյանը հիշյալ հարցի առնչությամբ իրեն ասել է, թե՝ «ՀՀ Սահմանադրությունը դեռ պատրաստ չէ, որ Հայաստանը միանա Հռոմի համաձայնագրին», եւ հավելել է, որ նորմերի փոփոխություն է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ՀՀ նախագահի հետ հանդիպել էր նաեւ Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն: «Առավոտի» տեղեկություններով, գլխավոր դատախազն էլ էր Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու հարց բարձրացրել, բայց թե Սերժ Սարգսյանը նրան ինչ է պատասխանել՝ հայտնի չէ: Փոխարենը նա այդ համատեքստում հիշեցրել է մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի՝ Հայոց ցեղասպանության մասին:
Նկատենք, որ Հաագայի դատարանի գլխավոր դատախազը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու մասին խոսել է ոչ միայն վերջին շրջանում Հայոց ցեղասպանության դատապարտման, այլեւ ընդդիմության կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ընդդիմության ձեւակերպմամբ՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար միջազգային քրեական դատարանին հանձնելու մասին արվող հայտարարությունների ֆոնի վրա:
Հատկապես այդ վերջին հնարավորությունը ընդդիմությունը՝ ռեալ, իսկ իշխանությունն ու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը անհեթեթություն են համարում՝ վկայակոչելով հենց այն, որ Հայաստանը Հռոմի համաձայնագրի անդամ չէ: Մենք փորձեցինք մի կողմ թողնել այս հարցի շուրջ ընդդիմություն-իշխանություն հեռակա բանավեճն ու ապաքաղաքական, նեղ՝ միջազգային իրավունքի մասնագետներից պարզել՝ ի վերջո, Հայաստանը կարո՞ղ է, չլինելով Հռոմի ստատուտի անդամ, նման հայցով հանդես գալ, կամ ՀՀ գործող Սահմանադրության այդ ո՞ր դրույթն է, որ ՀՀ նախագահի ասելով, թույլ չի տալիս միանալ Հռոմի համաձայնագրին, ու հնարավո՞ր է, որ դա գործող Սահմանադրությունն էլի մի անգամ վերանայելու հարց առաջացնի:
Նախ՝ վերջին հարցի առնչությամբ պարզվեց, որ Հայաստանում էլ տարակարծություններ կան: Ոմանք պնդում են, որ նման հակասություններ կան, ոմանք հակառակն են ասում՝ ՀՀ Սահմանադրությունում չկա մի կետ, դրույթ, որը կարող է խոչընդոտ դառնալ Հռոմի համաձայնագրին Հայաստանի միանալու հարցում: Առավել եւս, որեւէ մեկը, նույնիսկ ՀՀ նախագահն իրավասու չէ հայտարարելու՝ Հռոմի համաձայնագիրը համապատասխանո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը, թե՞ ոչ, քանի դեռ ՀՀ ՍԴ-ն այդ հարցը քննարկման առարկա չի դարձրել եւ եզրակացություն չի հրապարակել: Իսկ նման անհրաժեշտություն մինչեւ հիմա երբեւէ չի էլ ծագել, ուստի՝ նման հայտարարությունները սոսկ ենթադրություններ են: Բայց «Առավոտի» զրուցակից երկու մասնագետների ասելով էլ, այստեղ խնդիրն այլ է՝ նպատակահարմարությունը: Ինչո՞ւ Հայաստանը պետք է միանա մի համաձայնագրի, որին չեն միացել մեր հարեւան երկրները, այդ թվում՝ Իրանը, Ադրբեջանը, որի հետ մենք լուրջ խնդիրներ ունենք: Մասնագետները ճիշտ են համարում, եթե Հռոմի ստատուտին միանալու խնդիր անգամ առաջանա, ապա դա պիտի անեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը՝ միաժամանակ, ինչպես եղավ ԵԽ-ին անդամակցելիս, որովհետեւ դրանք հավելյալ պարտավորություններ են, որոնք կարող են ինչ-որ իմաստով հակասել մեր պետական եւ ազգային շահերին: Ընդ որում, ինչպես ասացին մեր զրուցակիցները, Հռոմի ստատուտը աշխարհի որեւէ, այդ թվում՝ եվրոպական երկրի կողմից պարտադիր ստորագրման ենթակա փաստաթուղթ չէ: Ի դեպ, դրան ժամանակին միացել, իսկ ապա համաձայնագրից դուրս է եկել նաեւ ԱՄՆ-ն: Բայց խնդիրն այլ է՝ Հաագայում որեւէ գործով տրիբունալ ստեղծելու համար պետք է դիմեն ոչ թե քաղաքացիներ, այլ պետությունը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության կամ Ռոբերտ Քոչարյանի հարցը Հաագայի միջազգային քրեական դատարանին հանձնելու հեռանկարին, կամ՝ այլ կերպ ասած, ընդդատյա լինելուն, ապա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը այդպիսիք չեն: Հռոմի ստատուտի կանոնադրության հենց առաջին հոդվածում՝ «Դատարան» գլխում, ուղղակի ասված է, որ այն «լիազորված է դատաքննություն իրականացնել այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ամենածանր հանցագործությունների համար, որոնք առաջացնում են միջազգային հանրության մտահոգությունը եւ մատնանշված են ստատուտում, եւ լրացնում է ազգային քրեական արդարադատության համակարգը»: Հայոց ցեղասպանությունը Հաագայի դատարանում չի կարող հայտնվել, որովհետեւ չկան այդ հանցագործության համար պատասխանատու ֆիզիկական անձինք, իսկ Քոչարյանի դեպքում նրա կատարած հանցանքները միջազգային հանրությանը մտահոգության անհրաժեշտ աստիճանին չեն հասցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել