Օրերս Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության հանդիսությունների սրահում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Բենելյուքսի երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը հանդիպեցին Բելգիայի նորաստեղծ հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի կառուցվածքում գործող միությունների, կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ դպրոցների, երիտասարդական, սպորտային կառույցների, կանանց միության պատասխանատուներ, ֆեդերացիայում ստեղծվող գրական, նկարիչների, պարարվեստի բաժանմունքների ղեկավարներ: Ֆեդերացիայի ստեղծման անհրաժեշտության, խնդիրների, ծրագրերի մասին խոսեց ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մինասյանը: Այնուհետեւ Սփյուռքի նախարարը ներկաներին տեղեկացրեց նախարարության մի քանի ծրագրերի, նախարարության եւ Սփյուռքի կապերի, դպրոցական դասագրքերի, մանկական գրականության առաքման, ուսուցիչների վերապատրաստման հնարավորությունների, հայապահպանության մասին: Հանդիպման ընթացքում խոսք գնաց Հայաստանի արտաքին քաղաքականության, Արցախի, Ջավախքի, հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս հարցերին պարզաբանումներ տվեց դեսպան Ավետ Ադոնցը: Հանդիպումը երկուստեք անհրաժեշտ էր ու գործնական: Վերջում հանդիպման մասնակիցները նշեցին Սուրբ Զատկի տոնը: Երեկոյան նույն սրահում կայացավ ջութակի երեկո՝ անվանի ջութակահար Արա Հակոբյանի մասնակցությամբ: