Երեկ «Պոպլավոկ» սրճարանում տեղի ունեցավ Ֆորշի «Երեւանը մենք ենք» ձայնասկավառակի շնորհանդեսը: Երգիչն ասաց, որ իր 5-րդ ձայնասկավառակը կիրակի օրվանից կհայտնվի վաճառակետերում: Այն տպագրվել է Մոսկվայում եւ ունի մի քանի պաշտպանիչ շերտ, ինչը, երգչի խոսքերով, հնարավորություն կտա խուսափել կեղծումներից: Ֆորշը հայտնեց նաեւ, որ չի կասկածում, թե նոր ձայնասկավառակը կգտնի իր սպառողին, ունկնդրին: Ձայնասկավառակում զետեղված են երգեր Երեւանի մասին: Մեր դիտարկմանը, թե երգիչը կրկին փորձել է հավատարիմ մնալ Երեւանին առնչվող թեմային, բանախոսը պատասխանեց.
«Չեմ փորձել, այդպես ստացվում է»: Նշենք, որ 1994թ.-ին, երբ հրատարակվեց Ֆորշի առաջին ձայնասկավառակը, այն բացարձակ նոր շունչ հաղորդեց երեւանյան քաղաքային երաժշտությանը:
Երգչի համար «Երեւանը մենք ենք» ձայնասկավառակի լույս աշխարհ գալը սպասված իրադարձություն է: Նա պատմեց, որ այնտեղ ընդգրկված են սիրելի դարձած երգեր, ինչպիսիք են՝ «Ազատության անունն է սեր», «Երկնային մանանա», «Արմենիա», ինչպես նաեւ նոր ու դեռեւս անհայտ գործեր:
Երգիչը հավելեց, որ ունկնդրի դատին հանձնել է էքսպերիմենտալ գործեր, ինչը, իր համոզմամբ, համարձակ քայլ է: Նման քայլերից է Ֆրանք Սեզարի «Հրեշտակների հացը» ստեղծագործության մի հատվածի կատարումը: Երգիչը նշեց, որ վերջին անգամ այդ հանրահայտ գործը լսել է որպես Պավարոտտիի եւ Սթինգի զուգերգ:
Երգիչը դժվարացավ պատասխանել այն հարցին՝ հնարավո՞ր է վերադառնա ակունքներին ու հանդիսականի դատին հանձնի միայն դասական երաժշտություն, մանավանդ նման կրթություն է ստացել: