Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզումներ, սարեր ու ռեկորդ սահմանելու երազանք

Ապրիլ 09,2010 00:00

\"\"Հայ բոդիբիլդ եւ ըմբիշ Ռոման Մանուկյանը 2009 թվականի «Գագիկ Ծառուկյանի գավաթի» հաղթողն է, «Միստր Հայաստանը»: Զբաղվում է նաեւ եռամարտով եւ պատրաստվում այս տարի աշխարհի ռեկորդ սահմանել՝ պառկած դիրքից հրելով 300 կգ կշռող ծանրաձողը:
Բոդիբիլդինգի եւ ռեսթլինգի, այս մարզաձեւերի մասնագետների մասին հայկական մամուլում քիչ է գրվում: Սա այդ բացը լրացնելու փորձ է:
Մեզ հետ զրույցին, որ կայացավ ապրիլի 7-ից առաջ, Ռոմանն ընկերոջ հետ էր եկել: Պատճառը հայերենի վատ իմացությունն է:
– Մարզասերները քո մասին գրեթե ոչինչ չգիտեն:
– Ծնվել եմ Հայաստանում, սակայն հիմնականում բնակվել Մոսկվայում: Ծառայել եմ հայկական բանակում: Անցած մայիսին եմ զորացրվել: Ներկայումս աշխատում եմ որպես բոդիբիլդինգի եւ ռեսթլինգի մարզիչ: Ամբողջ օրը պարապմունքների մեջ եմ: Եթե ազատ ժամանակ եմ ունենում՝ հանդիպում եմ ընկերներիս, երբեմն զբաղվում եմ ընթերցանությամբ:
– Ինչո՞ւ հենց բոդիբիլդինգն ընտրեցիր:
– Շատ էի սիրում Առնոլդ Շվարցենեգերին՝ ոչ միայն որպես դերասանի, այլեւ՝ մարզիկի: Ուզում էի նրա նման լինել: Կարծես՝ ստացվեց:
– Ի՞նչ նախասիրություններ ունես:
– Զբաղվում եմ նաեւ ալպինիզմով: Սիրում եմ սարսափ եւ մարտաֆիլմեր նայել: Երազում եմ երջանիկ ընտանիք ստեղծելու մասին: Որպես մարզիկ՝ կուզենայի «Միստր Օլիմպիա» ճանաչվել: Չեմ սիրում, երբ անտեղի շատ են խոսում: Կնոջ դավաճանությունը չեմ ների: Դավաճանություն ընդհանրապես չեմ ընդունում:
– Մարզական ի՞նչ ձեռքբերումներ ունես:
– Հայաստանի բազմակի չեմպիոն եմ: Հիմա պատրաստվում եմ մայիսին Վրաստանում կայանալիք «Միստր Կովկասին»: Եթե հաղթեմ, կմեկնեմ Գերմանիա՝ մասնակցելու «Միստր Եվրոպային»: Մեծ հավանականություն կա, որ այս տարի հանդես գամ նաեւ եռամարտի (powerlifting) առաջնությունում:
– «Միստր Հայաստանն» ընկերուհի ունի՞:
– Ոչ: Իսկ եթե ունենամ, պետք է լինի խելացի, համեստ, բարի եւ գեղեցիկ:
– Ի՞նչ կմաղթես հայ կանանց ու աղջիկներին:
– Հույս, հավատ եւ, ամենակարեւորը՝ սեր: Թող սերն անպակաս լինի բոլորի սրտերից:

Հ. Գ. Օրերս տեղեկացանք, որ մեջքի վնասվածքի պատճառով Ռոման Մանուկյանը չի կարող մասնակցել «Միստր Կովկասին», անգամ հնարավոր է նրան չտեսնենք նոյեմբերին «Միստր Հայաստան 2010» բոդիբիլդինգի առաջնությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել