Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԽՈՒԱՆՆ ՈՒ ԵՐԵՎԱՆՅԱՆ «ՏՐՈՒԲԱԴՈՒՐԸ»

Ապրիլ 09,2010 00:00

Հայկական արմատներով տենորը առաջին անգամ կներկայանա հայաստանցի հանդիսատեսին

\"\"
Խուան Տարպինյանը (աջից), բեմադրիչ Մարինա Սարգսյանը եւ դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Աշխարհին հայտնի են օպերային երգիչներ, որոնց արվեստը, հասկանալի պատճառով, խորհրդային տարիներին այդպես էլ հնարավորություն չունեցանք վայելելու: Վերջին շրջանում Ազգային օպերային թատրոնի շնորհիվ ծանոթացանք կանադահայ ճանաչված սոպրանո Ալին Գութանի արվեստին, որը հանդես եկավ Անուշի դերերգով՝ Ա. Տիգրանյանի համանուն օպերայում: Ապրիլի 10-ին էլ, դարձյալ Օպերային թատրոնում կկայանա հայ հանդիսատեսի առաջին ծանոթությունը արգենտինահայ հայտնի տենոր Խուան Տարպինյանի հետ: Վերջինս «Տրուբադուր» օպերային ներկայացման մեջ կկատարի Մանրիկոյի դերերգը (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան):
Հայաստանում «Տրուբադուրն» առաջին անգամ բեմադրվել է 1957թ. (դիրիժոր՝ Ս. Չարեքյան, բեմադրիչ՝ Գ. Մելքումյան), երկրորդ բեմադրությունը 1980-ականների կեսերին իրականացրել է Նորայր Սարգսյանը (դիրիժոր՝ Օհան Դուրյան), իսկ նրա դուստրը՝ Մարինան, 2000թ. վերականգնել է հոր բեմադրածը՝ համեմելով ռեժիսորի սեփական մտահղացումներով:
«Առավոտի» հետ զրույցում Խուան Տարպինյանը նախ հայտնեց, որ ծնվել է Բուենոս Այրեսում, հայի ընտանիքում, ինչի առիթով հպարտ է, հետո էլ հակիրճ ներկայացրեց իր ստեղծագործական դիմանկարը. «Օպերային երգչի կարիերաս սկսել եմ Բուենոս Այրեսում եւ ահա 15 տարի պրոֆեսիոնալ բեմում եմ: Հանդես եմ եկել Ամերիկայի եւ Եվրոպայի օպերային թատրոններում՝ կատարելով տենորի համար գրված առաջնակարգ դերերգեր, այդ թվում՝ Օթելլո՝ Վերդիի «Օթելլոյում», Ռադամես՝ Վերդիի «Աիդայում», Պինկերտոն՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայում», Ալֆրեդ՝ Վերդիի «Տրավիատայում», Կանիո՝ Լեոնկավալլոյի «Պայացներում»…»: Հարցին, թե ինչո՞ւ է հայրենիք այցն այսքան ուշացրել, երգիչն ասաց. «Երեք տարի պահանջվեց գործերս կարգավորելու համար: Ընդ որում, այցելությանս նախաձեռնությունը իմն է: Կուզեմ հանդիպել Սփյուռքի եւ մշակույթի նախարարների հետ եւ համոզված եմ, որ այն փոխշահավետ կլինի»: Հետաքրքրությանն էլ, թե ի՞ր շահը որն է, Խ. Տարպինյանը ժպտալով պատասխանեց. «Գուցե երկրորդ այցս նախնիներիս երկիր՝ լինի որեւէ նախարարության հրավերով: Ընդ որում, երազում եմ երգել Սարո՝ Տիգրանյանի «Անուշում»: Այս օպերան, ցավոք, դիտել եմ միայն DVD-ով»: Ամերիկայի եւ Եվրոպայի տարբեր թատրոնների հետ համագործակցած երգչից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի է մեր օպերային թատրոնի մասին: «Արդեն երկրորդ փորձն է, որին անհամբեր սպասում եմ: Երգչախմբի, նվագախմբի արտիստները առանց որեւէ բացառության պրոֆեսիոնալներ են, եւ ի՜նչ հաճույքով են աշխատում… Դա էլ գրավեց ինձ, քանի որ ինքս էլ առանց հաճույքի ոչինչ անել չեմ կարող: Կոնկրետ՝ «Տրուբադուրը», կարող եմ ասել, հիանալի է բեմադրված: Ներկայացման մեջ ընդգրկված կոլեգաներս՝ Լիլիթ Սողոմոնյանը, Ռոզա Հովսեփյանը, Քրիստինե Սահակյանը, Առնոլդ Քոչարյանը, Հրանտ Պապյանը եւ մյուսները կարող են բեմ բարձրանալ աշխարհի ցանկացած հեղինակավոր թատրոնում: Ի դեպ, աշխարհում հայ օպերային երգիչները մեծ պահանջարկ են վայելում, նրանցով հետաքրքրված են իմպրեսարիոները: Ինքս հստակ կարող եմ զանազանել հայ երգչին օտարից՝ շնորհիվ գեղեցիկ, յուրահատուկ տեմբրի: Գոհունակությունս ուզում եմ հայտնել նաեւ ներկայացման դիրիժորին՝ Հարություն Արզումանյանին, որը գործի նկատմամբ խստապահանջ է եւ թեկուզ հազար անգամ փորձած հատվածին, միեւնույն է, նորից է անդրադառնում»,- ասաց մեր զրուցակիցը: Տեղեկացրեց նաեւ, որ ապրիլի 12-ին էլ մենահամերգով հանդես կգա Երեւանի կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում. «Մենահամերգներիս ժամանակ մշտապես ընդգրկել եմ հայկական հանրահայտ երգեր, որոնց տարիներ շարունակ ծանոթ է նաեւ օտարազգի ունկնդիրը՝ «Կիլիկիան», «Հայաստանը», «Էրեբունի-Երեւանը»: Դրանք հնչել են արգենտինաբնակ երգիչներ Նուրիցա Կասաբյանի, Անդրե Մանուկյանի, Լեւոն Պողոսյանի կատարմամբ, որոնք, ցավոք, արդեն հեռացել են կյանքից: Հետագայում, իհարկե, կուզեմ համագործակցել ժամանակակից հայ կոմպոզիտորների հետ»: Հետաքրքրվեցինք՝ չորս օպերային թատրոն ունեցող Բուենոս Այրեսում կա՞ն հայ երգիչներ: «Չկան, թատրոններից մեկում աշխատում է նախկին հայաստանցի օպերային հիանալի երգչուհի Ալլա Ավետիսյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել